Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում այս տարի կսկսվեն դպրոցի նոր շենքի շինարարական աշխատանքները, որը հանձնվելու է մինչև 2026 թ.-ի ավարտը: Հանրակրթական դպրոցի նոր շենքը լինելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, նախատեսված 180 աշակերտի համար:
Ներկա դրությամբ Սուլդայի հանրային դպրոցում սովորում է 122 աշակերտ: Սուլդա գյուղի դպրոցը երկու մասնաշենք ունի. մեկը նախկին գյուղխորհրդի շենքն է, մյուսը 1980 թվականին կառուցված գյուղի մսի ֆաբրիկայի շենքը: Դպրոցը չունի մարզադահլիճ, ոչ մի լաբորատորիա: Թեթև վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են վիրջին 20-25 տարիների ընթացքում, էական դրական փոփոխություն չեն արել դպրոցի համար: Հանրակրթարանի ղեկավարությունը դեռ շատ տարիներ առաջ սկսել էր ահազանգել նոր շենքի շինարարության անհրաժեշտության մասին: Նոր շենքի կառուցումը խոստացել էին դեռ 2022 թվականին կառավարության դպրոցների վերանորոգման և շինարարության լայնամասշտաբ նախագծի շրջանակներում, որը իրականացվելու էր երեք տարիների ընթացքում:
Այս մասին կարդալ ավելին.
- Սուլդայում կկառուցվի նոր դպրոց
- Վարչապետը խոստանում է՝ մինչեւ տարեվերջ 800 դպրոց կնորոգվի
- «Սուլդայի դպրոցում հնարավոր չէ դաս անցկացնել»
- Նախկին գյուղխորհրդի շենքը, որպես դպրոց է ծառայում
Սուլդայի դպրոցի նոր շենքի կառուցման տենդեր-մրցույթը արդեն կայացել է: Ընդհանուր աշխատանքների տևողությունը՝ 25 ամիս պետք է լինի: Նախագծային փաստաթղթերի պատրաստման համար տրված է 6 ամիս: 1 ամիս՝ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստանալու համար: Շինարարական աշխատանքները տևելու են 18 ամիս:
Ինչպես տեղեկացանք շինարարությունը իրականացնող ընկերությունից, շենքը հանձնելու են մինչև 2026 թ.-ի ավարտը:
«Սպասում ենք թույտվություն, որ կարողանանք սկսել շինարարությունը: Եղանակային պայմաններից ելնելով, շինարարական աշխատանքներ իրականացնելը ներկա պահին անհնարին է: Մարտ ամսից կսկսենք շինարարությունը», — Jnews-ի հետ հեռախոսային զրույցում ասաց ՍՊԸ «Էմ Սի գրուպի» ընկերության ներկայացուցիչը։
ՍՊԸ «Էմ Սի գրուպի»-ն հաղթել է մրցույթը 4,931,692,00 լարի գումարով: Մրցույթին մասնակցել են ևս երկու ընկերություն. ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն»-ը և ՍՊԸ «Ալյանս բիլդեռս»-ը:
Դպրոցի նոր շենքը կլինի 2 հարկանի, հատակի ընդհանուր մակերեսը՝ 2250 մ2: