
Այսօր՝ հունվարի 19-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ Սուրբ և Անմահ պատարագի վեհափառ հայրապետի կողմից «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրվեց Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բարերար Ռուբեն Բանդիկյանը։
Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի կոնդակը կարդաց Հոգեշնորհ Տ. Նշան Վրդ. Հմայակյանը, որից հետո Վիրահայոց թեմի առաջնորդը հանդիսավորությամբ Ռուբեն Բանդիկյանին հանձնեց «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը։
«Մեծ ուրախություն է ու պատիվ, որ այսօր առիթը ունեմ վեհափառ հայրապետի կողմից շքանշան հանձնել Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի եկեղեցու վերանորոգության բարերար Ռուբեն Բանդիկյանին։ Թող Աստված նրան ուժ և կարողություն տա, և որ հետայսու էլ կարողանա Աստվածահաջո գործերով ուրախացնել՝ թե իր գյուղի ժողովրդին, թե իր հարազատներին ու բարեկամներին, և թե ընդհանրապես հայ քրիստոնյաներիս։ Ամեն մի եկեղեցու կառուցում, ամեն մի եկեղեցու վերաբացում նշանակում է, որ մի նոր Աստծո տուն բացվեց մեզ համար։ Իսկ որքան շատ լինի Աստծո տունը այնքան ավելի շատ կհնչեն աղոթքներ, իսկ որքան շատ հնչի աղոթքը, այնքան ավելի շատ կլինի Աստծո ներկայությունը մեր կյանքից ներս», – շնորհավորանքի իր խոսքում ասաց Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։
Ընդգձենք, որ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը հաստատվել է 1978 թվականին՝ Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ հանուն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի՝ գնահատումն բազմամյա բեղմնավոր աշխատանքի, որ կատարվում է Մայր աթոռ Սուրբ էջմիածնի, նվիրապետական աթոռների, Հայաստանում և Սփյուռքում գործող Հայաստանյայց եկեղեցիների և եկեղեցական կազմակերպությունների պայծառացման համար։
Շքանշանը (50 x 40 մմ) պատրաստվում է արծաթից և ոսկեջրվում է։ Կենտրոնում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարն է՝ Արարատ լեռան համապատկերին։ Աջ և ձախ կողմերից երիզված է ոլորված բուսազարդ գոտիով, որի վերին մասում աղավնակերպ և լուսաճառագայթարձակ Սուրբ Հոգին է, իսկ ներքևում՝ գլուխները հետ շրջած 2 արծիվ։ Զարդագոտին ավարտվում է ժապավենով, որի վրա գրված է՝ «Սուրբ Ներսես Շնորհալի»։
Կարդացեք նաև՝