Նյութը պատրաստել է մեր գործընկեր Sknews.ge-ին:

Վերջին հինգ տարում Ադիգենիի քաղաքապետարանում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում ծախսվել է ավելի քան 4,5 մլն լարի։ Դրանից առնվազն 1,5 մլն լարին ուղղակի գնումների միջոցով ստացել են Ադիգենի քաղաքապետարանի և իրավաբանական անձանց աշխատակիցները կամ նրանց հարազատները, ինչպես նաև «Վրացական երազանքի» հետ առնչություն ունեցող անձինք։

2019-2024 թվականներին Ադիգենի քաղաքապետարանը ընդհանուր առմամբ կատարել է 278 նախագծաշինարարական գնում, թեև մրցույթի է դրվել միայն 17-ը, իսկ մնացածը պարզեցված եղանակով կատարվել է ուղղակի գնում։ Ինչը նշանակում է, որ քաղաքապետարանն է ընտրել անհատ ձեռներեցին կամ ՍՊԸ-ին, որը կոնկրետ գյուղերում ծրագրեր է իրականացնելու։

Պարզվել է, որ Ադիգենիի քաղաքապետարանը շատ դեպքերում, պարզեցված եղանակով ուղիղ պայմանագրեր է կնքել նույն անձանց հետ։ Այս նախագծի շրջանակներում հինգ տարում միայն մեկ անհատ ձեռներեց իրականացրել է 17 ծրագիր, մյուսները նրանից հետ են մնում՝ 13, 10 և ավելի քիչ գնումներով։ Սակայն, բացի այս նախագծերից, քաղաքապետարանի հայտարարած այլ մրցույթներում և պարզեցված գնումներում նույն մարդիկ են շահում։

«Հարավային դարպասը» հետաքրքրվել է, թե Ադիգենեիի քաղաքապետարանը կոնկրետ ում հետ է պայմանագրեր կնքում և վերջապես ուր է գնում «Գյուղի աջակցության ծրագրով» պետբյուջեից հատկացված գումարը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում գյուղի աջակցության ծրագիրը

«Գյուղական աջակցության ծրագիրը» վրացական բնակավայրերում ֆինանսավորում է փոքր ենթակառուցվածքային նախագծերը։ Դրա նպատակն է, որ բնակչությունը համաձայնության գա գյուղի խնդիրների շուրջ և պետբյուջեից հատկացվող գումարները ծախսի ըստ իրենց կարիքների։

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունն է որոշում, թե կոնկրետ գյուղի բնակիչների թվին համամասնորեն որքան գումար է հատկացվելու յուրաքանչյուր գյուղին։

Գումարը հետևյալ սկզբունքով է բաշխվում՝

Մինչև 200 բնակիչ ունեցող բնակավայրին հատկացվում է 10 000 լարի,

  • 201-ից մինչև 400 հոգի՝ 12 000 լարի,
  • 401-ից մինչև 1000 մարդ՝ 16 000 լարի,
  • 1 000-ից ավելի մարդ՝ 20 000 լարի։

Բացի այդ, կոնկրետ ծրագրի իրականացման համար տեղական ինքնակառավարումը և օտարերկրյա/դոնոր կազմակերպությունը կարող են գումարներ ավելացնել, թեև համաֆինանսավորման չափը չպետք է գերազանցի կոնկրետ ծրագրի համար հիմնադրամից հատկացված գումարի 100 տոկոսը։

Նախքան ծրագրի իրականացումն անհրաժեշտ է տեղեկացնել բնակավայրի բնակիչներին և անցկացնել ընդհանուր ժողով, որտեղ պետք է ընտրվի լուծվող խնդիրը։ Նման հանդիպման անցկացումը գյուղում պետք է ապահովի քաղաքապետը։

Գյուղում խնդրի քննարկումը սկսելու համար անհրաժեշտ է, որ հանդիպմանը մասնակցի գյուղում գրանցված բնակիչների 20 տոկոսը։ Հանդիպմանը բնակիչները նշում են մի քանի խնդիրներ, որոնք իրենք ցանկանում են առաջինը լուծել։ Մասնակիցների մեծամասնության կողմից պետք է ընտրվի մեկ նախագիծ, որն այնուհետև կմշակվի քաղաքապետարանի կողմից և կներկայացվի քաղաքային խորհրդի հաստատմանը՝ նախահաշվային արժեքի հետ միասին: Հանդիպմանը անհրաժեշտ է կազմել արձանագրություն։

Ծրագրի հիմնական էությունն այն է, որ բնակչությունն ինքը որոշի, թե ինչ խնդիր է ուզում լուծել և ինչպես տնօրինել իր գումարները։

Գումարների նպատակային և արդյունավետ օգտագործման պատասխանատվությունը կրում է համապատասխան քաղաքապետարանը։ Ծրագրերի առաջընթացի և իրականացման ընդհանուր համակարգումն ու մոնիթորինգն իրականացնում է նախարարությունը։ Ծրագրի առաջընթացի և իրականացման վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի Վրաստանի կառավարությանը։

Մրցույթի փոխարեն ուղղակի գնումներ

Ծրագիրը թարմացվել է 2019 թվականին և տարեկան բյուջեն կազմում է 40 միլիոն լարի։ Վերջին հինգ տարիներին (2019-2024 թթ.) «Գյուղի աջակցություն ծրագրի» շրջանակներում ծրագրերի իրականացման համար քաղաքապետարանները պայմանագրերը կնքում են պարզեցված, այսպես կոչված, ուղղակի գնման տարբերակով, ինչը այս թեմայով հետաքրքրված վերլուծաբանների կարծիքով՝ կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում, քանի որ այս դեպքում կապալառուն չի ընտրվում թափանցիկ, մրցակցային ճանապարհով, այլ՝ քաղաքապետարանն ինքն է ընտրում անհատ ձեռներեցին կամ ընկերությանը, ում կհանձնի գյուղին հատկացված գումարը աշխատանքները կատարելու համար։

