Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի մոտ 40 բնակիչներ փակել են Կարծախ-Ախալքալաք մայրուղին, այդպիսով պահանջելով համապատասխան կառույցներից գտնելու և վերադարձնելու այս գիշերվա ընթացքում գողացված իրենց կովերն ու այլ գույքը:

Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշի երկու գյուղացիների գոմերից գողացվել է 21 կով, 1 ձի, 1 շուն և մի այլ բնակչի ավտոտնակից սարքավորումներ: Առավոտյան բնակիչները գնացել են գողացված անասունների հետքերով ու հասել Թուրքիայի սահման: Չեզոք տարածքում և փշալարի մոտ սահմանապահներից 50 մետր հեռավորության վրա նրանք գտել 1 կով և 5 հորթ:

Առավոտից Դադեշի բնակիչները հավաքվեցին ու որոշեցին, թե ինչ անեն, որպեսզի այլևս նման բան չկրկնվի: Նրանք որոշեցին փակել Կարծախ-Ախալքալաք մայրուղին, այդպիսով պահանջելով ոստիկանությունից գտնել և վերադարձնել անասուններին ու կենդանիներին, իսկ սահմանապահներին՝ լինել ուշադիր և թույլ չտալ, նման գողություններ:

Ժամը 12:00-ից բնակիչները փակեցին ճանապարհը: Կես ժամվա ընթացքում Թուրքիայից ժամանեցին առաջին 3 մեքենաները: Սկզբում գյուղացիները թույլ չէին տալիս բեռնատարներին անցնել, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանների խնդրանքով, և մտածելով որ դա լուծում չէ, բաց թողնեցին այդ մեքենաները: Բեռնատարներն անցան: Չնայած բնակիչները կանգնած են ճանապարհին, սակայն նրանք բաց են թողնում ոչ հաճախ անցնող մեքենաներին:

Ներկայումս 6-7 բնակիչ գնացել են Ախալքալաքի Ոստիկանության բաժանմունք բանակցությունների: Ճանապարհին կանգնած բնակիչները դեռ սպասում են բանակցությունների արդյունքներին որոշելու, թե ինչ անեն:

Դադեշ գյուղի գողության մասին մանրամասն տեղեկությունները, ինչպես նաև այն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սպասեք մեր կայքում: