Ախալքալաքի մունիցիպալիտետի եւ Ախալքալաք քաղաքի տոնածառը զարդարելու հարցը կրկին դարձել է Սակրեբուլոյի պատգամավորների քննարկման առարկան: Հարցը քննադատության ենթարկվեց Ժողովի պատգամավորների կողմից, բայց այնուամենայնիվ, հետագա քննարկման համար, փոխանցվեց բյուրո:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունը պահանջում է, որ Սակրեբուլոն 14 100 լարի հատկացնի քաղաքին ամանորյա նոր լուսավորություն գնելու համար, որը ներառում է նաև տոնածառի տեղադրման և ապամոնտաժման ծախսը:

Ներկայացնում ենք պահանջվող ծախսերի նախահաշվարկը՝ 2000 լարի տեղադրման և ապամոնտաժման համար, 800 լարի՝ քաղցրավենիքի և նվերների համար, 1500 լարի հրավառության համար, 300 լարի՝ Ձմեռ պապի համար, 500 լարի՝ 2020-ը վահանակը 2021-ով փոխելու համար և 9000 լարի՝ տոնածառի և փողոցների լուսավորման համար:

Նշենք, որ անցյալ տարի տոնածառի, խաղալիքների, լուսավորության և հրավառության համար պահանջվել էր 19 500 լարի: Մանրամասն ծախսերը հետևյալն էին՝ 15 000 լարի տոնածառի գնման ու տոնածառի և քաղաքի փողոցների լուսավորության համար, 4500 լարի` հրավառության համար:

Այս տարի, առանց տոնածառ գնելու պահանջում են 14 100 լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը պարզաբանեց, որ անցյալ տարի իրենք քաղաքի համար ամանորյա նոր լուսավորություն ձեռք չեն բերել, իսկ պահանջվող գումարի հարցով նա ասում է.

«Ես չգիտեմ շատ է, թե քիչ: Անցյալ տարի մենք ոչ մի նոր լուսավորություն չենք գնել, այս տարի պետք է նորերը կախել, եթե գումար հատկացնեն, նորերը կգնենք, եթե ոչ՝ հները կկախենք: Մենք ուզում ենք կախել գիշերօթիկ դպրոցի տարածքում և որոշ մասն էլ զինվորական ավանում: Անցյալ տարվա տոնածառի խաղալիքների մի մասը մնացել է, մյուս մասը՝ կոտրվել: Այս ամենը ընդունել է քաղաքապետարանի պահեստի աշխատակիցը եւ տեղադրել դրանք պահեստում »:

Նշենք, որ ամանորյա միջոցառումների համար միջոցներն ամեն տարի հատկացվում են տարվա ընթացքում խնայված գումարներից: Այս ծախսերը տարեկան ընդհանուր բյուջեում երբևէ չեն ընդգրկվել: