2022 թվականին, Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի բնակչությունը որոշել էր «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կառուցել մարզասրահ, գյուղում բնակվող երիտասարդների առօրյան ավելի օգտակար, հետաքրքրիր և արդյունավետ դարձնելու համար։

Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի բնակիչները որոշել են, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղին տրամադրած 16 000 լարին պետք է օգտագործեն գյուղում մարզասրահ կառուցելու վրա։ Մարզասրահի համար նախատեսել են հին դպրոցի շենքից մի հատված, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ Հատակը, տանիքը վերականգնելու և այդ հատվածը վերանորոգելու արդյունքում Օրջա գյուղի բնակչությունն արդեն նոր մարզասրահ ունի։

orja shenq

Գումարը մարզասրահ կառուցելու վրա ծախսելու գաղափարին համաձայն են եղել բոլորը, քանի որ երիտասարդների սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպով ապրելու թեման ակտուալ է եղել և մտահոգել է բոլորին։ Մեզ հետ զրույցում Օրջա գյուղի բնակիչ Խոջոյան Արմենակը պատմեց, թե ինչպես են որոշել հենց մարզասրահ կառուցել։

«Գյուղում կան շատ երիտասարդներ, բայց նրանց համար չկար զբաղմունք, որոշեցինք կառուցել մարզասրահ, որպեսզի երիտասարդները զբաղվեն սպորտով։ Ներկայիս դրությամբ մարզասրահը մասամբ է գործում», – պատմում է Արմենակը։

Նա նաև նշեց, որ չնայած նրան, որ մարզիչներ չկան և մարզասրահն էլ մասամբ է գործում, միևնույն է, արդեն իսկ նկատելի է երիտասարդների շրջանում զբաղվածության աստիճանի փոփոխություն։

Օրջա գյուղի գյուղապետ Արևյան Ռոբերտը ևս խոսեց մարզասրահի կառուցման, աշխատանքների և բարդություների մասին։

«Ներկայիս դրությամբ երիտասարդները հավաքվում են այստեղ, հավաքում են սրահը։ Հիմա հատուկ ծածկույթով պետք է փակեն հատակը։ Կա իմ կողմից նշանակված մարդ, ով հետևում է աշխատանքներին։ Մյուս շաբաթվանից արդեն վերջնականապես կբացվենք։ Սրահը կառուցել ենք գյուղի աջակցության գումարով, 2022 թվականին ստացել ենք 16 000 լարի, 2023 թվականին մունիցիպալիտետը օգնել է մոտ 38 000 լարիով, և 2024 թվականին գյուղի աջակցություն համար տրամադրված 16 000 լարիով գնել ենք սպորտային սարքավորումներ», – ասում է գյուղապետը։

Իր խոսքում նա մի քանի անգամ ընդգծեց, որ մարզասրահի կառուցման հիմնական նպատակը դա երիտասարդների առօրյան հետաքրքիր և օգտակար դարձնելն է։

Առկա խնդիրների մասին խոսելուց գյուղապետը շեշտադրումը կատարեց ջեռուցման համակարգի վրա։

«Մարզասրահում կա ջեռուցման խնդիրը։ Ջեռուցման ծախսերը մունիցիպալիտետը չի կարող հոգալ։ Երիտասարդները որոշել են, որ իրենք կփակեն այդ ծախսերը։ Օգտագործելու են էլեկտրոնային վառարան և ամսավճարն էլ իրենք են տալու։ Գազաֆիկացնել չենք կարող, քանի որ դրա համար հարկավոր է առանձին սենյակ, իսկ տարածքը փոքր է», – նշում է Արևյանը։

Նա հավելեց նաև, որ երբ մարզասրահը բացվի, այնտեղ կկարողանան հաճախել 10-11 տարեկանից բարձր պատանիները, երիտասարդները և մեծահասկաները։

Ընդգծենք, որ այս տարի, «Օգնություն գյուղին» ծրագրով տրամադրված գումարով Օրջա գյուղում կառուցելու են փոքրիկ կենտրոն՝ արդեն մեծահասակների համար։ Հիմնական նպատակն է, որ այդտեղ կարողանան հավաքվել մեծահասակները։

Երիտասարդների զբաղվածության աստիճանը Ջավախքում բավականին ցածր է։ Նրանք, ովքեր չեն սովորում, չունեն մշտական աշխատանք, չեն կարողանում  իրենց ժամանակը տրամադրել օգտակար զբաղմունքներին,  այդ իսկ պատճառով Ջավախքի շրջանի գյուղերում տարբեր ծրագրերի արդյունքում, բնակչության ցանկությամբ կառուցում են տարբեր կենտրոններ։

Կարդացեք նաև՝