Նոյեմբերի 22-ին Ախալքալաքում օծվեց նոր եկեղեցու հիմքը, որը կառուցվելու է Ախալքալաքի նախկին հիվանդանոցի տարածքում՝ մարզահամալիրի մոտ: Եկեղեցին կոչվելու է Ամենայն Սրբոց Եկեղեցի:

Օծման կարգը կատարել են Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ-եպիսկոպոս Նիկոլոզը, Ախալցիխեի Տաո-Կլարջեթիի և Լազեթիի միտրոպոլիտ-եպիսկոպոս Թեոդորը: Օծման կարգին ներկա են եղել Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հայ եկեղեցու այլ հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ղեկավարներ ու այլ հյուրեր և հավատացյալներ:

gruzcer1

Եկեղեցու կառուցատեղը տրամադրվել էր 2017 թ-ի նոյեմբերի 22-ին, իսկ այս տարի նոյենբերի 22-ին տեղի ունեցավ հիմքի օծումը:

gruscer

Հավաքվածներին ողջունել է Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ-եպիսկոպոս Նիկոլոզը և ցուցադրել, թե ինչպիսի տեսք կունենա ապագա եկեղեցին:

«Դա կլինի 12 նիստանոց եկեղեցի, այնպիսին, ինչպիսին XX դարում ժամանակակից Թուրքիայի տարածքում է եղել ու այն կոչվում էր Սուրբ Գևորգ եկեղեցի և մենք որոշեցինք կառուցել դրա նմանը, որպիսի վերականգնվի պատմական արդարությունը», – ասաց Միտրոպոլիտ Նիկոլոզը:

gruzcerkov1

Նա նաև պատմել է Ամենայն Սրբոց եկեղեցու կառուցման գաղափարի մասին:
«3 տարի առաջ պատահաբար մեզ մոտ հայտնվեցին Սբ. Գևորգի մասունքները, մեծ ոսկրը, մեկ ամիս մասունքները մեզ մոտ էին և շատ մարդիկ եկան դրանք տեսնելու, ու մենք սկսեցինք հավաքել մասունքներ: Այստեղից ծնվեց բոլոր սրբերին նվիրված տաճար կառուցելու գաղափարը: Մենք դիմեցինք իշխանություններին, որպեսզի տարածք հատկացնեն եկեղեցու կառուցման համար », – ասել է Միտրոպոլիտ Նիկոլոզը:

gruzcer2

Նա շնորհակալություն է հայտնել Հայ Եկեղեցուն աջակցության համար:

Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Վազգեն Միրզախանյանը շնորհավորել և մաղթել է ամենայն բարին բոլորին և Վրաստանին:

«Միտրոպոլիտ Նիկոլոզը շատ հետաքրքիր անձնավորություն է, նա բարի և հիանալի մտադրություն ուներ: Նա ցանկանում է, որ մարդիկ միավորվեն եկեղեցու շուրջ: Նա վաղուց գաղափար ուներ Ախալքալաքում կառուցել եկեղեցի, որտեղ լինեն տարբեր եկեղեցիների Սրբերի մասունքները: Եվ որ տաճարը բոլորի համար լինի՝ հայերի, կաթոլիկների և վրացիների և լինի խաղաղության խորհրդանիշ: Այդ նպատակով նա հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, ով խոստացել է հնարավորության դեպքում Մայր Աթոռից փոխանցել Գրիգոր Լուսավորչի, Սբ. Գայանեի, Սբ. Հռիփսիմեի մասունքները, քանի որ այս սրբերը Վրաց Ուղղափառ կեղեցում տոնելի սրբեր են », – ասել է եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:

gruzcerkov3

Շնորհավորական խոսքով ելույթ են ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Շուշան Շիրինյան