Ախալքալաքի շրջանում այն մարդիկ, ովքեր խրոնիկ հիվանդություններ ունեն և պետական ծրագրով դեղորայքը ստանում են սիմվոլիկ 1 լարիով կանգնած են խնդրի առջև։ Համաճարակի պատճառով արդեն երկու ամիս է դեղատոմսերը տալիս են առցանց, ինչը ներկա պահին չի իրականացնում Ախալքալաքի միակ հոսպիտալը։

Գարիկ Քամալյանը միշտ դեղատոմսով է ստացել դեղորայքը, տեղական բժիշկը միշտ գրել է դեղատոմսը։ Դեղատոմսը տալիս են 3 ամիսը մեկ, հիմա նույն դեղատոմսը հիվանդանոցում պետք է լրացնեն էլեկտրոնային ձևով, որպեսզի շահառուն կարողանա ստանալ դեղամիջոցը։ Գրեթե 3 տարի Քամալյանն օգտվում է այս ծրագրից, 10 տարի է շաքարային դիապետ ունի։

«Վարչապատի հրամանով թոշակառուներս՝ մեր ճնշման և շաքարային դիաբետի դեղորայքը ստանում ենք անվճար, սիմվոլիկ 1 լարի ենք տալիս, արդեն 2 ամիս է օրենքը փոխվել է և դեղատոմսը էլեկտրոնային են ուզում, դեղատունն առանց դեղատոմսի դեղ չի տալիս, գնում ենք հիվանդանոց խաբում հետ են ուղարկում, ասում են՝ մենք փոքր շրջան ենք և մեզ չեն տալիս, և որ այդ ծրագիրը կանգնեցված է», – ասում է պետական ծրագրի արդեն երեք տարի օգտվող Գարիկ Քամալյանը։

Վերջինս նշում է, իր նման շատերն այսօրվա դրությամբ Ախալքալաքում չեն կարողանում օգտվել այս ծրագրից, քանի որ բժիշկները դեղատոմս չեն գրում:

«Շատ մարդիկ կան, որ չեն կարողանում ստանալ դեղատոմս, միայն ես չեմ։ Ես զանգահարել եմ Առողջապահության նախարարության թեժ գիծ, այնտեղից ասացին, որ կարող եմ չգնալ հիվանդանոց և դիմեմ ընտանեկան բժշկին և նա կպատրաստի էլեկտրոնային դեղատոմսը, գնում եմ չեն տալիս, ուր մնաց զանգելով անեն։

Շաքարային դիաբետի դեղորայքը ստացել եմ, որովհետև այդ դեղերը ստացել էին առաջվա ծրագրի հիման վրա, թղթի վրա գրված դեղատոմսով, ճնշման դեղն արդեն մեկ ամիս է գնում եմ, հիմա էլ պետք է գնամ գնեմ, 10 դեղահաբին տալիս եմ 8 լարի, 75 լարի տալիս եմ երեք ամսվա համար, թոշակառուի համար սա մեծ գումար է», – ասում է թոշակառու Գարիկ Քամալյանը։

Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորայանը բացատրում է.

«Խնդիրը մեզանից չի, մենք այդ հարցերի վերաբերյալ դիմել ենք նախարարություն, նրանք մեզ ասացին, որ այսօրվա ընթացքում կփորձեն պորտալը բացել, քանի որ կան տեղեր, որ բաց են, կան՝ փակ են։ Երբ որ բացվեց, մեր բժիշկները կսկսեն աշխատել։ Այսօր օրվա վերջ կսպասեն ծրագրի բացմանը, նախարարությունից մեզ ասացին, որ եթե ինչ-որ ծրագրային թերություն լինի, դիմենք իրենց։ Հույս ունենք, ծրագիրը կբացվի մեզ համար նույնպես, մենք այս մասին բացատրել ենք նաև մեր բոլոր շահառուներին»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Թորոյանը։

Հիշեցնենք, որ ըստ «Քրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներով ապահովման ծրագրի»՝ սրտանոթային, թոքերի, վահանձև գեղձի քրոնիկ հիվանդություն, դիաբետի (ոչ ինսուլինային կախվածության, 2-րդ տեսակ), էպիլեպսիայով և պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց ապահովումը դեղամիջոցներով, ապահովելով ֆինանսական մատչելիություն, պարկինսոնի հիվանդություն ունեցող Վրաստանի քաղաքացիներին և նրանց, ովքեր տառապում են էպիլեպսիայով:

Սույն ծրագրից կարող է օգտվել այն անձը, ով գրանցված է «Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում» և ընտանիքին շնորհված գնահատման միավորը չի գերազանցում 100 000 բալը։

Թոշակի անցած բնակիչները (կանայք՝ 60 տարեկանից, տղամարդիկ՝ 65 տարեկանից), սահմանափակ հնարավորություններ ունեցող անձի կարգավիճակում գտնվող երեխաները, ինչպես նաև սուր կամ զգալիորեն արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք: Հիվանդները դեղամիջոցները ձեռք են բերում խորհրդանշական գնով` 1 լարիով: Պարկինսոնի հիվանդություն ունեցող և էպիլեպսիայով տառապող քաղաքացիները դեղեր գնելիս կունենան առնվազն 75% զեղչ։

Ծրագիրն ընդգրկում է հետևյալ հիվանդությունները.

Քրոնիկ սրտանոթային հիվանդություններ,
Թոքերի քրոնիկ հիվանդություններ,
Շաքարախտ (II տիպ),
Վահանաձև գեղձի հիվանդություններ,
Պարկինսոնի հիվանդություն,
Էպիլեպսիա։