Ախալքալաքի ֆուտբոլի մունիցիպալ առաջնության եզրափակիչ խաղը՝ Մուրջախեթ գյուղի և Ախալքալաքի «Ժումել» թիմերի միջև, ֆուտբոլիստների ծեծկռտուքի պատճառով չի ավարտվում:

Նոյեմբերի 7-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի է ունենում մունիցիպալիտետի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը: Երկու շաբաթ է արդեն առաջնությունն ընթանում է: Եզրափակիչում խաղում են Մուրջախեթ գյուղի և Ախալքալաքի «Ժումել» թիմերը: Խաղի հաշիվ լինում է 2: 1, հօգուտ Մուրջախեթ թիմի: Սակայն երկրորդ խաղակեսի ժամանակ խաղացողների միջև սկսվում է ծեծկռտուք և խաղն ընդհատվում է:

«Ծեծկռտուքը սկսվեց այն պատճառով, որ դաշտում երկու ֆուտբոլիստ բախվեցին միմյանց: Ու երկու թիմերի խաղացողների միջև սկսվեց ծեծկռտուք», – ասաց Սակրեբուլոյի պատգամավոր և խաղացող Կարապետ Պալոյանը:

Ծեծկռտուքին միջամտում են երկրպագուները:

Մուրջախեթ գյուղի լիազոր՝ Սեդրակ Մարգարյանի խոսքերով, քաղաքական համատեքստը բացառվում է, ըստ նրա, ընդհարումը սկսել են Ախալքալաքի թիմի «Ժումելի» խաղացողները:

«Տարբեր թիմերի երկու ֆուտբոլիստ բախվում են, հետո միմյանց ձեռք-ձեռքի տալիս, սակայն հետո նորից կռիվը շարունակվում է: 70 հոգի ծեծում են մեր 15 տղաներին: Մեկի գլուխն է կոտրվել, մյուսը` Բաբաջանյան Սերգեյը, որովայնից ցածր վնասվածք է ստացել: Մնացածներն նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ», – ասում է Սեդրակ Մարգարյանը

Այս միջադեպից հետո ոչ ոք չի դիմել հիվանդանոց: Ինչպես մեզ տեղեկացրեցին Ներքին գործերի նախարարությունից, այս փաստի առնչությամբ հետաքննություն չի սկսվել հանցագործության փաստի բացակայության պատճառով: