Ախալքալաքի շուկայում տեղական ապրանքի արժեքը համեմատած անցած տարվան ավելացել է երկու անգամ, իսկ որակը վատացել։

Ախալքալաքում տեղացի առևտրականները իրենց իսկ մշակած բերքն են վաճառում և գնի ավելացման վերաբերյալ մեր հարցերին հետևյալ կերպ են պատասխանում։

«Մենք ենք մշակում, բայց եթե տարին չորային է, ինչ ուզում է անենք, բերքը քիչ կլինի։ Իհարկե որոշ մարդիկ, ովքեր ունեն ջրելու հնարավորություն, ապրանք կունենան, բայց մեծամասնությունը չի կարող ջրել, դրա համար էլ բերքի քանակը քիչ է, եղածն էլ՝ անորակ»,- մեզ հետ զրույցում ասաց Նադիա Ունանյանը։

Այսօր Ախալքալաքի շուկայում մեկ կիլոգրամ կարտոֆիլն արժե 1 լարի, գազարը՝ 1,5 լարի, սխտորը՝ 7 լարի, սոխը՝ 80 թեթրի։ Համեմատած անցյալ տարվա գների, այս տարի դրանք կրկնակի ավելացվել է։

«Միայն մեր տեղական ապրանքը չէ որ թանկ է, հենց վարունգը, լոլիկը և դրսից բերած այլ ապրանքներն էլ են թանկացել։ Անցած տարի 50 թեթրիով լոլիկ էինք առնում, այս տարի լավ որակի լոլիկը 1 լարիից ցածր չիջավ։ Եթե ընդհանուր շուկայական գինը համեմատենք անցած տարվա հետ, ապա կարող եմ ասել, որ ապրանքի արժեքը կրկնապատկվել է, իսկ քանակն ու որակը՝ վատացել»,- մեզ հետ զրույցում ասաց 18 տարվա առևտրական Արևիկը։

Ինչպես միշտ, շուկան իրենից ներկայացնում է վաճառողի և սպառողի շահերի կոնֆլիկտ, առաջինը ձգտում է թանկ վաճառել, իսկ վերջինը՝ էժան ձեռք բերել։ Եվ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում աճեցված մթերքի դեպքում, այդ կոնֆլիկտը սրանում է։

Ջուլիետա Տոնականյան