Օգոստոսի 16-ին «Մթիս ամբեբի» հրատարակության գլխավոր խմբագիր Գելա Մթիվլիշվիլին և «Ստուդիո Մոնիտորի»-ի հետաքննող լրագրող Նինո Զուրիաշվիլին հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Սա օրենքի դեմ ՍԴ ներկայացված չորրորդ հայցն է։ Նախկինում դատական հայցեր էին ներկայացրել երկրի նախագահը, ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական հասարակության 121 կազմակերպությունները։
Մթիվլիշվիլին և Զուրիաշվիլին լրագրողներին ասացին, որ օրենքը «լուրջ խնդիրներ» է ստեղծում ԶԼՄ-ների ազատության, հատկապես հետաքննական լրագրության համար, որի հիմնաքարը աղբյուրի անանունությունն է։
«Այս հայցը վերաբերում է հետաքննող լրատվամիջոցներին: Մենք խնդրում ենք չեղյալ համարել ռուսական օրենքի մի շարք հոդվածներ, սակայն մինչ Սահմանադրական դատարանն ըստ էության որոշում կկայացնի այս հարցի վերաբերյալ, խնդրում ենք կասեցնել այս օրենքի մի շարք հոդվածների գործողությունը»,- ասել է Մթիվլիշվիլին՝ հավելելով, որ « մեր աղբյուրները բացարձակապես խոցելի են դառնում», քանի որ «մաուզերներով մարդիկ, ինչպես դա եղավ 1937թ.-ին, կարող են մատնության պատճառաբանությամբ արդեն սեպտեմբերի 3-ից մտնել մեր կազմակերպություններ և խլել առանձնահատուկ կարևորություն ունեցող անձնական տվյալները ոչ միայն կազմակերպությունից, այլև մեր աշխատակիցներից կամ նախկին աշխատակիցներից»։
Երկու լրագրողներն էլ արդեն ենթարկվել են «Վրացական երազանքի» ներկայացուցիչների կամ նրա կողմնակիցների հարձակումներին։ Գելա Մթիվլիշվիլին քննադատության է ենթարկվել իշխող կուսակցության կողմից Շովի սողանքի մասին իր հոդվածի համար, որտեղ խոսվում էր ողբերգության վերաբերյալ իշխանությունների հակազդման անարդյունավետության մասին։ Ինչ վերաբերում է Նինո Զուրիաշվիլին, ապա նա դարձել էր օրենքի հակառակորդների նկատմամբ բռնաճնշումների թիրախներից մեկը, նրա մեքենան վնասվել էր: