«Օտարերկրյա գործակալների ռեգիստրում» գրանցման համար կազմակերպություններին տրված ժամկետի ավարտին մնացել է 2 օր։ Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ Վրաստանում գրանցման համար արդեն 300-ից ավելի հասարակական կազմակերպություններ ներկայացրել են դիմում, իսկ Ախալքալաքում 12 ակտիվ կազմակերպություններից կգրանցվեն 4-ը։
Ջավախքում հասարակական կազմակերպությունների գործունեության 25 տարիների ընթացքում նրանց թիվը նվազել է։ Այսօր 200-ից ավելի գրանցվածներից մնացել են ակտիվ մի քանի տասնյակ։ Ըստ Jnews-ի՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործող 12 հասարակական կազմակերպություններ ընտրել են «օտարերկրյա գործակալների ռեգիստրում» գրանցման 3 տարբերակ։
Չորս կազմակերպություն որոշել է գրանցվել «օտարերկրյա գործակալների ռեգիստրում»: Եվս 4 հասարակական կազմակերպություն վերջին երկու տարվա ընթացքում արտերկրից որևէ հիմնադրամից կամ դոնորից ֆինանսավորում չի ստացել, հետևաբար գրանցվելու կարիք չի ունեցել։ Եվս 4 հասարակական կազմակերպություններ, որոնք դրամաշնորհներ են ստացել օտարերկրյա դոնորներից և հիմնադրամներից, չեն գրանցվի կամ գտնվում են սպասման ռեժիմում։
Սեպտեմբերի 2-ից Արդարադատության նախարարությունը կսկսի գրանցումից խուսափածների մոնիթորինգը։ Նրանց, ովքեր ընկնում են օրենքի տակ, բայց չեն գրանցվում, սպառնում է հազարավոր լարիի տուգանքներ:
Նշենք, որ Ախալքալաքի հասարակական կազմակերպություններից կան արտադպրոցական կրթությունը խթանող, աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատող, ընտանեկան բռնության և գենդերային անհավասարության զոհերի հետ աշխատող, ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատող և այլ կազմակերպություններ։
Հավելենք նաև, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը օգոստոսի 30-ին, հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ Վրաստանում ավելի քան 300 հասարակական կազմակերպություններ դիմել են «օտարերկրյա գործակալների ռեգիստրում» գրանցման համար՝ օգոստոսի 2-ից՝ դրա գործարկման պահից: Նույն տվյալների համաձայն՝ Վրաստանում գրանցված է ընդհանուր առմամբ 30 հազար ոչ առևտրային կազմակերպություն, այդ թվում՝ շատ չգործող կազմակերպություններ։