«Քաղաքապետարանների մակարդակում նման մասշտաբով պարզեցված գնումների կիրառումը նվազեցնում է թափանցիկությունն ու մրցակցությունը, հետևաբար մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը: Բացի այդ, այս որոշմամբ պետությունը հրաժարվում է մրցակցային ընթացակարգերի պոտենցիալ առավելություններից, ինչպիսիք են միջոցների խնայողությունը և պետական գնումներում մարզային փոքր և միջին բիզնեսի ներգրավումը խրախուսելը»,- կարդում ենք TI-ի հրապարակած հոդվածում։

Թե ինչ չափանիշներով է քաղաքապետարանն ընտրում կոնկրետ ընկերություն կամ անհատ ձեռներեց, հայտնի չէ։

Պետական գնումների գործակալության տվյալներով՝ ծրագրերի պարզեցված գնումով իրականացումը կապված է այն բանի հետ, որ կոնկրետ աշխատանքների համար գումարը փոքր է, և հաճախ ընկերությունները հրաժարվում են մասնակցել մրցույթին, իսկ նախագծերը մնում են անավարտ։

«Պետք է հաշվի առնել, որ առանձին-առանձին գնվելիք օբյեկտների փոքր ծավալի ու արժեքի պատճառով միշտ մեծ է հավանականությունը, որ այդ մրցույթներն ավարտվեն անարդյունք, ինչն էլ իր հերթին կբերի ծրագրի իրականացման ժամկետների կտրուկ ավելացման և դրանց թերությամբ իրականացմանը» [Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան]։

Ադիգենիի քաղաքապետարան

2019 թվականից «Գյուղի աջակցություն ծրագրի» շրջանակներում Ադիգենիի քաղաքապետարանը նույնպես նման ուղղակի եղանակով է կնքում պայմանագրերը՝ բնակավայրերում իրականացվելիք աշխատանքների համար։

«Հարավային դարպաս»-ն ուսումնասիրել է ծրագրի շրջանակներում պարզեցված գնումների միջոցով Ադիգենիի քաղաքապետարանի կողմից 2019-2024 թվականներին կնքված բոլոր պայմանագրերը՝ քաղաքապետարանի բոլոր գյուղերում։

Պարզվել է, որ ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի կողմից ընտրված անհատ ձեռներեցները կամ ՍՊԸ-ները շատ դեպքերում ուղղակի կամ անուղղակի կապ ունեն «Վրացական երազանք»-ի կամ տեղական ինքնակառավարման հետ։

Ըստ մեր հաշված գնումների՝ հինգ տարվա ընթացքում Ադիգենիի 55 բնակավայրում աշխատանք է կատարել 6 ՍՊԸ և 21 անհատ ձեռներեց։

Պայմանագրերի մեծ մասը կնքվել են հետևյալ անձանց հետ՝

Ռամազի Կաճկաճաշվիլի

«Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում քաղաքապետարանի յուրաքանչյուր գյուղում տարեկան  իրականացվում է միայն մեկ ծրագիր։ Անհատ ձեռնարկատեր Ռամազի Կաճկաճաշվիլին հինգ տարում այս ծրագրի շրջանակներում իրականացրել է ամենաշատը՝ 17 ծրագիր։

Ընդհանուր առմամբ, հինգ տարում Ռամազ Կաճկաճաշվիլին Ադիգենիի քաղաքապետարանից միայն «Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում ստացել է ավելի քան 340 600 լարի, այսինքն՝ տարեկան միջինը ավելի քան 68 100 լարի։ Բացի սրանից, նա նույն քաղաքապետարանում մասնակցել է այլ շինարարական մրցույթների ևս։

Ռամազ Կաճկաճաշվիլիի փեսան (դստեր ամուսինը) Պավլե Զազաշվիլին և նրա ընտանիքը 2012 թվականից «Վրացական երազանքի» կողմնակիցերն են։ Բացի այդ, Պավլե Զազաշվիլիին է պատկանում «Սամցխե 2022» ՍՊԸ-ի 33 տոկոս բաժնեմասը, որի մյուս բաժնետերերը՝ Լաշա Ճաղիաշվիլին (34%) և Թենգիզ Թաթեշվիլին (33%) «Վրացական երազանք»-ի դոնորներ են։ Միաժամանակ Թենգիզ Տաթեշվիլին «W/M Investment» ՍՊԸ-ի տնօրենն է, որի 25 տոկոս բաժնեմասը պատկանում է Սամցխեի մեծամասնական պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի «Գլոբալ Ինվեստմենթ» ՍՊԸ-ին։

Հենց այս ընկերությունն է՝ «Օցխե 2022» ՍՊԸ-ն, ապօրինի գնել Աբասթումանիի 19-րդ դարի մշակութային ժառանգության հուշարձանը։

Մեկնաբանության համար զանգահարեցինք Ռամազ Կաճկաճաշվիլիին, մրցութային փաստաթղթերում նշված համարով, սակայն նա ասաց, որ չի կարող խոսել. «Ինձ հարմար չէ, ես մեքենա եմ վարում»։

Լուսանկարում՝ Ռամազ Կաճկաճաշվիլին և նրա փեսան՝ Պավլե Զազաշվիլին են

Ջեմալի Քիմաձե

Ջեմալի Քիմաձեն չորս նախագծերով հետ է մնում Ռամազ Կաճկաճաշվիլիից, ով հինգ տարվա ընթացքում Ադիգենիի գյուղերում իրականացրել է 13 ծրագիր և ստացել ավելի քան 195 400 լարի, այսինքն՝ տարեկան ստացել է ավելի քան 39 000 լարի։

