Բողոքի ցույցերը Թբիլիսիում շարունակվում են, վերջին օրերին համեմատաբար ավելի քիչ ինտենսիվություն է նկատվում, քան բողոքի առաջին օրերին, ինչից տպավորություն է ստեղծվում, որ բողոքի ակցիաներն աստիճանաբար մարում են։ Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ուր է շարժվում բողոքի ալիքը Վրաստանում:

Վրաստանում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց երկրի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականի վերջը դադարեցնելու մասին։ Բողոքի ցույցերը սկսվել են Կոբախիձեի հայտարարության օրը՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ին և շարունակվում են արդեն 21 օրն է։ Ցուցարարները դժգոհություն են հայտնում կառավարության որոշման առնչությամբ և պահանջում եվրաինտեգրման կուրսի վերսկսում, ինչպես նաև նոր ընտրություններ։ Բողոքի ցույցեր են ընթանում Թբիլիսիում և այլ քաղաքներում՝ Բաթումիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Գորիում և այլ քաղաքներում։

«Մարդիկ շատ-շատ են: Ամեն օր երթեր են լինում, դրանք սկսում են ցերեկը, և մեծ թվով մարդիկ այնտեղ են մինչև ուշ երեկո: Այլ հարց է, թե ուր կուղղվի դա, որովհետև այս էներգիան դեռ չունի որևէ ուղղություն: Քաղաքական կուսակցությունները, ընդհանրապես, ոչ մի դեր չեն խաղում: Կոբախիձեն ու մյուսները փորձում են դա ներկայացնել այնպես, կարծես այնտեղ կուսակցությունները մոբիլիզացրել են ընդամենը 500 հոգու»,- ասում է Ռոնդելի հիմնադրամի քաղաքագետ Գիորգի Բադրիձեն։

Թբիլիսիում հիմնական իրադարձությունները կենտրոնացած են Շոթա Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ։ Բողոքի ցույցերին միանում են հասարակության տարբեր խմբեր, այդ թվում՝ համալսարանական համայնքը, արևմտյան երկրներում կրթություն ստացած քաղաքացիները, սպասարկման ոլորտից և այլն։ Արձանագրվել են բողոքի ակցիայի մասնակիցների բերման ենթարկումներ և ոստիկանության կողմից ուժի կիրառում։ Թեև վերջին օրերին նման դեպքերն ավելի քիչ են եղել։ Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին հայտնել է կալանավորների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի և նրանցից մի քանիսի մարմնական վնասվածքների առկայության դեպքերի մասին։

Չնայած այն հանգամանքին, որ Կոբախիձեն ասել է, որ «մենք հաղթեցինք՝ ևս մեկ անգամ կանխելով Մայդանը Վրաստանում», բողոքի ցույցերը շարունակվում են, և իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ցուցարարները նույնն են պահանջում կառավարությունից՝ վերանայել եվրաինտեգրումը կասեցնելու որոշումը և վերսկսել ԵՄ-ի հետ բանակցությունները, երբեմն էլ՝ վերընտրություններ։ Միջազգային հանրությունն ուշի-ուշով հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Սակայն բողոքի ալիքի ինքնաբուխության և տարերայնության պատճառով, փորձագետի կարծիքով, այն կարող է չտալ ցուցարարների կողմից ակնկալվող արդյունքները։

«Սովորաբար, դա քաղաքական կուսակցությունների գործն է: Նրանք կարծես թե այս փուլում չեզոք դեր են խաղում: Չեմ կարող ասել, թե ինչու։ Սակայն, եթե քաղաքական կուսակցությունները չեն փորձում ակտիվորեն ուղղորդել այդ գործընթացները ինչ-որ կերպ, ապա պետք է լինեն հասարակական կազմակերպիչներ, կամ այլք… Առայժմ ամեն ինչ տարերային ընթացք ունի, մի կողմից՝ դա օգտակար է, բայց մյուս կողմից՝ բացասական ազդեցություն է ունենում։ Օրինակ, ահա այս ռեպրեսիվ ապարատը, որը որսում է ակտիվիստների, փորձում է ահաբեկել մարդկանց, բանտարկել և այլն: Մի կողմից կազմակերպիչներ չեն կարողանում գտնել, քանի որ կազմակերպիչներ չկան։ Բայց մյուս կողմից էլ էֆեկտն ավելի քիչ է լինում, երբ չկա կազմակերպվածություն։ Կա նման վտանգ, որ բողոքի ցույցերը կգնան դեպի «ոչ»»,- ասում է Գիորգի Բադրիձեն: