Ախալքալաքի Ջավախեթի փողոցի բնակիչները դժգոհում են 2 տարի առաջ նորոգած ճանապարհի վատ որակից, քանի-որ անձրևաջուրը հավաքվում է տների դիմաց։

«Ջուրը հավաքվում է տան մուտքի մոտ, մեքենաները անցնում են և հավաքված ջուրը ամբողջությամբ տարածվում է անցորդների ու բակում նստած բնակիչների վրա։ Երկու տարի է այս վիճակում ենք՝ այսինքն ինչ ճանապարհը նորոգել են։ Մեր տան դիմացից շաբաթներով ջուրը չի չորանում, գրեթե ամեն օր անձրև է գալիս ու հավաքված ջուրը էլ ավելի է շատանում», – մեզ հետ զրույցում ասաց Ջավախեթի փողոցի բնակչուհի Կարինե Թոփալյանը։

Այս փողոցում խնդիր է ոչ միայն ջրի հավաքվելը, այլ նաև մայթի եզրաքարերի քանդված վիճակը, որից ելնելով բնակիչները եզրաքարերի քանդված հատվածներում անիվներ են տեղադրել՝ «Մի քանի օր առաջ մեքենան հարվածել էր անիվին վերջինս էլ տան դարպասին, եթե մարդ լիներ չեմ ուզում պատկերացնել թե ինչ կլիներ», – ասաց Կարինե Թոփալյանը։

Մեր այցի ժամանակ Ջավախեթի փողոցը չոր էր, սակայն բնակիչները վստահեցրին, որ ամեն անգամ անձրևից հետո իրենք են մաքրում հավաքված ջուրը, հակառակ դեպքում այն կմնա և կվերածվի ցեխի։

«Հավաքված ջուրը ամբողջությամբ տան տակն է լցվում։ Ճանապարհը ճիշտ չեն նորոգել դրա համար ջուրը հավաքվում է, եթե բնակիչները չմաքրեն ջուրը կնեխի», – դժգոհեց նույն փողոցի բնակիչ Աղաջանյան Վարդգեսը։

Փողոցի անորակ վերանորոգման «վկաներ» են նաև բազմաթիվ փոսերը, որոնք առաջացել են շինարարական աշխատանքներից գրեթե անմիջապես հետո: Այս խնդրի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն իմանալ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, քանի որ այս փողոցը պետական նշանակության ճանապարհ է և դրա վերանորոգումը տեղական իշխանության իրավասությունների մեջ չի մտնում: Ճանապարհային դեպարտամենտում երկար ժամանակի ընթացքում մի բաժնից մյուսը փոխանցելով ի վերջո պատասխանեցին մեր հարցերին։

«Հիմնական պատճառը՝ շինարարական սխալն է, ինչի մեղավորները շինարարներն են եղել։ Սակայն մենք շինարարներից պատասխանատվություն պահանջել չենք կարող, քանի-որ արդեն լրացել է այն ժամանակը երբ նրանք պատասխանատու էին շտկել սխալները»:

Մի քանի տարի առաջ թույլ տված սխալի մասին բարձրաձայնելուց հետո միայն Ճանապարհային դեպարտամենտից խոստացան ամենաշատը ամիս ու կես հետո կրկին վերանորոգել տվյալ ճանապարհահատվածը։
«Մենք ամենաուշը ամիս ու կեսից կվերանորոգենք այդ ճանապարհը։ Տենդեր կհայտարարենք։ Ծավալուն աշխատանք պետք է իրականացնել, պետք է ճանապարհը բարձրացնել»,- տեղեկացրեցին ճանապարհային դեպարտամենտից։

Այս ամենից հետո բնակիչներին մնում է համբերատար սպասել տրված խոստմանը, այս անգամ անսխալ և որակյալ վերանորոգած ճանապարհ ունենալու ակնկալիքով։

Ջուլիետա Տոնականյան