Վրաստանը տարիներ շարունակ ձգտել է եվրաինտեգրման՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ խորացնելով կապերը։ Սակայն վերջին շրջանում ներքաղաքական իրավիճակի սրումից հետո որոշ շրջանակներ ենթադրում են, որ եթե Վրաստանը հեռանա եվրոպական ուղղուց, ապա այդ պրոցեսը ինքնըստինքյան կբերի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու ամրացմանը: Այս և այլ հարցերի շուրջ Jnews-ը զրույց է ունեցել միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։

– Ինչպե՞ս կբնութագրեք Վրաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը՝ ՌԴ-ի և Արևմուտքի միջև։

– Վրաստանի արտաքին քաղաքականությունը ներկայումս բնութագրվում է Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հավասարակշռություն հաստատելու ցանկությամբ։ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո Վրաստանը հրաժարվեց միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին, ինչը արժանացավ Արևմուտքի քննադատությանը և դարձավ արևմտյան առաջատար պետությունների հետ հարաբերություններում աճող լարվածության հիմնական պատճառներից մեկը։ Միաժամանակ Վրաստանը տնտեսական դիվիդենտներ է քաղում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ավելացման արդյունքում։ Վրաստանի իշխանությունները փորձում են խուսանավել Արևմուտքի հետ կապերի ամրապնդման և Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերություններ պահպանելու միջև, մասնավորապես՝ առևտրի ոլորտում, համարելով, որ մոտ ապագայում, Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետ մեկտեղ, Արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության աստիճանը կնվազի։ Սա պրագմատիկ մոտեցում է, սակայն հասարակության մեջ կան բավականին շատ քաղաքացիներ, ովքեր չեն կիսում այս դիրքորոշումը՝ համարելով, որ Վրաստանը հեռանում է եվրատլանտյան օրակարգից։

– Վրաստանը հրաժարվեց ԵՄ-ին միանալու ռազմավարությունից, արդյո՞ք այդ ֆոնին ՌԴ-ի հետ «հաշտվելու» հեռանկարներ են երևում և կա՞ ռուսական ազդեցությունը մեծացնելու վտանգ Վրաստանում:

– Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ անդամակցության ռազմավարությունից ժամանակավոր հրաժարվելը չի կարող հիմք ստեղծել Ռուսաստանի հետ «մերձեցման» համար՝ հաշվի առնելով մի շարք էական հանգամանքներ։ Նախ, Վրաստանում հասարակական կարծիքը շարունակում է մնալ հիմնականում արևմտամետ: Տարբեր աղբյուրների համաձայն՝ բնակչության մոտ 80-90%-ը կողմ է ԵՄ-ին ինտեգրմանը և դեմ է ռուսական ազդեցության ուժեղացմանը։ Երկրորդ՝ օրակարգում է մնում օկուպացված տարածքների հարցը, ինչը նույնպես կխոչընդոտի Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Իմ կարծիքով, չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների աճին, Վրաստանի քաղաքական վերնախավի և հասարակության զգալի մասը կշարունակի դիմակայել Մոսկվայի հետ լիարժեք «հաշտեցմանը», ուստի մոտ ապագայում էական փոփոխություններ չեն լինի։

– Ինչպե՞ս եք գնահատում այն միտքը, որ եթե Վրաստանը հրաժարվեց ԵՄ-ից, ապա անպայման ընտրելու է Ռուսաստանին:

– Ենթադրությունը, որ Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու մերժումն ինքնաբերաբար կհանգեցնի ընտրության՝ հօգուտ Ռուսաստանի, քաղաքական գործընթացների պարզեցված ներկայացում է և հիմնականում ներկայացնում է ներքաղաքական իրավիճակը՝ ընդդիմության և իշխանությունների առճակատման համատեքստում։ Վրաստանը շարունակելու է ձգտել բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը՝ զարգացնելով հարաբերությունները համաշխարհային և տարածաշրջանային առաջատար պետությունների հետ։ Այնուամենայնիվ, հասարակության մեջ արևմտամետ տրամադրությունները և Ռուսաստանի հետ պատմական լարվածությունն անհավանական են դարձնում հստակ շրջադարձ դեպի Մոսկվա՝ առանց քաղաքացիների կարծիքը և ներքաղաքական ռիսկերը հաշվի առնելու։

– Վրաստանի արտաքին քաղաքականության ընտրությունը միայն երկկողմ հարաբերությունների խնդիր չէ, այն նաև անդրադառնում է տարածաշրջանային կայունության վրա, հետևաբար, ինչպե՞ս կարող է ազդել Վրաստանի քաղաքական դիրքորոշումը և նրա եվրոպական ինտեգրման տեմպը Հայաստանի եվրաինտեգրման դինամիկայի վրա։

–  Վրաստանը Հայաստանի համար կարևոր տարանցիկ պետություն է, որը կապում է ՀՀ-ն եվրոպական երկրների հետ։ Եթե Թբիլիսին նվազեցնի ԵՄ-ի հետ համագործակցությունը, դա կբարդացնի Հայաստանի մուտքը եվրոպական շուկաներ և նախաձեռնություններ։ Ավելին, Վրաստանի արևմտամետ կուրսի թուլացումը կարող է փոխել ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը, ինչը Հայաստանից կպահանջի վերանայել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը՝ ԵՄ-ի և տարածաշրջանի երկրների նկատմամբ։

– Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն և ռազմավարություն պետք է որդեգրի Հայաստանը՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար։

– Հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանը պետք է ձգտի պրագմատիկ և հավասարակշռված արտաքին քաղաքականության։ Կարևոր է ամրապնդել կապերը տարբեր խաղացողների հետ, ինչպիսիք են՝ Վրաստանը, ԵՄ-ն, Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Ծոցի երկրները՝ տնտեսական և քաղաքական հնարավորությունների ընդլայնման համատեքստում: Ի դեպ, Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ՀՀ համար՝ եվրոպական շուկաներ մուտք ստանալու համատեքստում։ Բացի այդ, անհրաժեշտ է հասնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց փոխզիջումների հիման վրա, այլ ոչ թե Երևանի միակողմանի զիջումների։ Ճկուն և բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը Հայաստանին թույլ կտա արդյունավետորեն պաշտպանել իր ազգային շահերը փոփոխվող միջազգային միջավայրում։

Որո՞նք են տարածաշրջանային համատեքստում Վրաստանին սպասվող մարտահրավերներն ու  հնարավորությունները։

– Տարածաշրջանային համատեքստում Վրաստանը շարունակում է դիմակայել մի շարք մարտահրավերների։ Մի կողմից, Ռուսաստանի հետ լարված քաղաքական հարաբերությունները և չլուծված տարածքային հակամարտություններն անվտանգության ռիսկեր են ստեղծում։ Մյուս կողմից, Վրաստանի ռազմավարական դիրքը հնարավորություններ է ընձեռում Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ միջանցքների զարգացման համար, ինչը կարող է ամրապնդել Վրաստանի տնտեսական դիրքերը։

Այս ներուժն իրացնելու համար անհրաժեշտ է կայուն հարաբերություններ պահպանել հարևանների և միջազգային գործընկերների հետ, ինչը համապատասխանում է Վրաստանի պրագմատիկ արտաքին քաղաքականության հայեցակարգին։ Սակայն, եթե աշխարհի առաջատար տերությունների միջև լարվածությունը շարունակվի, նույնիսկ պրագմատիզմն այլևս չի կարող օգնել: Ուստի, Վրաստանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված են Ուկրաինայի հակամարտության շուտափույթ լուծմամբ և համաշխարհային ասպարեզում լարվածության նվազմամբ։

Կարդացեք նաև՝