Ախալքալաքի մունիցիպալիտետում կրկին չեն կարողանում օգտվել պետական ծրագրի շրջանակներում սուբսիդավորված դեղեր ստանալու արտոնյալ ծրագրից, այս անգամ՝ այլ պատճառով: Այժմ դեղատները պահանջում են կոդ, մարդկանց դեղատոմսը շտկելու համար ուղարկում են բժշկի մոտ, իսկ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի բժիշկները պնդում են, որ իրենք դեղատոմսը գրել են ինչպես հարկն է: Մարդիկ չգիտեն, թե ում դիմեն և ով է մեղավոր:

Քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ կրկին հայտնվել են անելանելի վիճակում: Նրանց կյանքը վտանգված է, քանի որ չեն կարող օգտվել պետական արտոնություններից և ստանալ իրենց հասանելիք դեղերը «Քրոնիկ հիվանդությունների բուժման համար դեղերի տրամադրման» ծրագրի համաձայն: Դեղատանը դեղեր չեն տրամադրում և կոդ են պահանջում, իսկ հիվանդանոցի բժիշկներն ասում են, որ դեղատոմսը դուրս են գրել այնպես, ինչպես հարկն է:

Պետական ծրագրի համաձայն, հիվանդները կարող են արտոնյալ դեղեր ստանալ «PSP», «GEFA», «AVERSI» ցանցի դեղատներից: «GEFA» դեղատները Ախալքալաքում չեն գործում: Ծրագիրը ի սկզբանե չի գործել Ախալքալաքի «PSP» ցանցի դեղատներում, իսկ «AVERSI» ցանցի դեղատները պահանջում են, որ մարդիկ ներկայացնեն կոդ:

Դեղատնից մարդկանց ուղարկում են բժշկի մոտ, բժշիկն էլ` դեղատուն ու այդպես որոշակի շրջապտույտ է առաջանում: Մարդիկ չգիտեն, ում դիմեն իրենց խնդիրը լուծելու համար: Շատերի դեղերն արդեն սպառվել են, իսկ դրանք գնելու հնարավորություն ոչ բոլորն ունեն:

Արտաշես Սիմոնյանը նրանցից մեկն է, ովքեր հայտնվել են նման իրավիճակում:

«Բժիշկը դեղատոմսը գրել է, դեղատանն ասում են. – կոդն ասա, գնացեք, թող գրեն: Ես գնում եմ բժշկի մոտ, նա ասում է, որ «ամեն ինչ գրված է այնպես, ինչպես պահանջվում է»: Դեղատանը շատ կոպիտ են պատասխանում, նույնիսկ չեն բացատրում, թե բանն ինչումն է և ինչ անել: Հիմա ինչ անենք, մեռնենք: Հավանաբար, մենք կհավաքվենք ամբողջ քաղաքով և ցույց կանցկացնենք, որպեսզի նրանք մեզ ուշադրություն դարձնեն: Դեղատունն ուղարկում է բժշկի մոտ, բժիշկը` դեղատուն: Այս դեղերը մեզ հատկացրել է պետությունը, բայց դրանք մեզ չեն տալիս: Եվ որն է պատճառը », – բողոքում է Արտաշես Սիմոնյանը:

Գարիկ Քամալյանը նույնպես չի կարող դեղեր ստանալ:

«Մենք պահանջում ենք այն, ինչ հասանելի է մեզ օրենքով: Մի քանի ամիս առաջ ծրագիրը չէր աշխատում, հետո, վերջապես, կարգավորվեց, իսկ հիմա էլ դեղեր չկան: Դեղատան աշխատակիցն ինձ ասաց, որ իրենց թույլ չեն տվել դեղեր բաժանել », – ասաց Գարիկ Քամալյանը:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի էնդոկրինոլոգ Սոնա Չտչյանը JNEWS- ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք նախարարության հետ արդեն զբաղվում են այս հարցով:

«Մենք գրում ենք դեղատոմսը այնպես, ինչպես պետք է, այլ տարբերակ չկա: Ես չգիտեմ, թե որն է պատճառը, մեր մոտ դեղատոմսը արտացոլվում է նորմալ: Մենք դեղատոմսերը գրում ենք առցանց, այնուհետև ես հաշիվ-ապրանքագիր եմ տպում և տալիս մարդկանց, որպեսզի նրանք անձամբ տեսնեն դեղերի գինն ու քանակը: Այնտեղ ոչ մի կոդ չկա, կա դեղատոմսի կոդը, որը տեսանելի է հաշիվ-ապրանքագրում: Հիմա նախարարությունից սպասում ենք պատասխանի », – ասաց Սոնա Չտչյանը:

Դեղերի տրամադրման էլեկտրոնային պետական ծրագիրը սեպտեմբերի 1-ից թարմացվել է:

«AVERSI» դեղատների ցանցի գլխամասային գրասենյակից JNEWS- ին հայտնեցին, որ ծրագրի էլեկտրոնային տարբերակը թարմացվել է, և եթե ծրագիրը ցույց չի տալիս հիվանդի դեղատոմսը, ապա ինչ-որ բան այն չէ, և այն շտկելու կարիք կա: Մենք չկարողացանք զրուցել Ախալքալաքում գտնվող «AVERSI» դեղատների ցանցի մենեջերի հետ:

Հիշեցնենք, որ այս ծրագրից կարող են օգտվել․

Այն անձինք, ովքեր գրանցված են «Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում» և ընտանիքին շնորհված գնահատման միավորը չի գերազանցում 100 000 բալը։

Թոշակի անցած բնակիչները (կանայք՝ 60 տարեկանից, տղամարդիկ՝ 65 տարեկանից),

Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձի կարգավիճակում գտնվող երեխաները, ինչպես նաև սուր կամ զգալիորեն արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք:

Հիվանդները դեղամիջոցները ձեռք են բերում խորհրդանշական գնով` 1 լարիով: Պարկինսոնի հիվանդություն ունեցող և էպիլեպսիայով տառապող քաղաքացիները դեղեր գնելիս կունենան առնվազն 75% զեղչ։

Ծրագիրն ընդգրկում է հետևյալ հիվանդությունները.

Քրոնիկ սրտանոթային հիվանդություններ, Թոքերի քրոնիկ հիվանդություններ, Շաքարախտ (II տիպ), Վահանաձև գեղձի հիվանդություններ, Պարկինսոնի հիվանդություն, Էպիլեպսիա։

Պետական ծրագրի շահառուներն Ախալքալաքում չեն կարողանում 1 լ-ով դեղորայք ստանալ
Արդեն Ախալքալաքում կարող են 1 լարիով դեղորայք ստանալ