Այսօր, մարտի 17-ին պաշտոնական այցով Ախալքալաքում է գտնվում Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին: Նա հանդիպումներ է անցկացնում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ:
Ամերիկացի դիվանագետն առաջինը հանդիպեց Ախալքալաքի Վարչության նախագահ՝ Էդուարդ Աղասարյանի և Սակրեբուլոյի նախագահ՝ Համլետ Մովսիսյանի հետ: Յան Կելլին դրական գնահատեց հանդիպումը իշխանության ներկայացուցիչների հետ և խոստացավ ամռանը կրկին այցելել Սամցխե-Ջավախք և հիանալ Փարվանա լճի գեղեցկությամբ:
«Սա իմ առաջին այցն էր Ախալքալաք: Ես շատ ժամանակ եմ անցկացնում Թբիլիսիում, իսկ տարածաշրջաններում քիչ եմ լինում: Կարող եմ ասել, որ կառուցողական խոսակցություն ունեցանք Ախալքալաքի վարչության և Սակրեբուլոյի նախագահների հետ: Մենք կաշխատենք, որպեսզի զարգացնենք մեր հարաբերությունները այս տարածաշրջանի հետ և նպաստենք տնտեսության զարգացմանը»,- իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին հայտարարեց Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին:
Միաժամանակ ավելացնելով, որ ամռանը կրկին նախատեսում է այցելել Սամցխե-Ջավախք տարածաշրջան:
Աղունիկ Այվազյան