XI դարի Ախալքալաքի բերդը տարեց տարի ավելի ու ավելի է քանդվում և ներկա պահին ամրոցը պահպանելու պետական ծրագիր չկա: Գոյություն ունի բերդը փլուզումից փրկելու երկու ուղի. վերականգնել կամ կոնսերվացնել:

Ախալքալաքի բերդը քաղաքի հիմնական տեսարժան վայրն է: Այսօր այն լավ չէ պահպանված ու անտեսված է: 11-րդ դարի մշակութային ժառանգությունը վերածվել է աղբանոցի և զուգարանի: Այս վայրը զբոսաշրջիկներին չի գրավում, քանի որ այստեղ ենթակառուցվածքը զարգացած չէ, և տուրիստական քարտեզում նշված չկա:

Ժամանակ առ ժամանակ Ախալքալաքում արդիական է դառնում XI դարի պատմական հուշարձանի պահպանման անհրաժեշտության հարցը:

Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Նայիրի Իրիցյանը կողմ է բերդի վերականգնմանն ու տարածքի բարեկարգմանը:

«Այս գաղափարը մեզ մոտ հայտնվեց 5-6 տարի առաջ, երբ վերականգնեցին Ռաբաթը: Մենք կարծում ենք, որ դա կգրավի զբոսաշրջիկներին: Ախալքալաքի բերդի տարածքը մեծ է, կա նաև զարգացման հնարավորություն: Սակայն մենք դեռ չենք գտել այն օղակը կառավարությունում, ում կարելի է դիմել կոնկրետ այս առաջարկությունով», – ասում է Նաիրի Իրիցյանը:

jnews-ն անցկացրեց փոքր հարցումը այն մասին, թե ինչ են մտածում Ախալքալաքի բնակիչները բերդի ապագայի մասին: Բերդի պահպանման որ եղանակն են նախընտրում՝ մշակութային ժառանգության վերականգնում, թե պահպանել այն վիճակում, որը հիմա է, այսինքն՝ կոնսերվացնել:

– Կոնսերվացիան նշանակում է մշակութային ժառանգության պահպանում այն վիճակում որում գտնվում է նա ներկայիս դրությամբ:
– Վերականգնում` բերդի վերականգնումն է նախնական տեսքով:

Հարցման ժամանակ շատերը խուսափում էին պատասխանել, սակայն բոլորը նշում էին, որ Ախալքալաքի բերդը պետք է վերականգնել: Մեծամասնությունը ցանկանում է ամրոցը տեսնել որպես մշակութային միջոցառումների վայր:

Ներկայիս Ախալքալաք քաղաքը Ախալքալաքի բերդի տեղում հայտնվել է 1064 թվականին:
Այդ տարիներին Բագրատ IV թագավորը նոր էր հաղթել ընդդիմությանը և երկրում կարգուկանոն հաստատել: Սակայն արդեն 1066-ին գալիս են սելջուկները ու ավերում քաղաքը: Մինչ XV դարը քաղաքի պատմության մասին այնքան էլ տեղեկություն չկա: XVI դարում գալիս են թուրքերը և գրավում Ախալքալաքը ու այն անվանում «Ախիլքելեք»: 1828 թ.-ին քաղաքը գրավում է ռուս գեներալ Պասկևիչը և միացնում Ռուսաստանին: 28 թվականի արյունալի հարձակումը քաղաքի պատմության մեջ ամենանշանավոր իրադարձությունն էր:

Ախալքալաքը վրացերենից թարգմանվում է որպես «նոր քաղաք» (ախալի քալաքի): Հայերն անվանում են Ախալքալաք: Երբեմն այն հայերենով անվանում են Նոր Քաղաք: Ով ու երբ է այդպես անվանել այս քաղաքը, անհայտ է (Տեղեկությունը Վիքիփեդիայից):

jnews.ge-ն հրավիրում է Ձեզ մասնակցելու հարցման, որտեղ դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը, թե ինչպես պահպանել ամրոցը՝ վերականգնումով թե կոնսերվացիայով: Հարցմանը մասնակցելու համար սեղմեք այս հղումը:

Շուշան Շիրինյան