Ջեմալի Քիմաձեն Ադիգենիի քաղաքապետ Գոչա Քիմաձեի եղբայրն է։ Սակայն նշված 13 գնումները նա ստացել է 2019-2020 թվականներին՝ Ադիգենի Զաքարիա Էնդելաձեի քաղաքապետության օրոք, այսինքն՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերը՝ մինչև նրա եղբայր Գոչա Քիմաձեի Ադիգենիի քաղաքապետ դառնալը։ 2021 թվականի մայիսին՝ վերջին գնումն ավարտելուց 4 ամիս անց, 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ջեմալ Քիմաձեն նշանակվել է «Ադիգենի բարելավման և մաքրման ծառայության» տնօրեն։ Դրանից հետո նա այլևս չի ստացել Ադիգենիի քաղաքապետարանի գնումները, թեև նրան փոխարինել է որդին՝ Ջումբեր Քիմաձեն։

Չնայած այն հանգամանքին, որ Ջեմալ Քիմաձեն այլևս չի զբաղվում պետական գնումներով, Ադիգենիի երկու գյուղերում՝ Մեծ և Փոքր Սմադայում, մեզ ասացին, որ անցյալ տարի Ջեմալ Քիմաձեն կատարել է այստեղ հրապարակի կազմակերպման աշխատանքները։ Ինչը նա մեզ հետ հեռախոսազրույցում կտրականապես հերքեց և ասաց, որ երբեմն հետաքրքրվածության համար զննում է կառուցվող օբյեկտները. «Ես ի՞նչ ընդհանուր գործ ունեմ Սմադայի հրապարակի հետ։ Չեմ կարո՞ղ շինարարության ընթացքում անցնել իմ գործառնական տարածքով: Ուղղակի անցել դարձել եմ։ Ես չեմ արել այս հրապարակը։ Հիմա ի՞նչ եք ինձ հարցնում, հարցնում եք մաքրության ծառայության տնօրենին հրապարակ արել է, թե՞ ոչ։ Ես գիտեմ, թե ինչն է ձեզ հետաքրքրում։ Ես գնում եմ բացարձակապես ամեն գյուղ, օգնում եմ բոլորին, դա իմ գործունեության ոլորտն է, քանի որ այնտեղ աղբամաններ ունեմ, մեքենաներս այնտեղ են գործում, փողոցի լույսեր ունեմ… Եվ ամեն օր ստիպված եմ գրեթե ամեն գյուղ մտնել։ Նաև կառուցվող օբյեկտներն եմ ուսումնասիրում, հետաքրքրվում եմ ու նայում։ Ինչ է, չի՞ կարելի», – հարցնում է Քիմաձեն։

Ջումբերի Քիմաձե

Ջումբեր Քիմաձեն, ով Ջեմալ Քիմաձեի որդին և հետևաբար՝ Ադիգենիի քաղաքապետ Գոչա Քիմաձեի եղբորորդին է, Ադիգենիի քաղաքապետարանի աջակցությամբ «Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում 7 պայմանագիր է կնքել։ Ընդհանուր առմամբ, Ջումբերը Ադիգենիի քաղաքապետարանից ստացել է ավելի քան 103 400 լարի, այսինքն՝ տարեկան ավելի քան 20 600 լարի։

Բացի այդ, «Հարավային դարպասի» կողմից ուսումնասիրված մրցութային փաստաթղթերի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Ֆրիդոն Թաթոշվիլիի անունով ստորագրված 261 068 լարիի 13 գնումներում նշված է Ջումբեր Քիմաձեի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ «Հարավային դարպաս»-ին Ֆրիդոն Թաթոշվիլիի անունով փաստաթղթում նշված համարով պատասխանել է հենց Ջուբա Քիմաձեն։

«Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան»-ի փոխանցմամբ՝ 2021 թվականի հունիսից օգոստոս երեք ամսում Ադիգենիի քաղաքապետարանը 103 829 լարիով 7 ուղղակի գնում է ստորագրել «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ի տնօրեն Ջեմալ Քիմաձեի որդու հետ։ Մինչ այդ երկու տարում Ջումբեր Քիմաձեն տեղական քաղաքապետարանից ստացել է ընդամենը երկու ուղղակի գնում՝ 9949 լարիի չափով։

«Ես քաղաքապետի եղբոր տղան եմ, բայց այս պայմանագրերի ստորագրման ժամանակ, հորեղբայրս քաղաքապետ չէր։ Ի՞նչ կապ ունի, թե ես քանի պայմանագիր եմ կնքել քաղաքապետարանի հետ։ Հորեղբորս քաղաքապետ դառնալուց հետո, ինձ հետ կապված ոչ մի պայմանագիր չեք կարողանա արձանագրել»։

Ջումբեր Քիմաձեի անունը չի հայտնվում Ադիգենեիի գնումներում, թեև պարզվեց, որ նա մասնակցում է Ֆրիդոն Թաթոշվիլիի անունից վերցված մրցույթներին։ Դա հաստատում է նաև ինքը՝ Ջումբեր Քիմաձեն։ Դրան ավելանում է այն, որ Ֆրիդոն Թաթոշվիլիի 13 տենդերների վրա նշված է Ջումբեր Քիմաձեի հեռախոսահամարը, իսկ մեկ գնման դեպքում նշվում է նաև Քիմաձեի էլեկտրոնային փոստի հասցեն։

Հարցին, թե ինչու է նրա համարը նշված անհատ ձեռներեց Ֆրիդոն Թաթոշվիլիի կողմից Ադիգենի քաղաքապետարանից ստացված բոլոր գնումներում, Ջումբեր Քիմաձեն պատասխանել է, որ երկուսն էլ նույն համարն ունեն։

«Ֆրիդոն Թաթոշվիլին ունի այս համարը, և մենք երկուսս էլ օգտագործում ենք այն։ Ես Ֆրիդոն Թաթոշվիլիի ներկայացուցիչն եմ»։

