Մի աշխարհում, որտեղ գերակշռում է զանգվածային արտադրությունը, Պավլուշ պապն առանձնանում է իր վարպետությունով և չկրկնվող գործերով: Նրա արհեստանոցի վերածված խանութը, որը գտնվում է Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում, անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի: Այստեղ սովորական նյութերը՝ փայտ, ապակի, կոն և այլն, վերածնվում են գրավիչ վիզուալով պատկերների:

74-ամյա Շահբազյան Պավլուշն ապրում է Բալխո գյուղում։ Օրվա մեծ մասն անցկացնում է խանութում։ Մեր հերոսը վերջին 6 տարվա ընթացքում իր համար բացահայտել է նոր ու հետաքրքիր զբաղմունք, որի միջոցով ինչպես ինքն է նշում՝ հանգստանում է և իր հույզերը փոխանցում։ Խոսքը տարբեր իրերից պատրաստված պատկերների մասին է, որոնք առաջին հայացքից իրար նման են, բայց ուշադիր նայելուց է միայն պարզ դառնում, որ ոչ մի աշխատանք չի  կրկնվում։

Խանութի պատերը, որը ծառայում է նաև որպես արհեստանոց՝ զարդարված են գունագեղ պատկերներով, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է յուրահատուկ մոտեցում և մանրակրկիտ ուշադրություն մանրուքների նկատմամբ: Այն, ինչը հատկապես գրավիչ է դարձնում Պավլուշ պապի ստեղծագործությունները, նրա կարողությունն է տեսնելու պոտենցիալ նյութերը, որոնք ուրիշները կարող են անտեսել: Նա վերցնում է փայտի մնացորդները, ապակու բեկորները և նույնիսկ սոճու չորացած կոները և ձևավորում դրանք։

1

2

5

«Յուրաքանչյուր աշխատանք ունի իր պատմությունը, և իմ գործն է դրանք կյանքի կոչել», – այսպես է նկարագրում նա իր աշխատանքները, շտապելով ցույց տալ մեկը մեկից հետաքրքիր ու արտասովոր աշխատանքները:

3

4

Պավլուշ պապի մոտ սրբապատկերներ պատրաստելու գաղափարն առաջացել է գյուղի եկեղեցին վերանորոգելու ժամանակ։

«2004 թ․-ին ռուսաստանաբնակ մեր համագյուղացիներից մեկը որոշեց վերանորոգել գյուղի եկեղեցին և դիմեց ինձ այդ գործի համար, ես էլ չմերժեցի և համագյուղացիների օգնությամբ այդ աշխատանքն իրականացվեց, դրանից հետո ես որոշեցի այսպիսի սրբապատկերներ պատրաստել և մինչև օրս շարունակում եմ», – ասում նա:

7Այս աշխատանքը ստեղծվել է մեքենայի մարտկոցից և այդ պատճառով էլ լուսավորվում է և ցերեկները արևից ստացած էներգիայով լույս է տալիս:

Նրա բոլոր աշխատանքները կամ սրբապատկերներ են, կամ խաչեր։

«Համավարակը երբ սկսվեց ես էլ, կինս էլ վարակվեցինք և ստիպված եղանք երկար պայքարել վիրուսի դեմ։ Երկուսիս էլ հոսպիտալացրել էին, հատկապես կինս դժվար տարավ, 45 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց, բայց բարեբախտաբար երկուսս էլ ողջ և առողջ տուն վերադարձանք։ Դա Աստծո օրհնությունն եմ համարում իմ այս աշխատանքների համար և իմ այս շնորհը ևս Աստծուց է տրված», – ընդգծում է Պավլուշ Շահբազյանը:

13
Սա Պավլուշ պապի «ընկերն» է, հենց այս պինցետով է նա հավաքում բոլոր դետալները

11
Իսկ սրանք այն նյութերի մի մասն են, որոնցով ստեղծվում են սրբապատկերները

6
Սիրամարգի թևերը կոնով է պատրաստել

«Երբ որոշում եմ նոր աշխատանք սկսել, գիշերը քնելուց առաջ մտքիս մեջ սկսում եմ նախնական պատկերը կազմել, որոշում եմ գույներն ու դետալները, նյութերը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ: Այս պահի դրությամբ 130-ից ավելի աշխատանք ունեմ ստեղծած, բայց դրանցից ոչ մեկը մյուսին նման չէ: Մեծ սիրով կսովորեցների իմ արհեստը մարդկանց, բայց ցավոք հետաքրքրվողներ չկան»:

Մեր հերոսը հիմնականում իր աշխատանքները նվիրում է, չնայած նշում է՝ երբեմն լինում է, որ գալիս են հատուկ գնելու նպատակով, բայց նա հստակ գումար չի նշում, ասում է՝ ում մտքից ինչքան անցնում է:

12

Պավլիկ Շահբազյանը կիսվում է իր երազանքներով և ասում, որ շատ ուրախ կլիներ, եթե հնարավորություն ունենար ցուցահանդեսներում ներկայացնել իր աշխատանքները: