Չնայած որ ոստիկանությունը հայտարարել էր, որ Վաչիանում Քաչոտյանների սպանության գործը բացահայտել է, սակայն վաչիանցիները պահանջում են բացահայտել Քաչոտյանների սպանության իրական շարժառիթները:
Այսօր, առավոտյան Ախալքալաքի ոստիկանության դիմաց էին հավաքվել Վաչիան գյուղի բնակիչները, նրանք ոստիկանությունից պահանջում են շուտափույթ բացահայտել Քաչոտյանների ընտանիքի սպանության գործը: 6 ամիս է անցել, բայց ոչ մի կոնկրետ տեղեկություն չունեն գործի ընթացքի մասին:
«Ի՞նչ է եղել, ինչի՞ համար են մտել տուն և սպանություն կատարել, ում էր դա պետք: Մենք ուզում ենք, որ մինչև վերջ գործը բացահայտվի: Գտան մեկին, բռնեցին հետո լուր եկավ, որ սպանել են: Մենք չենք հավատում, որ ինքը մենակ է գործել, որովհետև դա մի մարդու գործ չի: Այդ տղան ոչ ֆիզիկապես և ոչ էլ հոգեբանական կողմով չէր կարող միայնակ նման բան անել», – ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Ալեքյանը:
Քաչոտյանների ընտանիքի սպանությունից 6 ամիս անց էլ համագյուղացիները մինչ օրս վախով են ապրում: Տղամարդիկ տարակուսած են՝ ինչպես գյուղում թողնեն իրենց ընտանիքի անդամներին ու գնան խոպան (արտագնա աշխատանքի):
«Անընդհատ մեզ ասում են համբերեցեք, սպասեցեք, բայց ինչքան կարելի է համբերել: Ասում են ժամանակ է պետք, որ բացահայտեն, հեշտ գործ չէ, մի խանգարեք մենք աշխատում ենք: Բայց մենք էլ մարդ ենք, ընտանիք, երեխա ունենք, ինչ խղճով թողնենք գնանք խոպան: Շատ հնարավոր է մարդասպանը մեր մեջ այստեղ կանգնած է»,- ասաց Վարդ Գյուլբեկյանը:
Վաչիանցիներին չհաջողվեց հանդիպել Ախալքալաքի ոստիկանապետի հետ: Ինչպես տեղեկացրին ոստիկանության աշխատակիցները, նա տեղում չէր: Սկզբում ոստիկանությունը համաձայնեց հանդիպել միայն Վաչիանի գյուղապետի հետ, սակայն գյուղացիները հրաժարվեցին և պահանջեցին իրենց հետաքրքրող հարցերին պատասխանելու համար ոստիկանական համակարգից որևէ պաշտոնյա իջնի և հանդիպի իրենց, կամ հակառակը բոլորով գնան տվյալ պաշտոնյայի մոտ: Երկար բանակցություններից հետո ի վերջո ոստիկանները համաձայնվեցին, որ հավաքված վաչիանցիները բարձրանան փոխոստիկանապետի մոտ, բայց առանց լրագրողների: Որին ի պատասխան գյուղացիները ասացին, որ իրենք ոչինչ չունեն լրագրողնեից թաքցնելու և միայն իրենց ներկայությամբ պետք է հանդիպեն:
Արդյունքում փոխոստիկանապետ Հակոբ Մարաբյանը եկավ և ասաց՝ «Գործը ընթացքի մեջ է: Մենք օրը 24 ժամ աշխատում ենք, որպեսզի ապահովենք բնակչության խաղաղությունը: Մենք հիմա ոչինչ չենք կարող ասել: Կարող եք իջնել Ախալցխա և այնտեղից ճշտել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները»:
Վաչիանցիները հաստատակամ են, նրանք պատրաստվում են դիմել երկրի ամենաբարձր իրավական ատյաններին, միայն թե բացահայտեն սպանության իրական դրդապատճառները:
«Մենք կգնանք մինչև վերջ, այսօր մեր գյուղով ենք եկել, վաղը ամբողջ շրջանում կկանգնենք միայն թե իմանանք, ովքեր և ինչի համար են սպանել: Կարող է վաղը մտնեն մեկ ուրիշ ընտանիք սպանեն, կարող է ծրագիր ունենան: Ով կարող է երաշխավորել մեր անվտանգությունը: Ես դիմում եմ մեր պետությանը, իրավապահ համակարգին, օգնեք բացահայտել ճշմարտությունը: Ամեն մեկը գալիս մի բան ասում է, բայց փաստ չկա, անելանելի դրություն է: Սպանությունից այսքան ժամանակ է անցել, բայց գործի ընթացքի մասին գրեթե ոչինչ չգիտեմ»,- ասաց սպանված Քաչոտյան ընտանիքի հայրը՝ Վաղինակ Քաչոտյանը:
Վերջինս տեսել է սպանության գործով մեղադրյալ Ակոպովի կալանավյրում սպանված լուսանկարը, սակայն չի հավատում, որ իսկապես վերջինս մահացած է:
«Նկարը ես տեսել եմ, բայց չեմ հավատում, մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է մահացած ձևանալ: Ինչ իմանամ ճիշտ մեռած է, թե տարել մի տեղ պահել են: Ինչպես կարող էր հատուկ ռեժիմի տակ պահվող կալանավորը ինքնասպան լինել, ես չգիտեմ: Առանց պատասխանի հարցեր են»,- ասաց Վաղինակ Քաչոտյանը:
Նշենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում մոր և 3 երեխաների սպանության գործով մեղադրյալ Նոդար Ակոպովը օգոստոսի 27-ին Գլդանի կալանավայրում ինքնասպան է եղել:
Հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16 տարեկան Արմինեին, 18՝ Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ:
Հետաքննությունն իրականացվում էր ծանրացնող հանգամանքներում կանխամտածված հանցագործություն կատարելու փաստի վերաբերյալ (Վրաստանի Քրեական օրենսգրքի, 109-րդ հոդվածի, 3-րդ կետի «Ա» – ենթակետ):
Աղունիկ Այվազյան