Այսօր, հունիսի 22-ին ժամը 12:00-15:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում: Այն հետո վերափոխվել է անձրևի ու քշել է գյուղի կարտոֆիլի ցանքատարածությունները: Ըստ բնակիչների մոտավոր 80 հա կարտոֆիլի ցանքատարածություն է քշել:

Գյուղի վարելահողերում հիմնականում կարտոֆիլ են մշակվում, բայց ջուրն ամբողջը սրբել-տարել է:

«Մեր գյուղում 3 ժամ անդադար կարկուտ ու անձրև տեղաց, դաշտերը քշեց տարավ, 1 կգ սերմացուն 3 լարիով գնել-ցանել եմ, որ աշնանը բերք ունենամ, բայց ամբողջը քշեց տարավ: Դադեշում մեծամասնությունն իմ նման սերմ էր գնել, քրտնաջան աշխատել, բայց աղետն ամեն ինչ փչացրեց»,- ասաց գյուղի բնակիչներից Անդրանիկ Աբելյանը:

Կարկուտից հետո անձրև է տեղացել և այն շատ արագ հալվելով, խառնվելով անձրևաջրերի հետ, սելավային հոսք է առաջացել, որի հետևանքով նման վնաս են կրել գյուղացիները:

Անդրանիկի խոսքերով, իրենց գյուղում մեծամասնությունը բերքը չի ապահովագրել տարերային աղետներից:

«Չենք ապահովագրել, որովհետև լսել, որ եղել է դեպք, որ չեն փոխհատուցել: Հիմա հույս ունենք, որ մեր տեղական իշխանություններն այս դժվար պահին մենակ չեն թողնի գյուղացուն»,- ասում է նա:

Բերքի ապահովագրությունը Վրաստանում պետական ծրագիր է: Ապահովագրական գումարից պետությունն ապահովագրական ընկերությանը վճարում է 70%, իսկ հողի սեփականատերը՝ 30%-ը: Ախալքալաքի շրջանում բոլոր ընկերությունները բերքն ապահովագրում են կարկուտից, ջրհեղեղից, աշնանային ցրտից և փոթորկից:

Արդեն 5-րդ տարին է Վրաստանում գործում է պետական ագրարային ապահովագրության ծրագիրը, սակայն Ախալքալաքի շրջանում քչերն են օգտվում այս ծրագրից:

Տեսանյութերը Jnews-ին են տրամադրել գյուղի բնակիչները