
Մշակույթի տան, մասնավորապես ճեմասրահի և գրադարանի վերանորոգման մրցույթը կայացել է, ընթացքի մեջ է գնահատման գործընթացը։
Մրցույթը շահել է «Աբուլ-23» ՍՊԸ-ն՝ 534 444 լարիով, նախնական գումարը կազմել է 558 390 լարի։ Մրցույթը շահած ընկերությունը գրանցված է Ախալքալաքում։ Այնուամենայնիվ, ընտրության/գնահատման գործընթացը ներկայումս շարունակվում է, ինչը նշանակում է, որ արդյունքները կարող են փոփոխվել, եթե հաղթողը չի համապատասխանում պահանջներին կամ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի:
Ակումբների միավորման առաջին հարկի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 209 950 լարի (ներառյալ ԱԱՀ), իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի գրադարանային միավորման երկրորդ և երրորդ հարկերի վերանորոգման աշխատանքների համար՝ 354 084 լարի (ներառյալ ԱԱՀ): Ակնկալվում է, որ ընկերությունը պետք է սկսի աշխատանքները 2025 թվականի ապրիլի 15-ին և ավարտի դրանք 150 օրացուցային օրվա ընթացքում:
Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ կվերականգնվի առաջին հարկի ճեմասրահը, կփոխվեն պատուհաններն ու դռները, կհղկվեն մանրահատակից հատակները, ինչպես նաև բազալտե ծածկույթը, կվերանորոգվի սանհանգույցը։ Երկրորդ հարկում, որտեղ ներկայումս գտնվում են գրադարանի գրքերը, նախատեսվում է տարածք ազատել և դարձնել որպես փոքրիկ համերգասրահ։ Գրքերը կտեղափոխվեն Գրադարանային միավորման այլ սենյակներ, որոնք նույնպես կվերանորոգվեն։
Դեռ անցած տարվանից հայտնի էր, որ Մշակույթի տունը մասնակի է վերանորոգվելու։ Այս մասին Jnews-ի հետ զրույցում ասել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։
Մշակույթի տունը կառուցումից ի վեր չի վերանորոգվել և գտնվում է անմխիթար վիճակում։ Կոտրված հատակ, հին պատուհաններ, որոնցից քամի է փչում, սառը սենյակներ և միջանցքներ՝ այսպիսին է Մշակույթի տան ներկայիս պատկերը։
Ախալքալաքի միակ մշակութային շենքի՝ Մշակույթի տան ամբողջական վերականգնումը ծրագրվել էր դեռ 2016 թվականին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ մունիցիպալիտետի կողմից ստացված միջոցների հաշվին՝ հողօգտագործման հարկերի տեսքով։ Այդ ժամանակ մունիցիպալիտետին փոխանցվել է 5 966 000 լարի։ Սկզբնապես վերանորոգման համար հատկացվել էր 1 մլն 300 հազար լարի, սակայն վերանորոգումը չէր իրականացվել։
Սակայն հետագայում Ախալքալաքի մունիցիպալիտետի 2017 թվականի բյուջեով Մշակույթի տան վերանորոգման համար հատկացվել էր 480 հազար լարի։ Ինչպես այն ժամանակ պարզաբանել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի գամգեոբան, ի սկզբանե նախատեսված 1 300 000 լարի գումարը կրճատվել էր հարկային եկամուտների ոչ ճիշտ փոխանցման պատճառով։ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների հարկը փոխանցվել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի հաշվեհամարին։ Ախալքալաքի մունիցիպալիտետը ստիպված էր վերադարձնել, ավելի ճիշտ՝ մոտ 860 հազար լարի փոխանցել Նինոծմինդայի մունիցիպալիտետին, ինչի արդյունքում վերահաշվարկ էր կատարվել այն նախագծերի առնչությամբ, որոնց համար հատկացվել էր գրեթե 6 մլն լարի։
Հետագայում բյուջեի փոփոխությունների արդյունքում Մշակույթի տան վերանորոգման համար հատկացված նույնիսկ այս 480 հազար լարին վերաբաշխվեց այլ կարիքների համար։ Արդյունքում Մշակույթի տան վրա ծախսվել է ընդամենը 190 հազար լարի, որն առանձին հատկացվել էր ջեռուցման համակարգի տեղադրման համար։ Սակայն ջեռուցման համակարգը միշտ չի աշխատում, քանի որ Մշակույթի տան ողջ շենքի ջեռուցումը չափազանց ծախսատար է։