Հարցին՝ թե կոնկրետ ինչ է անում նա որպես Թաթոշվիլիի ներկայացուցիչ, պատասխանում է․ «Ես աշխատանքի եմ ընդունվել նրա կողմից, կապված նշվածի հետ օգնություն եմ ցուցաբերում, ինչպես կառավարման տեսքով, եթե ունի այս ամենը… Եթե Ֆրիդոն Թաթոշվիլին ինչ-որ բանի կարիք ունի՝ հսկողությանն ուշադրություն դարձնելու, մենք աշխատանքի ենք ընդունված նրա կողմից, ի՞նչ դժգոհություններ կան այս առումով։ Ես մրցույթներ չեմ ընդունում, քանի որ դրա իրավունքը չունեմ»,- ասել է Ջումբեր Քիմաձեն։

Ֆրիդոն Թաթոշվիլի

Ինչպես քաղաքապետի եղբայրը, այնպես էլ Ֆրիդոն Թաթոշվիլին ծրագրի շրջանակներում 13 մրցույթ է ավարտել։ Թաթոշվիլին Ուդեի քաղաքապետի ներկայացուցիչ Շոթա Կուլջանիշվիլիի քեռին է։ Շոթա Կուլջանիշվիլին Ուդե գյուղի հոգաբարձու է նշանակվել 2022 թվականին։ Հենց նույն թվականին է նրա քեռին՝ Ֆրիդոն Թաթոշվիլին գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և սկսել մասնակցել Ադիգենիի քաղաքապետարանի մրցույթներին։

Ընդհանուր առմամբ, Ֆրիդոն Թաթոշվիլին Ադիգենիի քաղաքապետարանից միայն այս ծրագրի շրջանակներում 2022-2024 թվականներին ստացել է 261 068 լարի։ Նաև 2023 թվականին որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել Շոթա Կուլջանիշվիլիի զոնքաչը՝ Նանուլի Ափրիամաշվիլին, ով Ադիգենիի քաղաքապետարանի հետ 2023-2024 թվականներին 4 պարզեցված գնում է ստորագրել։ Այս գնումների մեջ չի եղել «Գյուղին աջակցություն ծրագիրը», սակայն 2023 թվականի նոյեմբերին Նանուլի Ափրիամաշվիլին 38 000 լարիի մրցույթով վերականգնել է Ուդե գյուղի վարչակազմը, այսինքն՝ կազմակերպել է այն շենքը, որտեղ իր փեսան է աշխատում [NAT230020835]:

Ֆրիդոն Թաթոշվիլիի փոխարեն մրցութային փաստաթղթերում նշված համարին պատասխանեց Ջումբեր Քիմաձեն։

Իոսեբ Աբուլաձե

«Գյուղին աջակցություն» ծրագրի շրջանակներում ուղղակի մրցույթներ է ստանում նաև Ուդե գյուղի հոգաբարձուի օգնականը։ Իոսեբ Աբուլաձեն քաղաքապետարանի աշխատակից է և միևնույն ժամանակ ստանում է Ադիգենի քաղաքապետարանի գնումները։ Վերջին հինգ տարում նա հինգ ծրագիր է իրականացրել։ Աշխատանքներ է իրականացրել Ուդե գյուղում, ինչպես նաև իր համայնքի մաս կազմող Զազալո գյուղում։ Ընդհանուր առմամբ Աբուլաձեն ստացել է ավելի քան 87 300 լարի՝ միջինը տարեկան 17 460 լարի։

Իոսեբ Աբուլաձեն մեր հարցը լսելուց հետո ասաց. «Ժամանակ չունեմ, կոմբայնի վրա եմ և չեմ լսում ձեզ»։

Բադրի Վաշակմաձե

Աբուլաձեի նման Բադրի Վաշակմաձեն նույնպես աշխատում է քաղաքապետարանում և մասնակցում քաղաքապետարանի գնումներին։ 2021 թվականից Ադիգենի քաղաքապետարանի խորհրդի անդամ է, միաժամանակ խորհրդում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության փոխնախագահն է։

«Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում Բադրի Վաշակմաձեի հետ Ադիգենիի քաղաքապետարանը պարզեցված կարգով ստորագրել է հինգ գնում՝ 45 000 լարի ընդհանուր արժեքով։

2021 թվականի հուլիսին ստացված վերջին երկու գնումներից երեք ամիս անց Բադրի Վաշակմաձեն ընդունվել է Ադիգենի քաղաքային խորհուրդ՝ որպես «Վրացական երազանքի» պատգամավոր։ Այդ ժամանակվանից նրա որդին՝ Նուգզար Վաշակմաձեն է շարունակում մասնակցել պետական գնումներին։

Բադրի Վաշակմաձեն այն պատգամավորների ցուցակում է, ովքեր խախտումներով են լրացրել գույքի հայտարարագիրը։ TI-ի ուսումնասիրությունների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 22-ին ներկայացված գույքի հայտարարագրի համաձայն՝ նա անհատ ձեռնարկատեր է, ինչը հակակոռուպցիոն օրենքի խախտում է։ Ադիգենիի քաղաքխորհրդում գտնվելու ընթացքում, 2021 թվականին Ադիգենիի քաղաքապետարանի 2 ուղղակի գնումներից ստացել է 25 000 լարի։

Վաշակմաձեն իր հայտարարագրում նշում է նաև, որ իր որդին՝ Նուգզար Վաշակմաձեն, գրանցված է որպես ձեռնարկատեր, թեև թաքցնում է իր եկամուտը և գրում է, որ 2022 թվականին Նուգզար Վաշակմաձեի եկամուտը կազմել է 0 լարի, մինչդեռ Նուգզար Վաշակմաձեն նույն թվականին Ադիգենի քաղաքապետարանի հետ կնքված 4 ուղղակի գնումներով ստացել է 43 430 լարի։ Ընդհանուր առմամբ, պատգամավորի ընտանիքը 2 տարում Ադիգենի քաղաքապետարանից ստացել է 68 430 լարի։

Ըստ նույն հայտարարագրի՝ Բադրի Վաշակմաձեն «Նամինաուրի» կոոպերատիվի տնօրենն է։ Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի որևէ այլ պաշտոն զբաղեցնել որևէ պետական հիմնարկում կամ մասնավոր իրավաբանական անձի մոտ։

