Ախալքալաքում հասարակական կազմակերպությունները քննարկում են «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգրքում» անհրաժեշտ փոփոխություններ մտցնելու թեման, որպեսզի Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավորներին ընտրեն հավասարաչափ ընտրողներ:

2017 թ.-ի աշնանը Վրաստանում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպում անցկացրեց, որի նպատակն էր քննարկել «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգիրքը»:

Հանդիպմանը ներկա էին 17 մասնակից, և չնայած, կազմակերպիչների խոսքերով մոտավորապես 10-15 հոգի չէին ներկայացել միջոցառմանը, սակայն քննարկումները կայացան:

Որոշում ընդունվեց օրենսգրքում առկա որոշ դրույթների, ավելի կոնկրետ ընտրական քվոտաների վերաբերյալ փոփոխություն մտցնելու առաջարկով դիմել Վրաստանի բարձրագույն ղեկավարությանն ու Վենետիկի հանձնաժողովին:

Քննարկման արդյունքում մասնակիցները նշեցին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս տեղի ունեցավ խտրականություն, այսինքն՝ սահմանված քվոտաների արդյունքում Ախալքալաք և Նինոծմինդա ընտրատարածքները միավորվեցին և 17 գյուղ Ախալքալաքից քվեարկեց Բորժովի շրջանի ընտրատարածքում:

Ներկաների կարծիքով նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Յուրաքանչյուր ընտրատարածքում երկու հարյուրից վեց հազար ընտրող պետք է մի պատգամվոր ընտրի: Այսինքն, թե 200 ընտրող ունեցող տարածքային միավորը, թե 6000 ընտրող ունեցող տարածքներից ընտրվում են մեկական պատգամավոր:

«Սխալմունք էլ չի կարելի թույլ տալ, այսօրվա հանդիպումը շատ ողջունելի է այդ իմաստով: Անհասկանելի է, գյուղ կա 200 ընտրող ունի, գյուղ էլ կա 6000, բայց ներկայացված են մեկ պատգամավորով», – ասաց հանդիպման մասնակից, խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Նորիկ Կարապետյանի կարծիքով, Վրաստանում խախտվում են տեղական ինքնակառավարման մարմինների օրենսգիրքը:

«Ես շատ դեմ եմ, որ մի ընտրատարծքից 3900 ընտրող լինի: Այստեղ ազգային փոքրամասնությունների իրավունքներն են խախտվում: Պետք է նշել, որ սխալությունը թույլ են տվել այն ժամանակ, երբ որ մեծացրել են քվոտաները և որոշ գյուղեր դուրս են մնացել: Մեր առաջարկի համաձայն գրեթե բոլոր գյուղական համայնքների ներկայացուցիչները ընդգրկված ու ներկայացված կլինեն շրջանային Ժողովում»,- նշեց Նորիկ Կարապետյանը:

Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը համարում է, որ ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվոտա սահմանեցին մեծամասնական պատգամավորների ընտրության հարցում, նույն տրամաբանությամբ պետք է քվոտա սահմանել տեղական ընտրությունների հետ կապված:

«Կուզենայինք որ այստեղ նույնպես սահմանվեր կոնկրետ ընտրազանգված, առաջարկություն եղավ 1500-2000 ընտրող մեկ մեծամասնական ընտրատարածքում: Առաջիկա օրերին նամակները կուղարկենք բոլորին: Սա անուղղակիորեն խտրականություն է, և մենք այն ժառանգություն ենք ստացել խորհրդային ժամանակաշրջանից: Սա ճիշտ չէ, ինչու մեկ պատգամավոր պետք է զբաղվի 7 գյուղով, մյուսը 200 բնակիչ ունեցող մի գյուղով», – ասաց Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

Ի վերջո քննարկման մասնակիցները եկան այն եզրակացության, որ դիմում առաջարկով պետք է դիմեն Վրաստանի Նախագահին, Վարչապետին, Խորհրդարանի նախագահին, Սահմանադրական դատարանին, Վենետիկի հանձնաժողովին, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային ժողովներին: Ըստ դիմումի, հեղինակները խնդրում են վերանայել «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի» ընտրատարածքների և համապատասխան քվոտաների հոդվածները:

Աղունիկ Այվազյան