Այսօր, փետրվարի 4-ին Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի հանրակրթական դպրոցում նորմալ դաս չի անցկացվել, քանի որ դասասենյակներում ծուխ է եղել, ասում են աշակերտների ծնողները: Դպրոցի տնօրենը պնդում է, որ խնդիրն արդեն լուծված է:

Սուլդայի դպրոցը չունի ջեռուցման համակարգ և ձմռան ընթացքում դասասենյակները ջեռուցվում են փայտե վառարաններով:

Աշակերտների ծնողները բողոքում են, որ կրթարանում բացիթողի վիճակ է, տարիներով ոչինչ չի արվում: Մեկ տասնյակից ավելի ծնողներ այսօր բողոքով եկել էին Ախալքալաք, որպեսզի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն երեխաների կրթական տարրական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Նրանց ընդունեց Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

«Մենք եկել ենք բարձրաձայնելու մեր դպրոցի խնդիրների մասին: Առաջին հերթին մեր դպրոցը չունի նորմալ վառարան, նորմալ չեն տաքացնում վառարանները, մուխը լցվում է դպրոց, դասարաններում հնարավոր չի լինում դաս անցկացնել, անուշադիր վիճակ է: Զուգարանից բռնած, մնացածով վերջացրած: Տնօրենն ասում է, որ հնարավորություն չունի որևէ բան անելու»,- ասում է երկու աշակերտի ծնող Գևորգ Խաչատրյանը:

Ծնողները նշում են՝ 12 տարի է դպրոցն ավարտել ենք, բայց դրանից հետո մեր գյուղի դպրոցում բան չի փոխվել, նույն ծխնելույզներն են, նույն վիճակը:

Մեկ այլ ծնող էլ բարձրաձայնում է, որ դպրոց են մտնում և աշակերտներին խանգարում՝ տարիներ առաջ դպրոցն ավարտած երիտասարդները:

«5-10 տարի առաջ դպրոցն ավարտած երիտասարդները թրաշները երեսներին մտնում են դպրոց, դասասենյակներում ծխում, ասում են՝ հարմար է, տաք է: Իսկ իմ աղջիկ երեխան մի անկյունում կուչ է գալիս, հետո էլ աշակերտներին վախեցնում են, որ տնօրինությանը չասեն: Նախ օտար մարդն ի՞նչ իրավունք ունի դպրոց մտնել, ուր մնաց դասարանում ծխել: Ես Բոզալի գյուղից եմ, իմ երկու երեխաները գալիս են Սուլդայի դպրոց, աղջիկս ինձ զանգել է, ասում է՝ պապա, արի ինձ տուն տար: Հարցնում եմ ինչի, ինչ է եղել, ասւոմ է՝ մուխը լցվել է»,- ասում է Գևորգը:

lusankar

Սուլդա գյուղից Գևորգ Սեյրանյանը հավելում է. «Եթե առաստաղը մի աշակերտի գլխին ընկնի ո՞վ է պատասխան տալու: Ամոթ է, ավարտական դասարանի աշակերտը գնում է զուգարան, այնքան մեծ են զուգարանի ծակերը, որ ամեն ինչ երևում է, միթե անհնար է մի փայտ մեխել»:

Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը սուլդացիներին տեղեկացրեց, որ այս տարի 125 000 լարի է հատկացվել Սուլդա գյուղի դպրոցի համար, և տնօրենի որոշմամբ այդ գումարը կծախսվի 4 դասասենյակի կառուցման ու վերանորոգման աշխատանքների համար:

Նախկին գյուղխորհրդի շենքը, որպես դպրոց է ծառայում

Դպրոցի տնօրեն Էդիկ Թորոյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց. «Մեր դպրոցը երկու կորպուս դաս ենք անցկացնում, մեկի կտուրը 2015-ին, մյուսինը 2017թ.-ին ենք փոխել: Բանն այն է, որ ծխնելույզները լրիվ փակեցին և դասասենյակների պատուհանների ապակիներից դուրս հանեցին: Սա է մեր դպրոցի ամենամեծ խնդիրը, անհրաժեշտ են խողովակներ, որոնք կտուրից բարձր լինեն, որպեսզի ծուխը ներս չքաշի: Ինչպես լուծենք, դպրոցը բյուջե ունի, բայց ես որտեղից գտնեմ այդ խողովակները, որ գետնից մինչև երկհարկանի շենքի կտուրը հանեմ, որը 10 մետր բարձրություն ունի: Դպրոցում պայմանները վատ չեն, միայն քամիների ժամանակ է այդպես, երբ քամին փչում է հարավից: Մի դասարան էր ծուխ լցվել, բայց դա այսօր փոխել ենք, խնդիրը լուծված է»:

Սովետական տարիներին այսօրվա դպրոցը Սուլդայի գյուղխորհրդի և մսի ֆաբրիկայի շենքերն են: Նախկին գյուղխորհրդի շենքը գտնվում է վթարային վիճակում: