Ախալքալաքում տաղանդը գաղափարի վերածելու ու դրանից դեպի սեփական բիզնես քայլելը բավականին բարդ ճանապարհ է։ Այն երբեմն տևում է տարիներ, քանի որ որոշ դեպքերում չեն բավարարում ռեսուրսներն ու ժամանակը։ Եթե զարգացած քաղաքներում շատ բարձր է գնահատվում ձեռքի աշխատանքը, ապա Ախալքալաքում այդպես չէ։ Մեր հերոսները՝ Քրիստինե Սահակյանը և Ցողիկ Մարգարյանն արդեն մի քանի տարի է զբաղվում են ձեռագործ աշխատանքով, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում իրենց սիրելի գործը վերածել բիզնեսի։
Եթե Քրիստինեն տեղյակ չէ, որ հնարավոր է պետական ու ոչ պետական դրամաշնորհի դիմել, որպեսզի իր սկսած գործը եկամտաբեր բիզնես դառնա, ապա Ցողիկը գիտի ու ստացել է դրամաշնորհ, սակայն ժամանակի սղության պատճառով չի կարողանում հասնել ցանկալի արդյունքի։
JNEWS-ը փորձել է պարզել, թե Ախալքալաքում ինքնազբաղվածներն ի՞նչ դժվարություններ են հաղթահարում աշխատանքի ընթացքում, և ի՞նչն է նրանց խանգարում զարգացնել սկսած գործը։
Վարևան գյուղից Քրիստինե Սահակյանը 18 տարեկան է, արդեն երկու տարի է հուլունքներով պայուսակներ է գործում, թղթերով գունավոր թիթեռների տեսքով փնջեր հավաքում, հարսանեկան և այլ արարողությունների տարոսիկներ պատրաստում։
Պատվերներ ստանում է, բայց ոչ այնքան, որ իր սիրելի զբաղմունքը բիզնեսի վերածի։ Քրիստինեն նույնիսկ տեղյակ չէր, որ կարող է բիզնեսը զարգացնելու համար դրամաշնորհի դիմել։
Քրիստինեն և իր պատրաստած պայուսակները
«16 տարեկան էի, երկու տարի առաջ, երբ տեսա ինտերնետով Հայաստանում մի աղջիկ անում էր նույն գործը, տեսել ու ոգեշնչվել եմ նրանից։ Այնուհետև, սովորելով նրանից սկսեցի գործել, հիմա իմ հատուկ տեխնիկայով եմ աշխատում, որը ոչ մի տեղ չկա։ Անգամ հետո ուզում եմ խմբակ բացել, հիմա դեռ պատրաստ չեմ սովորեցնել։ Երբ սկսեցի այս գործով զբաղվել մեր շրջանում ոչ ոք չէր անում նմանատիպ պայուսակներ», – պատմում է Քրիստինեն։
Նրա աշխատանքները ներկայացված են միայն առցանց հարթակում։ Իր ինստագրամյան էջում՝ «Atmosphere» անվամբ։ Հեղինակային պայուսակների պատվերներ է ստանում ոչ միայն տեղում, այլև Հայաստանից և Ռուսաստանից։
«Երբ սկսեցի զբաղվել այս գործով, մոտ կես տարի սոցիալական էջերում իմ բրենդը չկար, հետո որոշեցի ինստագրամի էջ բացել։ Դրանից հետո կարծես ավելի արագացավ հայտնի դառանալս և էլ ավելի առաջ գնացի», – պատմում է Քրիստինեն։
Դժվարությունների մասին խոսելիս Քրիստինեն առանձնացնում է այն, որ այստեղ չկան այն հուլունքները, որոնցով նա աշխատում է։ Ստիպված է հասնել Թբիլիսի կամ Երևան։ Նշում է՝ բավականին թանկ են հուլունքները, իսկ աշխատանքը շատ աշխատատար։ Մի պայուսակ գործելու համար նրանից ամենաքիչը 7-ից 8 ժամ է պահանջվում։
«Բնականաբար հիմա ավելի արագ եմ գործում, ժամանակի հետ կատարելագործվում ես։ Փորձում եմ իմ սեփական դիզայնը ստեղծել և չօգտվել ուրիշի մտքերից», – ասում է Քրիստինեն։
Երիտասարդ աղջնակն այնքան շատ է սիրում իր ներկայիս աշխատանքը, որ անգամ մասնագիտությունն է համատեղել։ Այս տարի ընդունվել է Թբիլիսիի երկու համալսարանում։ Երկու տեղում էլ փորձելու է համատեղել ուսումը, կարծում է հեշտ կլինի, քանի որ ընտրել է նույն մասնագիտությունը՝ ինտերիեր դիզայներ։
Մեր հարցին, արդյո՞ք կարողանում է գումար վաստակել, նա պատասխանեց․
«Չեմ կարող ասել, որ գործս դարձել է ինձ համար բիզնես, քանի որ ես ապրանքը գնում եմ թանկ, չեմ կարողանում վաճառել, քանի որ մեր մոտ թանկ բաներ շատ չեն գնում։ Օրինակ՝ մի պայուսակի վրա ծախսում եմ 60 լարի, վաճառում եմ 70-75 լարիի։ Ստացվում է, որ իմ 8 ժամվա աշխատանքը 10-15 լարի է գնահատվում։ Լինում է նաև այնպես, որ ես գործ չեմ ունենում քաղաքում, ստիպված տաքսու գումար եմ տալիս, որ պատվերը հասցնի պատվիրատուին։ Այսինքն, դեռ միայն աշխատում եմ, որ բրենդիս անունը հաստատեմ»։
Մեր հերոսուհին երազում է սեփական գողտրիկ խանութ բացելու մասին, որտեղ կկարողանա ոչ միայն ցուցադրել իր ձեռագործ աշխատանքները՝ պայուսակներից մինչև մոմեր, այլև վաճառել դրանք։ Բայց դեռ ունեցած միջոցները բավարար չեն խանութ բացելու համար, իսկ դրամաշնորհի դիմելու հնարավորության մասին նա մեզանից է տեղեկանում։
Ցողիկ Մարգարյանի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։ Նա նույնպես փորձում է սիրած զբաղմունքը` բիսեռագործությունը բիզնեսի վերածել։ Բիզնեսի զարգացման դրամաշնորհների մասին տեղյակ է, նույնիսկ դիմել է ու ստացել, սակայն, նշում է՝ ժամանակի սղության պատճառով շատ ակտիվ լինել չի կարողանում։ Քանի դեռ սիրած գործը էական եկամուտ չի բերում ստիպված է աշխատել այլ տեղերում, օրինակ՝ թոնրատանը, լավաշ է թխում։
Ցողիկը գրեթե 12 տարի է զբաղվում է իր սիրելի գործով, կատարում է բիսեռով աշխատանք։ Ներկայացված ունի մոտ 70 աշխատանք։
«Տարին 12 ամիս այս գործով եմ զբաղվում, վաճառում եմ։ Նախագծերի շատ չեմ դիմել, մեկ անգամ եմ դիմել։ Իհարկե՝ գիտեմ, որ կան տարբեր դրամաշնորհներ, որ կարելի է դիմել, ուղղակի ես ժամանակ չունեմ, որպեսզի դիմեմ։ Մի անգամ կարողացա դիմել։ Կարծում եմ, այդ նախագծերը կօգնեն, որ զարգացնեմ գործս։ Բայց այդ նախագծերին դիմողը պարզապես պետք է միայն այդ գործով զբաղվի, աշխատի միայն այդ ուղղությամբ, որպեսզի զարգանա», – ասում է Ցողիկը։
Ցողիկն նշում է՝ իր կատարած աշխատանքը դեռ բիզնեսի մակարդակի չի հասել, դրանով նորմալ գումար չի վաստակում։ Պատվերներ ստանում է, բայց՝ ոչ շատ։
«Խնդիր է նաև այն է, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում ձեռագործ աշխատանքները, չկա գիտակցությունը, որ դա ստեղծագործական աշխատանք է, ինչի համար բարձր գին են սահմանում: Հաճախ մարդիկ աշխատանքդ չեն գնահատում», – կիսվում է Ցողիկ Մարգարյանը։
Զատկական տոնին նվիրված ասեղնագործ ձվեր
Ցողիկը նկարներ ունի պատրաստած, որ մեկ տարի է տևել, կան նաև այնպիսինները, որ 3-4 ամիս։ Ընդգծում է՝ փոքր գործերն ավելի քիչ ժամանակ են պահանջում։
Ցողիկի ձեռքով պատրաստած ապարանջանը
Սերգեյ Խաչատուրյանը, ով երկար տարիներ է աշխատում է այնպիսի ասպարեզում, որտեղ տարբեր նախագծերով ֆինանսավորում են տրամադրում նորաստեղծ և այլ բիզնեսների ներկայացուցիչներին, ասում է՝ միայն ֆինանսավորումը բավական չէ, այն ստանալուց հետո բիզնեսի տերերը պետք է աշխատեն այն զարգացնելու ուղղությամբ։
«Կան այնպիսիները, որոնք մրցակցությանը չեն դիմանում, մոտիվացիա պետք է ունենա շահառուն, պլանավորի ռազմավարություն, թե ինչպես բախշի իր ֆինանսները, որպեսզի հետագայում կարողանա բիզնեսն առաջ տանի, ավելի մրցունակ դարձնի իր արտադրությունը կամ ծառայությունը։ Նշեմ նաև, որ նրանք քիչ են աշխատում մարքեթինգի ուղղությամբ։ Դրամաշնորհը նրանց հնարավորություն է տալիս որոշակի փուլում կայանալու, բայց հետագայում նրանք պետք է ներդրում անեն իրենց բիզնեսը զարգացնելու համար։ Պետք է ուսումնասիրեն իրենց մրցակիցներին, հետևեն, թե ինչպես է զարգանում շուկան, նորություններ մտցնեն», – ասում է Սերգեյ Խաչատուրյանը։
Չնայած այն հանգամանքին, որ մեր հերոսները դեռ չեն կարողացել իրենց սիրելի գործը վերածել եկամտաբեր ու կայացած բիզնեսի, միևնույն է՝ չեն հիասթափվում և ծրագրում են ապագայում զարգացնել այն։ Ախալքալաքի նման փոքր մունիցիպալիտետում բավականին ժամանակ է հարկավոր, որպեսզի ձեռագործ աշխատանքը գնահատվի, իսկ բիզնես վարողները լրջորեն զբաղվեն իրենց ապրանքի բերնդինգով ու մարքեթինքով։