նորություններ 14 Փետրվարի, 2025 • Պետական գնումների գործակալության «սև» և «սպիտակ» ցուցակները

Փետրվարի 11-ի դրությամբ Պետական գնումների գործակալության հրապարակած 2025 թվականի «սև ցուցակում» ընդգրկվել է 55 ընկերություն և անհատ ձեռնարկատեր։ «Սպիտակ» ցուցակում կա 16 ընկերություն։ Բոլոր ընկերությունների դեպքում «սև ցուցակում» գրանցվելու պատճառը պետական գնումների պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն է։

Ըստ procurement.gov.ge պետական գնումների գործակալության կայքի, «սև ցուցակում» ընդգրկվել է 55 ընկերություն՝ բաց բաժնետիրական ընկերություններ, գործընկերություններ և անհատ ձեռնարկատերեր։ Նրանք բոլորը կամ չեն կատարել իրենց պարտականությունները, կամ ոչ պատշաճ են կատարել, անցյալ տարի շահած մրցույթներում։

«Սև ցուցակում» հայտնված ընկերություններից մեկը «Black Sea» ընկերությունն է, որը տարբեր տարիներին մասնակցել է Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհաշինական աշխատանքների մրցույթներին։

«Սև ցուցակում» ընդգրկված ընկերությունները չեն կարողանա մասնակցել հաջորդ տարվա նոր մրցույթներին, իսկ այն ընկերությունների դեպքում, որոնք տարբեր ամսաթվերում մի քանի անգամ գրանցվել են «սև ցուցակում», հետհաշվարկը կսկսվի ամենավերջին ամսաթվից։

Ըստ նույն կայքի, «սպիտակ ցուցակում» ընդգրկվել է 16 ընկերություն։ Դրանց թվում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։

«Սպիտակ ցուցակը» պարունակում է տեղեկատվություն պետական գնումներին մասնակցող որակավորված մատակարարների մասին, որոնք համապատասխանում են «սպիտակ ցուցակում» գրանցման համար կանոնադրությամբ սահմանված չափանիշներին։ «Սպիտակ ցուցակում» գրանցված որակավորված մատակարարը պետական գնումներին մասնակցելիս կիրառում է ենթաօրենսդրական նորմատիվ ակտով նախատեսված պարզեցված ընթացակարգեր։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների մեծ մասն իրականացնում է «ՋավախԱվտո Գզա» ընկերությունը։ Այն ընդգրկվել է «սպիտակ ցուցակում», չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը հաճախ անհամաձայնություններ է ունեցել տեղական իշխանությունների և Ճանապարհային վարչության հետ, ինչպես, օրինակ, Ջավախեթյան փողոցի երկար ձգվող ասֆալտապատման կամ Աղմաշենեբելի փողոցի վտանգավոր հատվածի դեպքում։

Նշենք նաեւ, որ մունիցիպալիտետի բնակիչները դժգոհություն էին հայտնել 2024թ-ին փոսային վերանորոգման վերաբերյալ։ Նախ՝ մրցույթը տեղի էր ունեցել միայն երրորդ փորձից, 2024 թվականի հունիսի սկզբին, ինչը նշանակում է, որ մինչ այդ վարորդները ստիպված էին իրենց մեքենան վարել հսկայական փոսերի միջով։ Երկրորդը՝ 2024 թվականի ամռանն աշխատանքները դադարեցվել էին։ Jnews-ն այս հարցին անդրադարձել էր 2024 թվականի հոկտեմբերին, այդ ժամանակ քաղաքապետարանից մեզ ասել էին, որ «աշխատանքները կվերսկսվեն մի քանի օրից»։ Հայտնի չէ, թե մունիցիպալիտետում մինչև վերջ կատարվել է փոսային նորոգումը, սակայն հաստատ հայտնի է, որ ճանապարհային գծանշումները չեն կատարվել։ Քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչությունից այդ ժամանակ հաղորդել էին, որ գծանշումները կկատարվեն 2025 թվականի գարնանը։

Վերատպման կանոն