Խանդո գյուղի մեծ աղբավայրը, որն ընդամենը կես տարի առաջ էր տեղական իշխանությունների նախաձեռնությամբ վերջապես փակվել` կրկին «վերածնվել է»։ Գյուղացիներն այլ տարբերակ չունենալով օրական տոննաներով հոտած կարտոֆիլ են թափում փակված աղբավայր։

Խանդոյի արհեստական աղբավայրը գյուղացիներն իրենք էին հիմնել 2000-ականների սկզբին։ Տասնամյակներ անց, ի վերջո հնարավոր եղավ այն մաքրել ու փակել, սակայն դա կարճ տևեց։ 2024 թվականի աշնանը եղանակային բարդ պայմանների պատճառով գյուղացին չհասցրեց ժամանակին բերքը հավաքել, ինչի հետևանքով կարտոֆիլի բերքի 40-50 տոկոսը սառավ և փչացած կարտոֆիլը նորից հայտնվեց մաքրված աղբավայրում։

axbavayr Xando

«Ստիպված մարդիկ նորից այդտեղ են լցնում,  տարբերակ չկա այլ վայր տեղափոխելու այդքանը։ 100-ավոր տոննաներով մարդիկ թափում են՝ ոչ ֆերմերը հնարավորություն ունի, ոչ էլ մունիցիպալիտետը։ Հատուկ ինչ որ տեղ չկա հատկացված, որ մարդիկ տանեն, ստիպված են», – ասաց Խանդո գյուղի գյուղապետ Աշոտ Սահարյանը։

Գյուղացիների խոսքերով, իրենք հսկայական վնաս են կրել։ Ճիշտ է, տարին բերքառատ էր, բայց ցրտահարությունների պատճառով բերքը սառավ։

axb xando3

«Բերքի 50-60 տոկոսը թափեցինք։ 4-ից 5 000 տոննա երևի արդեն փչացած կարտոֆիլ է թափվել աղբավայր, 21 թվականին էլ այսպես եղավ, մարդիկ մասսայական թափում էին կարտոֆիլը։ Կան մարդիկ, որ սեփական լուծում են գտել, հոր են փորել ու լցրել, բայց դա լուծում չէ, քանի որ հարյուրավոր տոննաների մեջ դա աննշան է։ Հիմա հոտ կա, բայց սարսափելի չէ, տաքությունները որ ընկնի այդ ժամանակ արդեն տրակտորով կհարթեցնենք ու հող կլցենք, սպասում ենք վերջացնեն, որ միանգամից փակենք», – իր խոսքում նշեց Խանդո գյուղի գյուղապետ Աշոտ Սահարյանը։

xando axbavayr1

Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ տեղյակ են ստեղծված իրավիճակին և հույս ունեն, որ գյուղացիները կարտոֆիլից բացի, այլ աղբ չեն թափի։

«Մեր մունիցիպալիտետում մեծ աղբավայրերից էր Խանդոյի աղբավայրը, որն անցած տարի վերացավ, բայց հիմա  գյուղացիները նորից նույն տեղում կարտոֆիլ են լցնում։ Խանդո գյուղում և մուտքին աղբամանները տեղադրված են, այսինքն՝ գյուղը բավարար քանակի աղբամաններ ունի։ Իսկ մեծ աղբավայրում հիմնականում կարտոֆիլ են լցնում, որը մեծ խնդիր չէ։ Դուք ինձանից լավ գիտեք մունիցիպալիտետում ինչ է կատարվում, կարտոֆիլը սառել է», – ասաց Քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը:

xado axb2

Հոտած, փտած, փչացած կարտոֆիլը մեթան է արտանետում շրջակա միջավայր, այսինքն՝ ֆերմենտացիա է տեղի ունենում։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ կոմպոստացում կատարվի։

Մեթանը (CH4) հզոր ջերմոցային գազ է, որը էական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա:

Մեթանը գետնի մակարդակում օզոնի (O3) առաջացման նախադրյալն է: Երբ մեթանը արտանետվում է մթնոլորտ, այն փոխազդում է այլ աղտոտիչների հետ արևի լույսի առկայության դեպքում՝ առաջացնելով օզոն: Ցամաքային օզոնը վնասակար օդի աղտոտիչ է, որը կարող է առաջացնել շնչառական խնդիրներ, սրտանոթային խնդիրներ և այլ առողջական խնդիրներ:

Կարդացեք նաև՝