Ախալքալաքի Ջավախեթի փողոցի բնակիչներին այսօր էլ անհանգստացնում են այն խնդիրները, որոնք առաջացել են 3-6 տարվա պատմություն ունեցող փողոցի ասֆալտապատումից հետո։ Պատասխանատու մարմինները նորից խոստանում են լուծել խնդիրը:
Վերջին անգամ, երբ մենք անդրադարձանք Ջավախեթի փողոցի փոսերի խնդրին, 2016 թվականի ամռանն էր։ Այդ ժամանակ բնակիչները մեզ էին դիմել անորակ ճանապարհաշինությունից տուժելու պատճառով։ Անձրևաջրերը լցվում էր տները, մայթեզրերը և ասֆալտը քանդվել էր, իսկ երթևեկությունը խնդիր էր ոչ միայն վարորդների, այլ նաև բնակիչների համար։
Բնակիչների բողոքների հետ համամիտ էին նաև Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտում, որտեղ մեզ խոստացան, որ տվյալ խնդիրը 2-ից 3 ամսվա ընթացքում կստանա համապատասխան լուծում: Այսինքն, կշտկվեն շինարարական սխալները, որոնք էլ նմանատիպ անհարմարությունների առիթ են հանդիսանում։
Ճանապարհի վերանորոգման խոստումից անցել է 6 ամիս, սակայն գոյություն ունեցող խնդիրները լուծվելու փոխարեն ավելացել են։ Ջավախեթի փողոցի փոսերը, գուցե ձմռանը ծածկվում են ձյան շերտի տակ, բայց գարնանը սկսում են «գործել» մեքենաների անիվների տակ։
«Ճանապարհը նորոգել են մոտավորապես 3 տարի առաջ, բայց մի տարի չանցած այն քանդվեց։ Մայթեզրերի մոտ փոսեր են գոյացել, ուղղակի ձյունն է ծածկել չի երևում, հենց մեքենաները անցնում են, փոսերի ամբողջ հավաքված ջուրը պատուհաններին է թռնում»,- ասաց Ջավախեթի փողոցի բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ։
«Ասֆալտը քանդվում է, չնայած եղած ժամանակ էլ շինարարական սխալ կար, ջուրը դեպի ներքև էր հոսում ու լցվում մարդկանց տները»,- փողոցի խնդիրների մասին ասաց փողոցի մի այլ բնակչուհի։
«Ճանապարհը ունի խնդիրներ, շինարարությունից հետո սկսեց քանդվել և օրեցօր փոսերն ավելանում են»,- ասաց Ջավախեթի փողոցի բնակիչ Արարատը։
Վեց ամիս անց կրկին Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից փորձեցինք տեղեկացվել, թե ինչի պատճառով խոստացված նորոգումը չի իրականացվել՝ «Մենք իրավիճակին տեղյակ ենք և եղանակների տաքացմանը զուգահեռ կսկսենք վերանորոգման աշխատանքները, իսկ թե ինչու անցած տարի չվերանորոգվեց, մենք չենք կարող պատասխանել»։
Ջուլիետա Տոնականյան