Արդեն գրեթե մեկ ամիս Վրաստանի արդարադատության նախարարությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շրջանակներում գործարկել է «գործակալների ռեեստրի» կայքը, որտեղ գրանցումն ըստ ցանկության է: Ամբողջ երկրի մասշտաբով կան կազմակերպություններ, որոնք արդեն գրանցվել են կամ պատրաստվում են, կան նաև այնպիսինները, որոնք չեն պատրաստվում գրանցվել, բայց պատրաստակամ են հայտարարագիրը լրացնելու։ Գրանցվելու, չգրանցվելու և հայտարարագիր ներկայացնելու տարբերությունների մասին խոսել ենք «Մեկնաբանություններ» հարթակի խմբագիր Սոփո Վերձեուլիի հետ։
– Ի՞նչ տարբերություն կա գրանցվող, չգրանցվող և հայտարարագիր ներկայացնող կազմակերպությունների մեջ։
– Հիմա արդեն ժամանակ է տրված, որի ընթացքում օրենքը պահանջում է, որ գրանցվեն։ Այդ ժամկետը մինչև սեպտեմբերի սկիզբ է։ Դրանից հետո, օրենքում կարդում ենք, որ երբ ավարտվի գրանցման ժամկետը, արդեն պետական մարմիններն ու համապատասխան ծառայությունները, որոնք ստեղծվել են այս օրենքի շրջանակներում, իրավունք կունենան որոշում կայացնելու, թե ո՞ւմ և ո՞ր կազմակերպությունն են ստուգելու։ Հիմա մենք չգիտենք, թե սեպտեմբերից ո՞ր կազմակերպությունների հանդեպ են սկսելու մոնիթորինգ անցկացնել։
Օրենքը նաև ասում է, որ համապատասխան ծառայությունը կարող է սկսել մոնիթորինգ՝ պարզելու համար, թե կա՞ն կազմակերպություններ, որոնք պետք է գրանցվեին և չեն գրանցվել, կամ ստուգեն այն կազմակերպություններին, որոնք գրանցվել ու հայտարարագիր են ներկայացրել, և որքանով ամբողջական են ներկայացրել հայտարարագիրը։ Հիմա ոչինչ չենք կարող ասել, թե ինչպես է ընթանալու այդ գործընթացը։ Օրինակ, եթե կազմակերպությունը մտադիր չէ գրանցվել և հայտնվում է մոնիթորինգի շրջանակներում, և եթե պետությունը կազմակերպությանը հարցեր ունի և սկսի ստուգումը, պետությունն այդ մասին կտեղեկացնի կազմակերպությանը, պահանջելով համապատասխան տեղեկություն և հաստատվելով, որ կազմակերպությունն ըստ կանոնի պարտավոր էր գրանցվելու և չի գրանցվել, ապա կարող է ստիպողաբար գրանցել և տուգանել։ Եթե կազմակերպությունն ունի դրա հնարավորությունը, որ վճարի տուգանքը, դա նրան չի ազատում պարտադրաբար գրանցվելուց։ Իսկ այսպես ասած՝ երկրորդ տեսակի կազմակերպությունները, որոնք չեն պատրաստվում գրանցվել, բայց ներկայացնելու են հայտարարագիր, առանձնացված չեն։ Հետևաբար, եթե պետությունը սկսի մոնիթորինգ անցկացնել և պարզի, որ տվյալ կազմակերպության եկամտի 20%-ից ավելին օտարերկրյա աղբյուրներից ստացած միջոցներն են, ապա ստիպողաբար են գրանցում և տուգանում։
– Արդյո՞ք կկարողանան ազատ աշխատել այն կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները ինքնակամ կգրանցվեն։ Ինչպիսի՞ աշխատանք է սպասվում չգրանցվող կազմակերպություններին։
– Այս օրենքի ընդունումից հետո, իհարկե, ազատ աշխատել չեն կարողանա ոչ միայն այն կազմակերպությունները, որոնք չեն գրանցվել, այլ այն կազմակերպությունները, որոնք տարբեր պատճառներից ելնելով որոշում են ընդունել գրանցվելու։ Տեխնիկական արգելքից կազատվեն այն կազմակերպությունները, ովքեր կգրանցվեն և կլրացնեն հայտարարագիրը, ի տարբերություն մյուս կազմակերպությունների։ Չգրանցվողները կարող են տուգանվել շատ մեծ չափերով, ենթարկվել բռնագանձման, հարկադրանքի և նույնիսկ աշխատանքի կասեցման։ Բայց գրանցումը չի ազատում հետագայում հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից։ Դա միանգամյա գործընթաց չէ, հայտարարագիր պետք է ամեն տարի լրացնել։ Եթե նույնիսկ կազմակերպությունները լրացնում են հայտարարագիր, դա չի նշանակում, որ պետությունը չի բողոքարկելու հայտարարագրի բովանդակությունը, թե ինչքանո՞վ է ամեն ինչ ճիշտ գրված հայտարարագրում, որքանո՞վ է հստակ ծախսերի թիրախավորումը և այլն։ Իհարկե, գործընթացը տեխնիկապես կհեշտանա այն կազմակերպությունների համար, որորնք կորոշեն գրանցվել ու հայտարարագիր ներկայացնել, փաստացի ազատվում են տույժերից և բռնագանձումներից, բայց դա չի նշանակում, որ ՀԿ-ների համար իդեալական աշխատանքային պայմաններ կլինեն։ Կարծում եմ, որ այս օրենքը հակասահմանադրական է։