«Վերջին հինգ տարիներին ես ընդհանրապես ձեռներեց չեմ, ես դադարեցրել եմ իմ ձեռնարկատիրությունը։ Նման գնումներ կատարելիս ես ավագանու անդամ չէի լինի, 2021-ի հոկտեմբերին ընտրություններ են եղել ու դա ավելի շուտ է արվել, իսկ եթե նույնիսկ առնեի, ապա ի՞նչ։ Շահերի բախում չկա, դուք եք ստեղծում շահերի բախում»,- մեզ հետ զրույցում ասաց Բադրի Վաշակմաձեն։

Մամուկա Գելաշվիլի

«Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում տասը ծրագիր է իրականացրել անհատ ձեռներեց Մամուկա Գելաշվիլին, ով Ադիգենի քաղաքապետարանի «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ» է՝ Ադիգենի մարզադպրոցի աշխատակից։

Միաժամանակ Մամուկա Գելաշվիլին «Վրացական երազանքի» ակտիվ կողմնակիցն է։ Նա միայն այս նախագծի շրջանակներում Ադիգենիի քաղաքապետարանից ստացել է ավելի քան 170 500 լարի, այսինքն՝ տարեկան միջինը 34 110 լարի։

Հեռախոսազրույցի ընթացքում Մամուկա Գելաշվիլին հաստատեց, որ իսկապես աշխատում է Ադիգենի «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ում, սակայն մրցույթների հետ կապված հարցից հետո առանց պատասխանելու անջատեց հեռախոսը։

Լուսանկարում՝ Մամուկա Գելաշվիլին է Սոզար Սուբարի հետ

Լելա Սուլամանիձե

Ադիգենում գնումների քանակով անհատ ձեռներեց Լելա Սուլամանիձեն ցուցակի չորրորդ տեղում է։ Միայն «Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում իրականացրել է 11 ծրագիր՝ գրեթե այնքան, որքան քաղաքապետի եղբայրն ու նրա որդին։

Ընդհանուր առմամբ Սուլամանիձեն ստացել է ավելի քան 96 800 լարի։ Սակայն սա միայն այս ծրագրի շրջանակներում է։ Ադիգենիի քաղաքապետարանի հայտարարած այլ մրցույթներում վերջին հինգ տարում նա ստացել է մինչև 300 հազար լարի։ Մրցույթներին մասնակցել է նաև նրա ամուսինը՝ Ռատի Ակոպովը, ով Ադիգենիի քաղաքապետարանից 5 տարում մրցույթներից ստացել է մինչև 30 հազար լարի։

Սուլամանիձեի Ադիգենիի քաղաքապետարանից ստացած 11 ուղղակի գնումներից 4-ի դեպքում նրա վստահելի անձը Վաժա Կավթելաձեն է (նախկինում՝ Ակոպով), ով Սուլամանիձեի սկեսրայրն է։ Սուլամանիձեի սկեսուրը՝ Մզիա Ճիղլաձեն, «Վրացական երազանք»-ի կողմնակից է և մասնակցում է «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության կազմակերպած միջոցառումներին։

Սուլամանիձեի դիրքորոշումը ճշտելու համար «Հարավային դարպասը» կապ հաստատեց նրա հետ, ով մեզ ասաց, որ իր անունը պարզապես օգտագործվում է, իսկ իրականում տենդերները ստացել է մեկ ուրիշը։

«Իմ անունն ուղղակի որպես անուն է նշվում, թե չէ այդ ամենը չէի անի, սկեսրայրս էր զբաղվում, հիմա էլ չի զբաղվում»։

Հարցին, թե ինչու սկեսրայրը` Վաժա Կավթելաձեն, մրցույթները իր անունով չի ստացել, նա պատասխանում է. «Ինչ-ինչ պատճառներով նա չէր կարողանում վերցնել իր անունով։ Իմ սկեսրայրը արհեստավոր է և ամեն ինչ անում է։ Նա տարիներ շարունակ ապրում է Ադիգենիում, վստահելի մարդ է և նրան վստահում են»,- ասում է Սուլամանիձեն։

Լուսանկարում՝ Վաժա Կավթելաձեն (Ակոպով), Մզիա Չիգլաձեն և Լելա Սուլամանիձեն են

Ադիգենիի քաղաքապետարանի փաստարկը

Մեր կողմից նշված անձինք անհատ ձեռներեցներ են, որոնք առանձնանում են գնումների մեծ քանակով և միևնույն ժամանակ կապ ունեն «Վրացական երազանքի» և Ադիգենի քաղաքապետարանի հետ։ Սակայն սա ցուցակի միայն մի մասն է։

Ուշադրություն է հրավիրվում նաև այն փաստի վրա, որ գրեթե ամեն տարի այդ մարդիկ գնումներ են ստանում, և անհասկանալի է, թե կոնկրետ անհատ ձեռներեց/ընկերություն ընտրելիս ի՞նչ գնահատման համակարգով է առաջնորդվում քաղաքապետարանը։ Այս հարցով դիմեցինք Ադիգենիի քաղաքապետարան և ուղարկեցինք այն անհատ ձեռնարկատերերի և ՍՊԸ-ների անուն-ազգանունները, որոնք անընդհատ մրցույթներ են անում։ Քաղաքապետարանի կողմից ստացել ենք հետևյալ պատասխանը։

«Ձեր կողմից ներկայացված կազմակերպությունները, որոնք «Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում կատարել և/կամ կատարում են շինարարական աշխատանքներ, ընտրվում են անմիջապես գյուղական բնակչության կողմից՝ հաշվի առնելով շինարարական կազմակերպությունների փորձը, իրավասությունը և պատասխանատվությունը։

Ինչ վերաբերում է «Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման գնումն ավարտած և/կամ ավարտող կազմակերպություններին, գրավոր ծանուցումներ են ուղարկվում շրջանի տեղական կազմակերպություններին քաղաքապետարանի կողմից նախատեսվող նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի պատրաստման վերաբերյալ, ըստ այդմ, պայմանագրեր են կնքվում բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնում իրենց ներկայացրած առաջարկություններին համապատասխան պատրաստել նախագծա-ծախսային հաշվարկային փաստաթղթեր»,- գրված է քաղաքապետարանի կողմից ուղարկված գրության մեջ։

Արդյո՞ք բնակչությունն է ընտրում շինարարական ընկերություններին և որքանո՞վ են գյուղերում աշխատանքները կատարվել, պարզելու համար այցելեցինք Ադիգենի քաղաքապետարանի գյուղեր։

Ո՞ւմ և ի՞նչ են ընտրում մարդիկ

Ադիգենիի քաղաքապետարանի Փոքր Սմադա գյուղում 2022 թվականին «Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում առաջնահերթություն է ընտրվել հրապարակի կառուցումը։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ աշխատանքների իրականացումը պարզեցված գնումների միջոցով ստանձնել է Ֆրիդոն Թաթոշվիլին։ Սակայն այս հրապարակի կառուցումն առաջնահերթ էր թե՛ 2022 թվականին, թե՛ 2023 թվականին։

2022 թվականի նախագծի համաձայն՝ Թաթոշվիլիի 16 000 լարի արժողության աշխատանքը ներառում էր.

– գրունտի մշակում տեղում,

– 20 սմ հողային ծածկույթի անել,

– ՌՔ-ի բետոնե կոնստրուկցիաների կազմակերպում,

– քարե պատի կառուցում,

– քարե սալերի դասավորություն,

– մետաղական կոնստրուկցիայի տեղադրում։

Ընդունման-հանձնման ակտի համաձայն՝ Թաթոշվիլին կատարել է իր վրա դրված պարտականությունը և համապատասխան փոխհատուցում ստացել 2022 թվականին։

Այնուամենայնիվ, 2023 թվականին նույն գյուղում կրկին առաջնահերթ է ընտրվել հրապարակի կազմակերպման աշխատանքները, և նախագծային փաստաթղթերում գրվել են ճիշտ նույն պահանջները, որոնք՝ 2022 թվականին։

Այս անգամ գնման գումարը կրկնապատկվել է և սահմանվել 30 000 լարի, և որպես կատարող կրկին ընտրվել է Ֆրիդոն (Ֆեդիա) Թաթոշվիլին, ով աշխատանքներն ավարտել է 2023 թվականին և ստացել ավելի քան 30 000 լարի։
Մենք այցելեցինք Փոքր Սմադա գյուղ՝ պարզելու, թե ինչ է արել Ֆրիդոն Թաթոշվիլին տեղում և ինչու է չորս տարի պահանջվել հրապարակը կառուցելու համար։

Գյուղի կենտրոնում իսկապես կար նորակառույց հրապարակը։ Քարե պատերով, պատերի երկայնքով շարված աթոռներով։ Խճապատ տարածքում այլ բան չկա, ոչ ճոճանակներ կամ որևէ այլ զվարճանք:

Հրապարակի մոտ տեղադրված էր տաղավար, որտեղ, ինչպես տեղացիները պատմեցին, հավաքվում են թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները։ Ըստ նրանց՝ հրապարակից օգտվել չեն կարող, քանի որ երեխաների համար նախատեսված ժամանցի վայր չկա, իսկ տաղավարում երիտասարդները նախընտրում են թուղթ խաղալ։

«Ոչինչ չի արվել, միայն աթոռներ կան, ինչպե՞ս օգտագործենք դրանք: Երեխաները սղարան են ուզում, ճոճանակ, ինչ-որ բան… Մենք ավելի հաճախ ենք գնում «բիրժա», քան այնտեղ»,- ասում է Գոչա Սախամբերիձեն։

Ո՛չ Սախամբերիձեն, ո՛չ նրա համագյուղացի Գիորգի Ցուխիշվիլին չգիտեն, թե ով է կատարել հրապարակի կառուցումը, ավելին, ասում են, որ ընդհանրապես չեն ճանաչում շինարար Ֆրիդոն (Ֆեդիա) Թաթոշվիլիին, հետևաբար՝ շինարարին նրանք չեն ընտրել։

Հարցին, թե գյուղի ժողովին եղե՞լ են, երբ հրապարակի դասավորությունն ընտրվել է որպես առաջնահերթություն, հիշում են, որ չեն եղել, քանի որ հաճախ նման հանդիպումներին մասնակցում են միայն տարեցները։

Գյուղում բնակվող Ռաժդեն Տկեմալաձեն ասում է, որ պարբերաբար մասնակցում է ծրագրի շրջանակներում անցկացվող գյուղական ժողովներին։ Հարցին, թե ով է ընտրել հրապարակի կառուցումը, պատասխանում է․ «Ամեն գյուղում անում են, այստեղ էլ են արել, չգիտեմ…»։

Նրա խոսքով՝ ամեն տարի շինարարին ընտրում է Ադիգենիի քաղաքապետարանը, և այս դեպքում էլ է այդպես եղել։ «Այս հրապարակը Բոլաջուրեցին է սարքել, պատգամավորի եղբայրն է, բայց դեռ ավարտված չէ… երևի կգեղեցկացնեն… Երիտասարդները մտնում են, մենք՝ ոչ, երևի գիշերը, թե չէ այս շոգին ոչ ոք չի մտնի էնտեղ, ծառ չկա, ոչինչ… չգիտեմ երբ կավարտվի, երևի կվերջացնեն»։

Ե՞րբ են ավարտելու 2022 թվականին սկսված հրապարակը, որի կազմակերպման համար արդեն ծախսվել է ավելի քան 45 000 լարի, պարզելու համար զանգահարեցինք մրցութային փաստաթղթերում նշված հեռախոսահամարով։ Փաստաթղթերում նշված էր, որ համարը պատկանում է Ֆրիդոն Թաթոշվիլիին։ Երբ զանգահարեցինք, պարզվեց, որ Ադիգենիի քաղաքապետի եղբոր որդին՝ Ջումբեր Քիմաձեն է պատասխանողը և մեզ նա պատմեց աշխատանքների մասին։

