Ձյունն ու անձրևը, մեկ շաբաթից ավելի տևած վատ եղանակը և Կարծախ գյուղի եկեղեցու տանիքի հսկայական ճեղքերը կրկին բարձրացրին Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու անմխիթար վիճակի հարցը:

Անցած գիշեր Jnews-ը տեսանյութ է ստացել իր ընթերցողից՝ Վիտալի Բանգոյանից, որտեղ կան կադրեր Կարծախ գյուղի եկեղեցուց: Կադրերում ջուրը հոսում է եկեղեցու քարե առաստաղի ճեղքերից: Պատերը և սյուները ծածկված են մամուռով, իսկ սրբապատկերները՝ բորբոսով, այստեղ ամեն ինչ ջրի մեջ է:

Փաստ է, որ եկեղեցին երկար ժամանակ է գտնվում է այս վիճակում: Jnews-ը նյութ էր հրապարակել 2017 թվականին՝ Թուրքիայի հետ սահմանակից Կարծախ գյուղի եկեղեցու վիճակի մասին, այդ ժամանակվանից ի վեր վիճակը նույնն է:

Մամուռն ու ջուրը Կարծախի եկեղեցու մշտական հյուրերն են

Այդ ժամանակ էլ իրավիճակը ծայրահեղ էր: Խոնավության պատճառով սյուներն ու պատերը պատված էին մամուռով, խոնավությունից սրբապատկերները «լալիս էին» և ծածկված էին բորբոսով, չնայած դրան, եկեղեցին գործող է, և այստեղ եկեղեցական արարողություններ է կատարվում:

2012 թվականին եկեղեցին վերանորոգվել էր, բայց իրականացված վերակառուցումը նման իրավիճակ է առաջացրել: Խնդիրը եկեղեցու ծածկի մեջ է, ելնելով ժամանակակից չափանիշներից, հին ծածկը փոխարինվել էր նորով, ինչը չէր արդարացրել սպասումները և տանիքից սկսել էր ջուր ներհոսել: Անձրևաջրերը ներսում լճանում են՝ առաջացնելով ահավոր խոնավություն:

Karcax ekexeci

Այն մասին, թե ի՞նչ է պատրաստվում անել Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը, ինչո՞ւ այս հարցը դեռևս լուծում չի ստացել՝ Jnews-ը սպասում է փոխանորդարանից պատասխանի և իրավիճակը կներկայացնի հաջորդ նյութերում:

Հիշեցնենք, որ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Եկեղեցու տանիքը ամբողջությամբ քարե սալիկներով է պատված: Սոցիալիստական կարգերի ժամանակ Կարծախի եկեղեցին անցնում է պետության ձեռքը, 1929-ին եկեղեցին փակում են, իսկ 1933-ին այն վերածում պահեստի: 1992 թվին եկեղեցին խոնարհվում է, և միայն շուրջ 20 տարի անց եկեղեցին վերակառուցվում ու վերաբացվում է: Այսօր այն գործող եկեղեցի է, հիմնադրված XIX դարի 30-ական թվականներին: