Մարտվիլիի կիրճի զարգացման նախագիծը, որն իրականացվել է Վրաստանի պաշտպանված տարածքների գործակալության կողմից, հաղթել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտների կոնվենցիայի շրջանակներում անցկացվող մրցույթում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա «Եվրոպայի խորհրդի լանդշաֆտային ֆորումի» շրջանակներում՝ 2020 թվականին:

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հաղթանակի մասին պաշտոնական ծանուցում է ստացել Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտների կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնիից:

Գործակալության տվյալներով, մրցանակին հավակնել են ԵԽ 47 անդամ պետությունների նախագծեր, որոնք կարևոր դեր են խաղացել լանդշաֆտների վերականգնման գործում և օրինակ ծառայել, թե ինչպես պետք է տեղի ունենա լանդշաֆտները վերականգնումը, կառավարումը և ապահովումը, որ բնակչությունը ներգրավված լինի կառավարման գործընթացում:

Կիրճը գտնվում է Արևմտյան Վրաստանի Մարտվիլի քաղաքի կենտրոնից 5 կմ հեռավորության վրա ու անջատված է Աբաշա գետով: Երկարությունը 2400 մ է, իսկ խորությունը հասնում է 40 մետրի: Զարմանալիորեն գեղեցիկ Մարտվիլիի կիրճը զբոսաշրջիկներին գրավում է հրաշագեղ բնությամբ: Մեծ ու փոքր փրփրադեզ, շառաչող ջրվեժները, որոնք թափվում են ավազահանքի մեջ՝ գոյացնելով ջինջ ջրով լճեր: Կիրճը շրջապատված է յուրօրինակ անտառով, և նրա կտրուկ ժայռերից կախված են երկարաճիտ լիանաներ ու ձարխոտերը:

Կիրճը բաղկացած է երկու մասից՝ վերին և ստորին, որոնք առանձնացված են ծանծաղուտով: Վերին կիրճում նավարկում են նավակները, իսկ ստորինում՝ զբոսնում և լողում են:

Կիրճի տարածքում կան զբոսաշրջային ուղիներ, կամուրջներ, վերականգնված է քարի մեջ փորագրված Դադիանի իշխանական տոհմի պատմական սանդուղքը:

Տուրիզմի զարգացման շնորհիվ, Մարտվիլիում գործում են մի քանի տասնյակ հյուրանոցներ և ռեստորաններ: Մեկ տարվա ընթացքում կիրճ է այցելում մոտ 200 հազար զբոսաշրջիկ:

Վերջին շրջանում Մարտվիլիի կիրճն ավելի ու ավելի է գրավում սուզորդներին (դայվեր): Ամերիկյան հանրահայտ «Scuba Diving» ամսագիրը Մարտվիլիի կիրճն ընդգրկել է Եվրոպայի դայվինգի (ստորջրյա սուզումների տեսակ) համար նախատեսված լավագույն վայրերի շարքում: