«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, իրավաբանների կարծիքով, խախտում է «օրենքի հետադարձ ուժի» սկզբունքը, ըստ որի՝ անձը խախտում է թույլ տվել, երբ դա խախտում չի համարվել։ Փաստաբանների կարծիքով՝ օրենքի «հետադարձ ուժի» սկզբունքն արգելված է նաև Վրաստանի Սահմանադրությամբ։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, ըստ ոչ միայն 122 հասարակական կազմակերպությունների, այլ նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ով հայց է ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան ընդդեմ երկրի խորհրդարանի՝ խտրական օրենք ընդունելու առթիվ։ Իրավունքների թվարկված խախտումների թվում նշվում է նաև «հետադարձ ուժը»։
Օրենքի «հետադարձ ուժը» տարածվում է մինչև դրա ընդունումը տեղի ունեցած հարաբերությունների և գործողությունների վրա։ Այսինքն՝ անձը/կազմակերպությունը կատարել է արարք, երբ այդ արարքը դեռ օրենքով չի համարվում խախտում։ Եթե, օրինակ, կազմակերպությունը, որը ֆինանսավորում է ստանում (ավելի քան 20%) դրսից, չի ցանկանում համարվել այսպես կոչված օտարերկրյա գործակալ, և նա պատրաստ է հրաժարվել օտարերկրյա ֆինանսավորումից, որպեսզի չհայտնվի օտարերկրյա գործակալների ռեգիստրում, ապա դա չի օգնի, քանի որ եթե նա օտարերկրյա ֆինանսավորում էր ստացել 2023 թվականին, նա միևնույն է պետք է հայտնվի ռեգիստրում:
Շատ երկրներում «էքս պոստ ֆակտո» կանոնը (լատին․՝ Ex post facto) կամ օրենքի ռետրոակտիվությունը խստիվ արգելված կամ սահմանափակված է այն առումով, որ այն կարող է օգտագործվել միայն մարդկային վիճակը մեղմելու համար: «Հետադարձ օրենքը» Վրաստանի Սահմանադրությամբ ևս համարվում է խախտում:
«Օրենքում ասվում է, որ եթե 2023 թվականին օտարերկրյա աղբյուրից 20 տոկոսից ավելի ֆինանսավորում ես ստացել, դա նշանակում է, որ դու գործակալ ես: Այստեղ սակայն կա մի բայց, երբ 2023 թվականին ՀԿ-ները կամ լրատվամիջոցները ստանում էին այդ ֆինանսավորումը, նրանք հո չգիտեի՞ն, որ իրենք համարվելու են գործակալներ: Օրենքն ընդունվել է 2 ամիս առաջ, և օրենքի ուժը բաշխվել է անցած տարվա վրա: Այսինքն՝ ասում են՝ դուք գործակալ եք եղել, երբ դեռ օրենքը ընդունված չի եղել, գնացե՛ք և գրանցվե՛ք, իսկ եթե հրաժարվում եք, ապա ձեզ կտուգանեն 25000 լարիով, 10000 լարիով և այլն։ Սա, ըստ էության, Վրաստանի Սահմանադրության 31-րդ հոդվածի 9-րդ կետի խախտում է»,- ասում է փաստաբան Անդրանիկ Մինասյանը։
Սահմանադրության 31-րդ հոդվածի 9-րդ կետում ասվում է. «Ոչ ոք պատասխանատվություն չի կրում այն արարքի համար, որը դրա կատարման պահին չի համարվել քրեական հանցագործություն: Օրենքը, եթե այն չի մեղմացնում կամ վերացնում պատասխանատվությունը, հետադարձ ուժ չունի»: