Ախալքալաքի Աղմաշենեբելի N14 շենքի բնակիչներն արդեն 5 տարի է պայքարում են իրենց շենքի բակի ասֆալտապատման համար։ Ամեն անգամ անձրևից հետո ջուրը հավաքվում է շենքի բակում և լցվում նկուղներ։ Խնդիրը կայանում է նրանում, որ շենքի տարածքում կան ցանկապատած տարածքներ, որը խոչընդոտ է հանդիսանում ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը։

Շենքի բնակիչներն անձրևից հետո չեն կարողանում իրենց բնակարաներից դուրս գալ։

«Նղուկն ամբողջությամբ ջրի մեջ է, երեկ գործից տուն եկա չկարողացա տուն մտնել, հարևանի տանն այնքան նստեցի սպասեցի, մինչև մի քիչ ջուրը քաշվեց, այսպիսի բան էլ կլինի, շենքն արդեն քանդվում է»,- ասում է բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը։

Ինչպես բնակիչներն են ասում անձրևից հետո առաջացած «ծովը» նկարահանել են և տեղադրել համացանցում՝ նշելով, որ բոլորին հրավիրում են հանգաստանալու։

Առաջին հարկի բնակիչներից մի քանիսը շենքի դիմացը ցանկապատել են և մինչև այդ ցանկապատները չհեռացվեն ասֆալտապատում չի լինի։ Բնակիչները դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն նրանց պատասխանել են, որ իրենք իրար մեջ պետք է խնդիրը լուծեն։

«Շենքի դիմաց երկու ընտանիք առաջ են եկել, տարածքներ ունեն, բայց ի՞նչ իրավունքով, ես էլ տարածք ունեի, եկան, առանց հարցնելու, ես տանը չէի, քանդեցին ու ամբողջությամբ տարան, եթե այդպես էր ինչու՞ մի քանի հոգուս ցանկապատները քանդեցին, իսկ նրանցը՝ թողեցին։ Թողեցին, որովհետև մեջք ունեն վերևները, մեզ էլ ասացին, որ իրենք չեն ուզում վատամարդ լինել, որ մենք դիմենք դատարան։ 2016 թվականից սկսեցինք դիմումներ ներկայացնել, դիմել ենք նաև իրավաբանի, սակայն նա ասաց, որ շենքի սահմանները հաստատված չեն, և տարածքը պատկանում է քաղաքապետարանին և միայն նրանք կարող են ինչ որ բան անել», – ավելացնում է Աղմաշենեբելի N14 շենքի բնակիչներից մեկը։

Բնակիչները ցանկանում են, որ խնդրին օրինական լուծում տրվի։ Շենքի բակում ոչ միայն քայլելու տեղ չկա, այլ նաև երեխաների համար խաղալու։
Շենքում ապրող մի կին էլ հավելում է, որ ստիպված է ամեն օր իր թոռանը տանել ուրիշ շեքերի բակեր, որպեսզի երեխան խաղա։

«Ես իմ թոռներիս տանում եմ ուրիշ տեղ, որ խաղան, բայց ինչի համար, եթե մեր շենքի բակում կա տարածք, որը կարելի է օգտագործել: Համ երեխաները կխաղան, համ մենք հանգիստ կլինենք, որ մեր աչքի առաջ են»,- ասում է նա։

Ախալքալաքի քաղաքապետարանից գնացել և բնակիչներին ասել են, որպեսզի տարածքն ասֆալտապատվի, պետք է ամբողջությամբ մաքրել շենքի շուրջբոլորը, բոլորը համաձայնվել են, աշխատակիցները գնացել մի քանիսի ցանկապատը քանդել և այդպես էլ գործը կիսատ են թողնել։

Շենքի կտուրը նույնպես խնդիր ունի, փլվում է: Վերջին հարկի բնակարանի նոր վերանորոգումն արդեն փչացել է։ Բնակիչներն ահազանգում են, որ կտուրը նույնպես վերանորոգման կարիք ունի, շենքը հիմքից և կտուրից քանդվում է։

ktur aghmashenebeli 14

Բազմաբնակարան շենքի բնակիչները նշում են, որ ամեն անգամ ընտրություններից առաջ խոստանում են, որ կասֆալտապատեն, սակայն ընտրություններից հետո ոչինչ չի արվում։

Շենքի բակը ցանկապատած բնակիչներից մեկը Jnews-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր հետևյալը.

«Երբ մենք գնեցինք այս բնակարանը, ցանցե ցանկապատ կար: Հետո, երբ ֆինանսները թույլ տվեցին, մենք տեղադրեցինք ավելի կոկիկ ցանկապատ: Հիմա ոմանց իմ ցանկապատը դուր չի գալիս: Չիլաձե Նոդարը ստորագրել է հայտարարությունը երկու վկաների ներկայությամբ: Ցանկապատը հարկավոր է, քանի որ մենք չունենք ավտոտնակի տեղ: Մենք նաև արել ենք ցանկապատը, որովհետև առաջին հարկում ենք, երեխաները վախենում են: Որդիս, վախենում է: Հիմա այնքան գողություն և սպանություն է լինում, ինչ անենք», – ասում է բարձրահարկ շենքի բնակիչը:

Հարցի լուծման ուղիների վերաբերյալ փորձեցինք տեղեկանալ քաղաքապետ Յուրիկ Ունանյանից։

«Մենք ունեինք նախագիծը, շենքի բնակիչներից կեսը համաձայն էր, կեսը չէր ցանկանում, որ կատարվեր ասֆալտապատում, կեսը ցանկապատ է պատել, կեսը ավտոտնակ է դրել, նրանք չեն կարող իմի գալ, որ դիմեն դատարան, որ կարողանան այդ ցանկապատները հանեն։ Շենքն ունի ընդհանուր խորհուրդ, թող որոշեն և դիմեն դատարան, ցանկապատները հեռացնեն և այնուհետև մենք կասֆալտապատենք, ասֆալտապատումից հետո, ով ինչպես ուզում է թող դնի իր ցանկապատը, իրար մեջ որոշելով», – ասում է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Քաղաքապետը հորդորում է բնակիչներին, որ շենքի խորհուրդը հավաքվի և դատարան դիմելու որոշում կայացնի, հակառակ դեպքում իրենք ոչինչ չեն կարող անել։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

«Պատերազմը» ցանկապատների համար կործանում է բարձրահարկ շենքը

«Լճի պատանդներն» Ախալքալաքում

Պատանդ սեփական տանը

Գայանե Ակոջյան