Ազավրեթ գյուղի աշակերտները կհաճախեն Բուռնաշեթ գյուղի դպրոց, քանի դեռ իրենց դպրոցի հիմնանորոգումը չի ավարտվել, սակայն երեխաների տեղափոխման հարցը դեռ լուծված չէ:

Ազավրեթի դպրոցի 5-րդ դասարանից բարձր աշակերտներին, դպրոցում կատարվող վերանորոգման պատճառով, Վրաստանի կրթության նախարարությունը, որպես բացառություն, թույլատրել է հեռավար դասեր անցկացնել: Իսկ 1-ից 4 դասարանների աշակերտները, որոնք ընդհանուր առմամբ 40 հոգի են, երկրորդ հերթափոխով դպրոց են հաճախելու Բուռնաշեթ գյուղում:

Սակայն Ազավրեթ գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքերով, երեխաների տեղափոխման հարցը դեռ լուծված չէ: Մինչ այժմ Հայաստան ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները, տնօրենի խնդրանքով, երեխաներին տանում էին հարեւան գյուղ: Սակայն այժմ նրանք հրաժարվում են երեխաներին տեղափոխել, մինչև հայտնի չլինեն պայմանները:

«Վարորդները ցանկանում են իմանալ, թե պետությունն ինչքան է վճարելու նրանց, եկամտաբեր է, թե ոչ, նրանք իմ խնդրանքով սեպտեմբերի 15-ից երեխաներին տանում են օրը մի քանի անգամ: Այսօր վարորդներն արդեն հրաժարվեցին, և ասում են, որ քանի դեռ հարցը չի լուծվել, իրենք պայմանագիր չեն կնքել, եթե պայմաններն իրենց համար անընդունելի լինեն, կդադարեցնեն փոխադրումը», – ասում է Ազավրեթ գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:

Նրա խոսքով, ինքը սեպտեմբերի 15-ին դիմում է ներկայացրել քաղաքապետարան իրենց տրանսպորտով ապահովելու համար, բայց հարցը դեռևս կարգավորված չէ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովը JNEWS-ին ասաց, որ իրենք նույն օրը դիմում են ուղարկել կրթության նախարարություն և սպասում են պատասխանի:

«Նրանք հետաձգում են պատասխանը, և քանի դեռ պատասխան չենք ստացել, մենք ոչինչ չենք կարող անել: Նրանք պետք է համաձայնվեն և ավելացնեն ֆինանսավորումը Ազավրեթ գյուղի դպրոցի համար: Մենք նույնիսկ նահանգապետին ենք խնդրել զբաղվել այս խնդրով, բայց դեռ պատասխան չենք ստացել», – մեկնաբանեց նա:

Ստելմաշովի խոսքերով, այս ծրագիրը ոչ թե մունիցիպալ է, այլ Կրթության նախարարարությանն է պատկանում, եւ նրանք դրա համար տեղական բյուջեից գումար հատկացնել չեն կարող:

Ազավրեթից մինչև Բուռնաշեթ գյուղ, որտեղ պետք է երեխաները տեղափոխվեն, հեռավորությունը 2100 մ է: Ըստ նորմատիվների, 1 կմ-ի համար վճարվում է 2,50 լարի: Ազավրեթ գյուղի դպրոցն ունի 168 աշակերտ:

Նման իրավիճակում, բացի Ազավրեթ գյուղից, հայտնվել են նաև Կոկիա, Մուրջախեթ և Զակ գյուղերի աշակերտները: Այս դպրոցներում վերանորոգման աշխատանքները սկսվել են վերջերս: