Չնայած, որ Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնը նոր շենք է տեղափոխվել, միևնույն է խնդիրներ դեռևս շատ կան, սկսած գյուղական բուժքույրերից մինչև նրանց տներ տեղափոխված բուժկետեր:

Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնը 3 ամիս առաջ տեղափոխվեց բարեկարգված նոր շենք: Կենտրոնն ունի 23 աշխատակից, ովքեր անվճար առողջապահական ծառայություններ են մատուցում բնակչությանը: Առողջապահության կենտրոնը ֆինանսավորվում է Ախալքալաքի շրջանային բյուջեից: 2017 թվականի բյուջեից 160 000 լարի է հատկացվել կենտրոնի գործնեության համար:

Ախալքալաքի հասարակական առողջապահության կենտրոնը հիմնականում աշխատում է պատվաստումների վրա: Գյուղերին և քաղաքին անվճար դեղորայք է սպասարկում, իսկ դեղորայքը ստանում է Վրաստանի ազգային վերահսկողության կենտրոնից: Կենտրոնը նաև հսկում է գյուղերի բուժքույրերի, բժիշկների գործնեությունը, վերահսկում է վարսավիրանոցների սանիտարահիգենիկ վիճակը, արդյո՞ք լիցենզիա ունե՞ն, թե՝ ոչ: Տարին երկու անգամ մոնիտորինգ է անցկացնում և համապատասխան եզրակացությունը ուղարկում Ազգային վերահսկողության կենտրոն:

Այսօր Կենտրոնում մտահոգված են և աշխատում են, որպեսզի շրջանի յուրաքանչյուր գյուղ բուժքույր և բուժկետ ունենա:

«Ամեն ամիս մի բուժկետ անպատճառ մոնիտորինգ ենք անում, թե ինչպես են աշխատում: Ընդհանուրը 39 բուժքուր ունենք գյուղերում, նրանց կեսից ավելին ստիպված իրենց տներում են աշխատում: Խախտումներ են լինում, մենք ժամանակ ենք տալիս և նրանք դա վերացնում են: Մի քանի օր առաջ գրությամբ դիմեցինք Վարչությանը, թե ո՞ր գյուղերում չկա բուժքույր և բժիշկ, որպեսզի իրենք էլ նախարարությանը դիմեն»,- ասաց Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը:

Ընդամենը 14 բժիշկ է հսկողություն տանում ամբողջ շրջանի գուղերում: Մի բժշկին մոտավոր 5-6 գյուղ է հասնում:

«Բուժկետ չկա, 64 գյուղերից՝ 12-ն ունեն, մյուսները իրենց տունն են տեղափոխել, սա օրենքի խախտում է, բայց չկա: Իսկ եղածի կեսը նորմալ վիճակում է, մյուս կեսն էլ՝ ոչ լույս կա, ոչ պայման: Տեսեք պատվաստման համար սառնարան եմ տվել գյուղերին, բայց մարդիկ տարել են իրենց տուն, որ վակցինաները պաշտպանեն: Որտեղ, որ ամբուլատորիա կա լույս չկա: Սրա մասին շատ անգամ գրել ենք գյուղերի գյուղսովետներին, բայց դեռ ոչ մի արձագանք չկա»,- նշեց կենտրոնի տնօրենը:

Գյուղական բուժքույրերին նշանակում է Առողջապահության նախարարությունը: Նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկում Ախալցիխեում գտնվող Առողջապահության գործակալությանը, որ տվյալ գյուղում բժշկի կամ բուժքրոջ հաստիք է բացվել: Արդեն գործակալությունը իր հերթին նշանակում է:

Առողջապահության կենտրոնը գրությամբ դիմել է՝ Մուրջախեթ, Խուլգումո, Ագանա, Մոդեգամ և Բալխո գյուղերում բուժքրոջ, իսկ Բեժանո, Կոկիո, Սուլդա, Դադեշ, Կարծախ գյուղերում բժիշկների առաջնահերթ անհրաժեշտության համար:

Ավետ Տոնականյանը ուրախությամբ նշում է՝ ի տարբերություն մյուս շրջանների ոչ այս, ոչ անցյալ տարի Ախալքալաքում որևէ հիվանդության համաճարակ չի գրանցվել, սակայն նախապաշտպանության համար գրիպի դեմ պատվաստումներ են արել:

Հասարակական առողջապահության կենտրոնի հիմնական խնդիրը՝ ավտոմեքենայի բացակայությունն է: Ճիշտ է Կենտրոնը պայմանագրով վարորդ ունի, սակայն այդ պայմանագրով վարորդը չի կարող ամիսը 300 լարիի դիմաց ամեն օր գյուղեր գնալ:

Աղունիկ Այվազյան