«Հրապարակի շինարարությունն ավարտվել է անցյալ տարի, սակայն այն ամբողջությամբ ավարտված չէ։ Դա արվել է գյուղի ծրագրով, աշխատանքներն իրականացվում են փուլերով, ամեն տարի։ Ավարտեցինք այն, ինչ ես պետք է ավարտեի: Որքան գիտեմ, հաջորդ տարի նախատեսվում է տեղադրել ատրակցիոններ։ Առաջին փուլում ավարտվել է պատի աշխատանքների կեսը, երկրորդ փուլում՝ մյուս կեսը։ Գյուղին հատկացված գումարը ծախսվել է»,- մեզ հետ զրույցում ասաց Ջումբեր Քիմաձեն և անջատեց հեռախոսը։

Մեծ Սմադա

Մեծ Սմադայում անցած հինգ տարիներին առաջնահերթ խնդիր է եղել ոռոգման ջրի ջրատարի կառուցումն ու արտաքին լուսավորության կազմակերպումը։ Սակայն տեղի բնակիչների մի մասը կարծում է, որ գյուղի համար հատկացված գումարով քաղաքապետարանը հաճախ անում է ավելի քիչ կարևոր գործեր։

Ըստ իրենց պարզաբանումների՝ բնակելի թաղամասերից մեկում ցանկացել են մեկ կիլոմետրանոց ճանապարհ կառուցել, և այս հարցը ներկայացրել են որպես առաջնահերթություն «Գյուղին աջակցություն ծրագրում», սակայն խնդիրը չի լուծվել ո՛չ ծրագրով, ո՛չ առանց դրա։

«Մեր բնակավայրի ջուրը ծնկներիս է հասնում։ Ես 70 տարեկան կին եմ ու ինչքան հիշում եմ այս ճանապարհն եմ խնդրում, մարզպետներից ոչ մեկը մեզ թույլտվություն չի տվել, ասելով՝ փող չկա։ Մենք գյուղի ժողովին մասնակցել ենք, ասվեց, որ այս ճանապարհը պետք է կառուցվի, հետո փոխեցին՝ այս սղարանը [մանկական հրապարակը] սարքեցին։ Ինքը՝ մարզպետը, մեզ ասաց, որ ժողովուրդը հրաժարվել է և ճոճանակներ է ուզել։ Ճոճանակի կառուցման վայրում 3 երեխա կա, ոչ ավել, իսկ այս տարածքում ևս 3 երեխա, այս գյուղում այլևս երեխա չունենք։ Մենք հոգնել ենք այս ճանապարհից, չէ որ այս ճանապարհը միանում է կենտրոնական ճանապարհին։ Ես դիմել եմ բոլոր մարզպետներին։ Երբեմն ասում էին, որ դուք արտերում եք ապրում, երբեմն ասում էին, որ փող չկա», – ասում է Մեծ Սմադայի բնակչուհի Լիանա Խարշիլաձեն։

Նրա խոսքով, որպեսզի անձրևի ժամանակ կարողանային հասնել տուն, հարևաններն իրենք են հավաքել 20-20 լարի վառելանյութ, ապա կենտրոնական ճանապարհին փռված երկրորդական ասֆալտը, որի փոխարեն նորն են կառուցում, տարել և փռել են այդ տարածքում, թեև խնդիրը ժամանակավորապես է լուծվել։

«Այստեղ 10-15 բնակիչ ունենք ու բոլորս միասին ասում ենք, որ ճանապարհ ենք ուզում, նաև խմելու ջուր»։

Գյուղը խմելու ջրի խնդիր ունի, սակայն այս հարցը «Գյուղին աջակցություն» ծրագրում ներառված չի եղել։ Այստեղ՝ 2019, 2020, 2021 թվականներին՝ 3 անգամ առաջնահերթություն է տրվել նույն հարցին՝ ոռոգման ջրի ջրատարի կառուցումը, իսկ 2022 թվականին առաջնահերթ է ընտրվել 2023 թվականի արտաքին լուսավորությունը։

Արտաքին լուսավորության երկու նախագծերն էլ իրականացրել է Ֆրիդոն Թաթոշվիլին, իսկ
ոռոգման ջրատարի երեք ծրագիրը՝ հայր և որդի Ջեմալ և Ջումբեր Քիմաձեները:

Ոռոգման ջրատարի կառուցումն արժեցել է ավելի քան 37 700 լարի, թեև գյուղում ասում են, որ այս հարցում դեռ խնդիր ունեն։

«Գյուղում հաճախ է ժողով լինում։ Մարզպետն է գալիս և մեզ հայտնում։ Մի 10-12 գյուղացի են հաճախում, բայց կեսը ցանկանում են մի բան անել, մյուս կեսը՝ այլ բան: Ոռոգման ջուրը ժողովրդի ընտրությունն էր, բայց չկարողացան մինչև վերջ անել։ Ջրհորում ինչ-որ բան տրաքվել և փչացել է, այժմ այն նորից վերականգնման կարիք ունի։ Չգիտեմ՝ ում ընկերությունն էր, «բուլդոզերով» էին եկել։ Կարտոֆիլը մեկ անգամ եմ ջրել այս տարի, ջրհորը վնասված է, վերանորոգող չկա։ Այստեղ նաև խմելու ջրի պակաս կա։ Այս պահին օղու պես գալիս է, բայց վերևում շատ ջուր է կորչում, ասում են՝ կանենք»,- ասում է Օմար Ձինձիբաձեն։

Ճելա

Ադիգենիի Ճելա գյուղում, «Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում 2019 և 2020 թվականներին երկու անգամ առաջնահերթություն է ընտրվել արտաքին լուսավորությունը։ Այստեղ մարդիկ ասում են, որ հարցն իսկապես ընտրվել է գյուղի ժողովում։

