Ախալքալաքի ուղղորդիչ հիվանդանոցի բժիշկները միացել են «Ազատություն բժիշկ Վաժային» շարժմանը: Նրանք իրենց բողոքն են արտահայտել 5 րոպե լուռ կանգնելով հիվանդանոցի բակում:

Հիվանդանոցի բժիշկներից մեկը՝ Նաիրա Սրմիկյանը տարածել է այս մասին տեղեկատվություն և լուսանկարներ: «Սպիտակ խալաթների» ակցիան անցկացվում է ամբողջ Վրաստանում՝ ի նշան բողոքի ապօրինի կալանավորված գործընկերոջ՝ Վաժա Գափրինդաշվիլիի:

Նոյեմբերի 15-ին Ցխինվալիի դատարանը կիրառել էր երկու ամսվա նախնական կալանք վրացի բժշկին, որը կալանավորվել էր Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության Ախալգորի շրջանում: Համաձայն առկա տեղեկատվության, Վաժա Գափրինդաշվիլին պատրաստվում էր այցելել հիվանդին այն տարածքում, որը չի վերահսկվում Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից: