Վրաստանում գործարկվել է արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ների և լրատվամիջոցների գրանցման ռեգիստրը, որը ստեղծվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի հիման վրա։«Օգոստոսի 1-ից այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են չափանիշներին, կարող են դիմում ներկայացնել», – հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
Օրենքը պարտավորեցնում է ՀԿ-ներին և լրատվամիջոցներին գրանցվել ռեգիստրում, եթե նրանց ֆինանսավորման 20%-ից ավելին մուտք է գործում արտերկրից։ Նրանք հայտարարվում են որպես «արտաքին ուժերի շահերը հետապնդնող կազմակերպություններ»։
Մինչ& 2025 թվականի հունվարի 1-ը նրանք պետք է արդարադատության նախարարությանը ներկայացնեն 2023 թվականի եկամուտների հայտարարագրեր։ Հունվարի 1-ից հետո՝ հրապարակել 2024 թվականի ֆինանսավորման աղբյուրի և նպատակի վերաբերյալ տվյալները։
Գրանցվելուց հրաժարվելու դեպքում նախատեսված է 25 հազար լարի տուգանք։ Հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված է 10 հազար լարի տուգանք։ Հետագայում ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի ևս 20 հազար լարի։
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը պաշտոնապես կոչվում է «Oտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դրա վրա վետո է դրել մայիսի 18-ին։ Մայիսի 28-ին խորհրդարանը հաղթահարել է այն։
Ժողովրդի շրջանում օրենքն անվանվել է «ռուսական»՝ Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքին նմանության պատճառով։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կարծում են, որ վրացական օրենքը կոչված է ստիպել լռեցնելու քննադատական ձայները: Արևմուտքը մատնանշում է, որ դա անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ, չնայած ընդունված օրենքին, ՀԿ-ները և լրատվամիջոցները չեն փակվի ընտրություններից առաջ։ «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, մինչդեռ, հայտարարել է, որ պահանջները չկատարելու դեպքում ՀԿ-ների և լրատվամիջոցների հաշիվների վրա կալանք կդրվի, որից հետո նրանց աշխատանքի շարունակությունն անհնարին կդառնա։
Երկու հարյուրից ավելի ՀԿ-ներ դեռևս մինչև օրենքի ընդունումը հայտարարել էին, որ մտադիր չեն գրանցվել ռեգիստրում։ Նրանք դիմել են Վրաստանի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել վիճահարույց նախաձեռնությունը։ Վրաստանի նախագահը և ընդդիմադիր քաղաքական գործիչները նմանատիպ պահանջներով հայցեր են ներկայացրել Սահմանադրական դատարան։ Դիմումատուներն ասում են, որ օրենքը խախտում է Սահմանադրության հոդվածները, որոնք վերաբերում են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրմանը, ասոցիացիայի իրավունքներին, անձնական կյանքին և հավասարությանը:
Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ հայցերը համախմբվելու են։ Դատարանը խոստանում է դրանք քննել «ողջամիտ ժամկետներում»։