«Կենտրոնական ճանապարհի արտաքին լուսավորությունը տեղադրել է պետությունը, իսկ թաղամասերում՝ գյուղի ծրագիրը։ Մենք չենք ընտրել, թե ով զբաղվի այդ գործով, որքան գիտեմ՝ մրցույթով է եղել ու այնտեղից է ընտրվել»,- ասում է Ճելայի բնակիչ Գուրամ Սուրմանիձեն։

Ճելայում արտաքին լուսավորության կազմակերպման աշխատանքները երկու անգամ կատարել է անհատ ձեռներեց Նանուլի Շանթաձեն՝ ընդհանուր գումարը կազմել է գրեթե 24 000 լարի։ Շանթաձեն այլ գնումներ չի ստացել։ Նա Ռոին Աբուլաձեի մայրն է, ով ղեկավարում է Ադիգենի մեծամասնական պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի գրասենյակը և պարբերաբար մասնակցում է Ադիգենի քաղաքային խորհրդի նիստերին։

Ճեճլա

Ճելայի հարևանությամբ գտնվող Ճեճլա գյուղում խմելու ջրի հարցը երեք անգամ է դարձել առաջնահերթություն։ Այստեղ գնումներ են կնքվել ՝ 2020 թվականին՝ խմելու ջրի ցանցի կազմակերպման համար, (պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2022 թվականը), 2021 թվականին՝ խմելու ջրի ցանցի վերականգնում (պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2023 թվականը), 2023 թվականին՝ խմելու ջրի հիմնական օբյեկտի վերականգնում։
Աշխատանքները կատարվել են երեք անգամ տարբեր անհատ ձեռներեցների կողմից՝ ընդհանուր՝ 27 000 լարի արժողությամբ։ Այնուամենայնիվ, գյուղի համար խմելու ջուրը դեռևս խնդիր է։

«Այո, արվել է, բայց ամեն ամառ մեր ջուրը կտրվում է, այս գարնանը նույնպես կտրվել էր, վերանորոգում էին։ Այստեղ ջուրը հիմնականում սարից են բերում, խնդիրն էլ վերևում է, մի բան փչանում է», – ասում է Ռոլի Մգելաձեն։ Հարցին, արդյո՞ք ինքը մասնակցում է այն ժողովներին, որտեղ ընտրվում է գյուղում լուծվող հարցը, նա պատասխանում է, որ չի մասնակցում։

«Մենք՝ կանայք, հազվադեպ ենք գնում, հիմնականում տղամարդիկ են հաճախում նման հանդիպումների։ Կանանց ջանքերից մեկն էլ այն էր, որ մենք ուզում էինք պարուսույց բերել գյուղ, քանի որ երեխաները շատ են, և մենք ուզում էինք դրա համար դահլիճ սարքել։ Մենք ունենք շենք՝ հին հարսանյաց սրահը, որը ոչ ոք ոչ մի բանի համար չի օգտագործում, ոչինչ չպետք է վճարեինք դրա համար, և ուզում էինք այն վերածել մշակույթի տան, բայց չստացվեց»,- նրա պարզաբանմամբ՝ գյուղում մանկապարտեզ կամ ժամանցի հրապարակ չունեն։

Ճեճլայում բնակվող Ջամբուլ Շավաձեն անձամբ է եղել խմելու ջրի խնդիրը ներկայացնելու հանդիպմանը։ Նա ասում է, որ բնակավայրում շատ բան են ուզում անել, բայց խմելու ջուրն առաջնային է, դրա համար էլ գումարը ծախսվում է դրա վրա։

«Խմելու ջրի խնդիր միշտ ունենք, քանի որ սկզբում լավ չէր արվել, հիմա էլ աստիճանաբար շտկում ենք։ Այդքան գումար չկար, և ոչ ոք այդ գործը լավ չի արել»,- հիշում է Ջամբուլը։

Բացի խմելու ջրից, Ճեճլա գյուղում 2019 և 2020 թվականներին երկու անգամ առաջնահերթություն է ընտրվել ներքին ճանապարհների կառուցումը, իսկ 2022 թվականին գյուղում մեկ քրիստոնեական և երկու մահմեդական գերեզմանատան ցանկապատումը։

Արդյունքը

Վերջին հինգ տարում միայն «Գյուղին աջակցություն ծրագրի» շրջանակներում Ադիգենի քաղաքապետարանն իր աջակիցներին՝ «Վրացական երազանքի» ակտիվիստներին և քաղաքապետարանում աշխատող անձանց/նրանց հարազատներին՝ պարզեցված գնումների միջոցով տվել է առնվազն 1,5 մլն լարի։

Այն, որ «Գյուղին աջակցություն ծրագրի» պարզեցված գնումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, այդ մասին խոսում են մի քանի կազմակերպությունների հետազոտողներ։

«Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան»-ի փոխանցմամբ՝ նման պարզեցված եղանակով երկրի 54 քաղաքապետարաններ ամեն տարի մի քանի հազար նախագիծ են գնում, որոնք հաստատվում են Վրաստանի կառավարության և պետական գնումների գործակալության կողմից։

«Մրցակցային ընթացակարգերի համեմատ պարզեցված գնումները միշտ կոռուպցիոն ռիսկի բարձրացում են պարունակում, քանի որ դրա օգտագործման ընթացքում ընկերությունը ընտրվում է ոչ թափանցիկ և ոչ մրցակցային։ Գնորդները շատ ավելի հավանական է, որ ընտրեն ընկերություններ՝ հիմնվելով գնի և որակի այլ չափանիշների վրա, որոնք պոտենցիալ անարդար կամ անօրինական են: Պարզեցված գնման ժամանակ մեծանում է նաև թաքնված գործարքների ռիսկը։

Գյուղին աջակցություն ծրագրի շրջանակներում ամեն տարի 40 միլիոնանոց մի քանի հազար լարի ծախսելու կառավարության և պետական գնումների գործակալության որոշումը այս կերպ կարելի է որակել որպես անօրինական, ինչպես նաև անպատասխանատու և կոռուպցիա խրախուսող»։