Այսօր, հուլիսի 10-ին, Ախալքալաքի քաղաքապետարանն ապամոնտաժել է Ճավճավաձեի №5-ում տեղադրված վիճահարույց նշանը:

Այսօր առավոտյան, ժամը 10:10-ին, Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն ապամոնտաժել է Ճավճավաձեի №5-ում «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանը:

Կատարողական թերթիկի համաձայն՝ Ախալքալաքի շրջանային դատարանի 2019 թ. մայիսի 7-ի որոշմամբ, պետք է ապամոնտաժվեր Ճավճավաձե փողոցի №5-ում «Կայանելն արգելվում է» նշանը:

Ճավճավաձեի փողոցի №5 հասցեում «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանը դարձել էր Ճավճավաձեի փողոցի բնակչի, Ախալքալաքի քաղաքապետարանի և բիզնեսի ներկայացուցիչների միջև վիճաբանության առարկա: Վեճը հասել էր դատարան` բուքմեյքերական գրասենյակի սեփականատեր Միխայիլ Կրմաջյանը, Ախալքալաքի քաղաքապետարանին դատի էր տվել` պնդելով, որ նրա հիմնարկի կողքին արգելող նշանը տեղադրվել է ապօրինի: Դատարանը նշանն ապամոնտաժելու վերաբերյալ հայցը բավարարել է: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 7-ին:

Միխայիլ Կրմաջյանն ապամոնտաժման հետ մեկտեղ, պահանջում էր նաև ապօրինի նշանի պատճառով ստացված բոլոր ծախսերը փոխհատուցել, ներառյալ տույժերը, սակայն հայցի այս մասը բավարարվել է մասամբ, որից հետո հայցվորը բողոքարկել է այդ կետերը: Դատարանը բավարարել էր պահանջը, որպեսզի պատասխանողը, այսինքն՝ Ախալքալաքի քաղաքապետարանը, ամբողջովին փոխհատուցի պետական գանձարան հայց ներկայացնելու գումարը` 100 լարիի չափով, փաստաբանի ծախսերի մասնակի վճարումը՝ 700 լարիի չափով: Ընդհանրապես չէր բավարարվել անթույլատրելի տեղում տրանսպորտային միջոցի կանգառման համար 10 լարի չափով տուգանքի փոխհատուցման մեկ այլ կետը: