Սույն թվականի հունվարի մեկից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Սոցիալական գործակալության տվյալներով Ախալքալաքում 364 երեխայի ծնող է օգտվում ֆիզարձակուրդից: Ով, ինչպես կարող է օգտվել ֆիզարձակուրդից և ինչ է հարկավոր դրա համար:

Սոցիալական ծառայության գործակալությունը տեղեկացնում է, որ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի, ինչպես նաև նորածին որդեգրելու դեպքում ֆիզարձակուրդ մայրը կստանա 730 օրացույցային օր, որտեղից վարձատրվում է 183 օրը: Իսկ, եթե ծննդաբերության ընթացքում բարդություններ են առաջացել կամ զույգ երեխաներ են ծնվել, այս դեպքում վարձատրվում է 200 օրը։

Մայրության նպաստի չափը տարբեր է: Այն կախված է աշխատողի աշխատավարձից և չի կարող գերազանցել 1000 լարին: Այն անձիք, որոնց աշխատավարձը 183 օրում չի գերազանցում 1000 լարին, նրանք համապատասխանաբար չեն ստանա 1000 լարի նպաստ, այլ կստանան ավելի քիչ, թե կոնկրետ ինչքան, կորոշի Գործակալությունը։

Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար ֆիզարձակուրդը, ծնողը կարող է բաժանել ըստ իր հայեցողության՝ հղիության և հետծննդյան շրջաններում։

Եթե երեխայի հայրը հանրային ծառայող է, ապա նա ֆիզարձակուրդ կարող է ստանալ 550 օրացույցային օր, որտեղից վարձատրվում է 90 օրը, սակայն այս դեպքում երեխայի մայր ծնողը, ով նույնպես հանդիսանում է հանրային ծառայող, իրավունք չունի օգտվել ֆիզարձակուրդից։

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր

Նպաստը ստանալու համար ապագա մայրը (կամ վերջինիս լիազորված անձը) իր հաշվառման վայրի Սոցիալական ծառայության գործակալությանը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը:

. Գրավոր դիմում Գործակալության կողմից ֆիզ․ արձակուրդի ընթացքում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար
. Երեխայի որդեգրման դեպքում հիվանդանոցից համապատասխան հաստատող փաստաթուղթ
. Անձը հաստատող փաստաթղթի պատճեն
. Ֆինանսավորման դիմումը երկու օրինակով, որն էլ վավերացված պետք է լինի գործատուի կնիքով, ինչպես նաև հաստատված տնօրենի և հաշվապահի ստորագրությամբ
. Բանկի կողմից տրամադրած դիմորդի անձնական բանկային հաշվեհամար

Փաստաթղթերը սոցիալական ծառայության գործակալություն պետք է ներկայանցի տվյալ հաստատության հաշվապահը։

Այն ծնողները, ովքեր հանրային ծառայող են ֆիզարձակուրդի վարձավճարը կստանան այդ հաստատության բյուջեից, իսկ այն հայր ծնողները, ովքեր հանրային ծառայող չեն, չեն կարող օգտվել ֆիզարձակուրդից։

Գայանե Ակոջյան