Սեպտեմբերի 19-ին Ախալցխայում կայացավ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը տարածաշրջանային լրագրողների հետ: jnews.ge-ի հարցին Իվանիշվիլիի պատասխանը մտածելու տեղիք է տալիս. նա Սամցխե-Ջավախքի հայերի ասիմիլացման կողմնակից է, թե դա պարզապես լեզվի սայթաքում էր և նա ուզում էր ասել «ինտեգրում»:

Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ժամանակ Ախալցխայի թատրոնում ներկա էին 10 լրագրողներ: Լրագրողները հնարավորություն ունեին ուղիղ եթերում տալու իրենց հարցերը:

Jnews.ge-ի հարցը հետևյալն էր. «2012 թ.-ին, երբ Դուք Ախալքալաքում էիք, դուք խոստացել էիք, որ կվավերացվի «Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիան», ըստ որի հայոց լեզուն կունենար տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, ինչպես նաև դուք խոսել էիք հայ –վրացական համալսարանի բացման անհրաժեշտության մասին: Ինչպես եք վերաբերվում այդ հարցերին հիմա, և որքանով է առաջնահերթ դրանց իրականացումը»:

Մեր հարցին հաջորդեց Բիձինա Իվանիշվիլիի հետևյալ պատասխանը.

«Ես ողջունում եմ վրաց-հայկական համալսարանի բացումը: Նոր կառավարությունը պետք է հոգ տանի, կատարի ճշգրիտ վերլուծություն, որպեսզի կայացնի որոշում և գտնի համապատասխան ռեսուրսներ: Ես չեմ հիշում, թե ինչ համատեքստում, և ինչպես եմ ասել: Ես հիմա նույնպես այդպես կասեի: Եթե 4 տարվա ընթացքում չեն կարողացել իրականացնել, հիմա պետք է մտածել:
Ինչ վերաբերում է առաջին հարցին՝ լեզվի մասին, այդ շրջանում՝ Ախալքալաքում չկա լեզվական արգելք: Տեղի էթնիկ լեզուները միշտ եղել են առաջնահերթ Ախալքալաքում: Ախալքալաքում չկա հայոց լեզվի սահմանափակում, նման սահմանափակում չկա: Կարծում եմ, որ խնդիրն այլ է, ընդհակառակը, այնտեղ ապրող հայերը չգիտեն վրացերեն: Պետական լեզվի չիմացությունը նրանց համար ստեղծում է մեծ խնդիրներ: Տեղի էթնիկ հայերը չգիտեն պետական լեզուն, չեն կարող ասիմիլացվել և ստանալ պաշտոններ: Այդ հարցում նրանց հարկավոր է մեծ օգնություն: Եվ դրանում նրաց օգնում էին նախկինում, իմ ժամանակ, և հիմա: Մեր պարտականությունն է օգնել նրանց պետական լեզուն սովորելու հարցում»: