Վրաստանում 2024 թվականին ընդունված այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը զգալի հասարակական և քաղաքական ուշադրություն է գրավել։ Օրենքը պահանջում է, որ արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպություններն ու լրատվամիջոցները գրանցվեն այսպես կոչված օտարերկրյա գործակալների ռեգիստրում և կատարել մի շարք պարտավորություններ: Օրենքը, սակայն, ազդում է ոչ միայն հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, այլև այս տարի երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա։«Համաքաղաքացիական շարժում-Բազմազգ Վրաստան» կուսակցության նախագահ Առնոլդ Ստեփանյանի խոսքով, օրենքն առաջին հերթին ազդում է դիտորդական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների վրա։
«Որոշակի խնդիրներ արդեն իսկ ստեղծվում են ընտրությունների նկատմամբ դիտորդություն իրականացնող կազմակերպությունների համար: Տվյալ դեպքում ոչ թե ուղղակի խնդիրներ, այլ՝ այս օրենքի ընդունմամբ առաջացած, քանի որ դիտորդների հետ աշխատելու փոխարեն մեր ժամանակի 100 տոկոսը տրամադրում ենք նախընտրական իրավիճակին հետևելուն, մենք ստիպված ենք քայլեր ձեռնարկել, մտածել, թե ինչպես կարող ենք գոյատևել նոր պայմաններում և հասնել մինչև ընտրությունները»,- ասում է նա։
Սակայն, երկար տարիներ ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ղեկավարի խոսքով, տեղի է ունեցել ընտրազանգվածի փոփոխություն:
«Տոկոսային առումով դժվարանում եմ ասել, թե ինչպես է դա ազդել, քանի որ այժմ հրապարակված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության վարկանիշը չի իջել, բայց ես կարծում եմ, որ ընտրազանգվածի փոփոխություն է եղել, մարդիկ երես են թեքել իշխող կուսակցությունից, իսկ շատ մարդիկ էլ շրջվել են դեմքով դեպի կուսակցությունը:
Այսինքն՝ «Երազանքի» ընտրողների դեմոկրատական, ազատական հատվածը երես է թեքել իշխող կուսակցությունից, իսկ պահպանողական, արմատական, ավանդական կողմնորոշված մասը սկսել է շրջվել դեպի այն։ Այսինքն՝ շերտերի փոփոխություն է տեղի ունենում։ Իշխող կուսակցությունը փոխել է այն դե ֆակտո կողմնորոշիչները, որոնցով նախկինում նա հասնում էր մինչ այդ, և ըստ այդմ՝ տեղի է ունենում ընտրազանգվածի շերտերի տեղաշարժ։ Հիմնականում երես են թեքել երիտասարդները։ Բայց երիտասարդների փոխարեն «Վրացական երազանք»-ի ընտրազանգվածի շարքերը համալրել են ավելի մեծ, տարեց մարդիկ»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը։
Օրենքը, որը կարծես թե միավորում է ընդդիմադիր ուժերին մեկ շարժման մեջ, մեծ ազդեցություն չի ունեցել նրանց վրա։
«Ընդդիմության մեջ համախմբվածություն առաջացրեց: Ոչ այնպիսին, ինչպիսին կցանկանային ընդդիմադիր տրամադրված ընտրողները: Կան մի քանի քաղաքական կենտրոններ, ընդդիմադիր: Ես կարծում եմ, սկզբունքորեն դա իդեալական մոդելը չէ, որով ընդդիմությունը կարող է գնալ ընտրությունների: Առնվազն մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնք ոչ մեկի հետ չեն միավորվել, կամ միավորվել են, բայց չեն կարողանալու 5 տոկոս հավաքել, նրանց ձայները կբաշխվեն բոլորի միջև, իսկ «առյուծի բաժինը» բաժին կհասնի իշխող կուսակցությանը։ Այսինքն՝ նա կվերցնի այս ձայները։ Իդեալական դեպքում, ընդդիմադիր ընտրազանգվածի համար բավարար կլիներ 3 կենտրոնը։
Մենք ունենք ընտրազանգված, որը քվեարկում է Սաակաշվիլիի, ՄԱԿ-ի օգտին: Կա ընդդիմադիր ընտրազանգված, որը պատրաստ չէ քվեարկել Սաակաշվիլիի օգտին։ Ե՛վ այստեղ, ե՛ւ այնտեղ այդ կենտրոններն երկփեղկված են կամ բաժանված։ Եվ չկա մեկ միջուկ: Եվ կա «Վրացական երազանքի» ընտրազանգվածը, որը նախկին առաջնորդների օգտին է, և քվեարկելու է Գախարիայի օգտին։ Երեք կենտրոնն օպտիմալ կլիներ, բայց երեքի փոխարեն մենք ստացանք մոտավորապես տասը: Սա, իհարկե, ձեռնտու է ՎԵ-ին և մեծացնում է նրանց շանսերը»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը: