Ախալքալաքի հիվանդանոցում այսօր Թբիլիսիից ժամանած ակնաբույժներն առաջին անգամ իրականացրեցին ֆակոէմուլսիֆիկացում, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես լազերային վիրահատություն:

Թբիլիսիի ակնաբույժներն Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում այսօր առավոտվանից իրականացնում են աչքի վիրահատություն, այդ թվում առաջին անգամ լազերային վիրահատություն: Վիրահատությունները կատարում են ակնաբույժ Նիկոլոզ Նիկոլաշվիլին եւ «Մզերա» կլինիկայի տնօրեն, ակնաբույժ Ալեքսանդր Չիչուան:

Ախալքալաքի հիվանդանոցի ակնաբույժ Գալինա Ավագյանի խոսքով, լազերային վիրահատությունները քիչ տրավմատիկ են, շատ լավ արդյունքներով եւ թեթև հետվիրահատական շրջանով: Վիրահատությունը տեւում է 15-ից մինչեւ 20 րոպե:

«Ես իմ հիվանդներին նախկինում ուղարկում էի Ախալցխա, բայց հետո այս բժիշկների նախաձեռնությամբ եւ «Էվեքս» կլինիկայի եւ Ալեքսան Թորոյանի օգնությամբ մենք հասանք նրան, որ վիրահատությունները սկսեցին անցկացնել մեզ մոտ եւ զեղչերով», – ասաց Գալինա Ավագյանը:

Վիրահատությունները թոշակառուների համար անվճար են՝ 70% -ը վճարում է պետությունը, 30% -ը՝ մունիցիպալիտետը, իսկ մնացածները կվճարեն արժեքի 30 % -ը: Ախալքալաքի հիվանդանոցում իրականացվող վիրահատություններն արժեն միջին հաշվով 1380 լարի:

Երեք տարի է Ախալքալաքի հիվանդանոցում ամեն երկու ամիսը մեկ անցկացվում են աչքի վիրահատություններ: Կատարվում են այնպիսի վիրահատություններ, ինչպիսիք են տարբեր տեսակի կատարակտները, գլաուկոման, խալազիոնը, պտերիգիումը եւ այլն: Երեք տարվա ընթացքում Ախալքալաքի հիվանդանոցում իրականացվել է մոտ 100 վիրահատություն:

Այսօր ակնաբույժները իրականացրել են 7 լազերային եւ 10 կարով աչքի վիրահատություններ:

Նրանք, ովքեր ցանկանում են վիրահատվել, պետք է ստուգվեն եւ գրանցվեն Ախալքալաքի հիվանդանոցում: Ըստ Գալինա Ավագյանի, վիրահատվածների մեծ մասը թոշակառուներ են:

Շուշան Շիրինյան