Վրաստանի Ֆինանսների նախարարությունը կոչ է անում բնակչությանը «չտրվել սպեկուլյացիաներին», հատկապես քաղաքական գործիչների կողմից կապված լարիի փոխարժեքի հետ, լարին կայուն է և ազգային արժույթի արժեզրկման վտանգ չկա:
Վրաստանի ազգային արժույթի` լարիի փոխարժեքը, օգոստոսի վերջին սկսեց անկում ապրել և երկու շաբաթվա ընթացքում` օգոստոսի 22-ից արժեզրկվեց 4.2%-ով:
Ընդդիմությունը կարծում է, որ լարիի հերթական արժեզրկումը Վրաստանի կառավարության սխալ տնտեսական քաղաքականության արդյունքն է, այդ թվում կոմերցիոն բանկերին վարկեր տրամադրելը:
Վերջին օրերին լարիի ամրապնդման միտում է նկատվել: Սեպտեմբերի 7-ից Վրաստանի Ազգային բանկը սահմանել է լարիի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ` 24802 լարի/$1: Նախորդ արժեքի համեմատ վրացական ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է 0.0124 լարիով:
«Տնտեսական գործոնները, որոնք ազդում են լարիի փոխարժեքի ձևավորման վրա, հետևողականորեն առողջ են և լարիի արժեզրկման վտանգ գոյություն չունի», – հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարարի տեղակալ Ցոտնե Կավլաշվիլին:
Նրա խոսքերով, վերջին օրերին տեղի ունեցած փոխարժեքի տատանումները «կապված են որոշակի հոգեբանական պահերի և բնակչության շրջանում առկա կարծրատիպային ակնկալիքների հետ»:
«Հաշվի առնելով, որ օգոստոսը տնտեսապես ակտիվ ամիս է, Վրաստան են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ և եկամուտները բարձր են, սպասում ենք, որ այս ամսվա դրությամբ լարիի փոխարժեքը պետք է լինի ամենացածրը», – ասել է Կավլաշվիլին:
«Գոյություն ունի հոգեբանական պահ, երբ օգոստոսից հետո մարդկանց որոշակի կատեգորիա սխալ եզրակացությունների հիման վրա իրականացնում է տնտեսապես անհիմն փոխակերպում, որն այնուհետև օգտագործվում է քաղաքական շահարկումներում և իրարանցում է առաջացնում, ինչից տուժում է բնակչությունը: Հետևաբար, ես կոչ եմ անում բնակչությանը չտրվել սպեկուլյացիաներին, հատկապես քաղաքական գործիչների կողմից», – ընդգծել է Ֆինանսների փոխնախարարը:
Աղբյուրը՝ Новости-Грузия