Ծնունդով Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից Հմայակ Բասենցյանը երեկ ծաղիկներով այցելել է Ախալքալաքի հիվանդանոց՝ շնորհակալություն հայտնելու մանկաբույժ Բելլա Գուլանյանին՝ 56 տարի առաջ իր կյանքը փրկելու համար։ Նա որոշել է իր համար դա անել այն բանից հետո, երբ Երևանում, Միքայելյան հիվանդանոցում իրեն փրկել է բժշկի թոռնուհին՝ Բելլա Բարեկյանը։
Երիտասարդ աղջիկը կանգնած է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի դիմաց, մի տղամարդ տաքսիով մոտենում է նրան՝ ձեռքերին ծաղկեփունջ ու կոնֆետներ: Նրանք ողջունեցին միմյանց, կարծես հին ծանոթներ լինեին ու միասին մտան հիվանդանոցի շենք։ Նրանք բարձրացան երրորդ հարկ, որտեղ գտնվում է մանկաբուժական բաժանմունքը։ Բաժանմունքի վարիչ Բելլա Արմենակովնան, ինչպես նրան բոլորն են անվանում, ինչպես միշտ զբաղված է իր գործով և զրուցում է բուժքրոջ հետ՝ չնկատելով հյուրերին։ Հմայակ Բասենցյանը մոտենում է նրան և ներկայանում, պատմում իր փրկության պատմությունը և համբուրում բժշկուհու ձեռքը, որը նրան կյանք է տվել տարիներ առաջ։ Մոտակայքում լուռ կանգնած է երկրորդ Բելլան՝ նրա թոռնուհին, ով փրկել է նույն մարդու կյանքը, բայց 56 տարվա տարբերությամբ։
«Ես ծնվել եմ 1967 թվականին Կորխ գյուղում: Պորտալարս սխալ էին կապել և սկսվել էր սեպսիս: Բժշկուհի Բելլան և մայրս 8 ամիս տանջվել են ինձ փրկելու համար: Ութ ամիս ինձ տարել են Թբիլիսի, այնքան սրսկումներ արել, որ ինձ վրա տեղ չէր մնացել նոր ներարկումների համար: Մորս խոսքով, ես 5 րոպեով մահացել էի մարտ ամսին: Բժշկուհի Բելլան փրկեց ինձ: Ես դա լավ չեմ հիշում (ծիծաղում է): Պարզվեց, որ համառ էի և ողջ մնացի: Մայրիկս անընդհատ կրկնում էր՝ տանեմ բժշկին ցույց տամ։ Այդպես ես փրկվեցի։ 56 տարի անց ինձ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Հայաստանի Միքայելյան հիվանդանոց։ Այս անգամ ես սրտի կաթված էի տարել և չգիտեի այդ մասին: Բայց այս անգամ ինձ փրկեց մյուս Բելլան՝ նրա թոռնուհին։ Նման զուգադիպությունները տեղի են ունենում միայն Աստծո սցենարով: Աստված փրկեց ինձ առաջին անգամ, և փրկեց հիմա ևս: Բելլա Բարեկյան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- պատմում է Հմայակ Բասենցյանը։
1978 թվականին Հմայակ Բասենցյանի ընտանիքը տեղափոխվել է Երևան, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ ապրել է 25 տարի։ Մեկ տարի առաջ վերադառնալով Երևան՝ նրանք մնացել են Հայաստանում ապրելու, սակայն Հմայակ Բասենցյանի կապն Ախալքալաքի հետ չի ընդհատվել։ Նա կատակում է՝ «ես կապս կտրած չեմ, ես դեռ իմ հայրենիքի հետ կապը պահպանել եմ»:
Մեր հերոսի մայրը մահացել է 11 տարի առաջ, հուղարկավորված է Կորխ գյուղում։ Նա շատ էր ուզում, որ բժիշկը, ով փրկել էր իր որդու կյանքը, տեսներ, թե ով է նա դարձել:
«Երբ թոքաբորբի կասկածանքով հայտնվեցի Երևանի հիվանդանոցում, ես և քույրերս, ովքեր ինձ հետ էին, բարբառից հասկացան, որ ինձ զննելու եկած բժշկուհին Ախալքալաքից է: Ես հարցրի՝ Ախալքալաքի՞ց է, և ստացա դրական պատասխան։ Հարցուփորձից հետո պարզեցինք, որ նա Բելլա Արմենակովնայի թոռնուհին է (լաց է լինում)»,- պատմում է Հմայակ Բասենցյանը։
Հիվանդանոցում տեղի ունեցած տեսարանին ականատես եղավ ողջ բուժանձնակազմը, բժիշկները հարցնում էին, թե ինչ է կատարվում և ժպտում, երբ իմանում էին, որ բուժառուն 56 տարի անց եկել է երախտագիտություն հայտնելու բժշկուհուն, ով ժամանակին փրկել է իր կյանքը և մոռացել այդ մասին։
– Հիվանդի երախտագիտությունը բժշկի համար կյանք է։ Ես շատ ուրախ եմ իմ բոլոր պացիենտների համար,- ասում է Բելլա Արմենակովնան (Հմայակ Բասենցյանը կամացուկ լաց է լինում),- ես էլ եմ ուզում լաց լինել։ Է՜հ, ես հիվանդանոցում աշխատել եմ 65 երկար տարիներ, գիշերային տարիներ»,- ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքի վարիչը։
-Ես երևի ձեր ամենաուշացած պացիենտն եմ, ով իր շնորհակալությունը հայտնեց։ Կներեք ինձ դրա համար: Ես պետք է մորս հետ գայի, ամեն անգամ նա հիշում ու խոսում էր այդ մասին»,- ասում է Հմայակ Բասենցյանը։
Այնուհետև Բելլա Արմենակովնան երկար զրուցեց իր նախկին պացիենտի հետ՝ պատմելով իր երկարամյա կյանքից ու աշխատանքի տարբեր դեպքերի մասին։ Այս ամբողջ ընթացքում նրա կողքին կանգնած է եղել թոռնուհին, ով գնացել է տատիկի հետքերով և դարձել սրտաբան։ Ախալքալաքի ականավոր բժիշկ Բելլա Գուլանյանի ընտանիքում նրա մասնագիտական ուղին են շարունակել դուստրը, թոռնուհիներն ու թոռնիկը։ Ախալքալաքցի հայտնի մանկաբույժը 91 տարեկան է, և նա դեռևս օգնում է մարդկանց իր գիտելիքներով։
Կարդացեք նաև՝