Հուլիսի 29-ին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հրաման է հրապարակել, ըստ որի՝ Հանրային ռեգիստրի ազգային գործակալությանը կից ստեղծվելու է Ֆինանսական հայտարարագրման բաժին, որը լիազորված է կիրառելու մայիսին ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցում նախարարը նշել է, որ հասարակական կազմակերպություններն օրենքով սահմանված կարգով կարող են գրանցվել օգոստոսի 1-ից։
Նախարարի հրամանով, որն ուժի մեջ կմտնի անհապաղ, օգոստոսի 1-ից կստեղծվի Ֆինանսական հայտարարագրման վարչություն, որի կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ Գրանցման ծառայությունը և Հայտարարագրման մոնիտորինգի ծառայությունը։
Հրամանի համաձայն՝ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության կանոնակարգում ավելացվել է 273-րդ հոդվածը. «Գործակալության խնդիրն է օրենքով սահմանված կարգով վարել օտարերկրյա ուժերի շահերը հետապնդող կազմակերպությունների ռեգիստրը և ապահովել հրապարակայնությունը, ինչպես նաև նախարարության կողմից լիազորված անձին աջակցություն ցուցաբերել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված գործունեության մեջ։
Վարչության հիմնական գործառույթները ներառում են.
– օտարերկրյա ուժերի շահերը հետապնդող և դրա հրապարակայնությունն ապահովող կազմակերպությունների ռեգիստրի վարում։
Աջակցություն նախարարության կողմից լիազորված անձին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված գործունեությունում։
– սահմանված պարբերականությամբ գործունեության հաշվետվությունների պատրաստում և լիազորված անձանց տրամադրում:
Նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ օգոստոսի 1-ից ոչ կառավարական կազմակերպությունները հնարավորություն կունենան գրանցվել որպես օտարերկրյա շահեր հետապնդող կազմակերպություններ։ Եթե դա չանեն, ինչպես պնդում են բազմաթիվ ՀԿ-ներ, ստիպված կլինեն 25 հազար լարի տուգանք վճարել և գրանցվել հարկադիր: Սակայն, չնայած լրագրողների հարցերին, թե ինչպես է կատարվելու հարկադիր գրանցումը, նախարարը չպարզաբանեց այս հարցը և հայտարարեց, որ հանրությունը դա կտեսնի։
«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե արդյոք այն կազմակերպությունների «գրասենյակներ մուտք կգործեն», որոնք չեն գրանցվում օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում, Բրեգաձեն պատասխանել է. «Ուզում եք մոլորեցնել հանրությանը, որ ինչ-որ մեկը պատրաստվում է ներս մտնել դիմակներով: Դուք այդպես եք ուզում ներկայացնել։ Նմանատիպ միջոցառումներ (նախատեսված չէ)… Անցել են այն ժամանակները, երբ դիմակավորված մարդիկ գալիս էին հեռուստաալիքներ և ուղիղ եթերում ջարդեր էին կազմակերպում մարդկանց վրա։ Այս ամենն անցյալում է, այլևս չի կրկնվի, քանի որ ընտրություններում, այդ թվում՝ ձեր հեռուստատեսության հիմնադիրին (Դավիթ Կեզերաշվիլի), իշխանության գալու հնարավորություն չի տրվի… Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա նրանք, ովքեր օրենքի պահանջներին կհամապատասխանեն, ընդամենը պետք է տրամադրեն միայն և միայն տեղեկատվություն այն մասին, թե ումից են ստացել կոնկրետ գումարները և ինչի վրա են դրանք ծախսվել։ Ուրիշ բան չեն հարցնի։ Սա է ճշմարտությունը»:
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր ճեպազրույց է անցկացրել, որում այլ հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է նաև այս հարցին։ Պապուաշվիլին հայտարարել է. «Մենք տեղեկություն ենք ստացել, որ որոշ դոնորներ ՀԿ-ներին վստահեցնում են չգրանցվել թափանցիկության ռեգիստրում: Խորհրդակցություններ կան նաև, թե ինչպես կարելի է շրջանցել այս օրենքը և ինչ մեթոդներ ու կեղծիքներ գտնել՝ չգրանցվելու և դեռ դրամաշնորհ ստանալու համար։ Նրանց շրջանում կոնսուլտացիաներ են անցկացվում, խորհուրդներ են տալիս, թե ինչպես գրանցվել արտերկրում, որն արդեն լրիվ ծիծաղելի է ու դուրս է ցանկացած լրջությունից»։
Նա նշել է, որ արտերկրում գրանցվելու գաղափարը վատացնում է իրավիճակը, քանի որ այդ կազմակերպությունները «ուղղակիորեն կդառնան օտար ուժ»։ Պապուաշվիլին հավելել է. «Արդարադատության նախարարությունը ստեղծել է համապատասխան վարչություն, և այժմ ռեգիստրում գրանցման հերթը հասել է հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին։ Ի վերջո, ռեգիստրի արդյունքը կլինի այն, որ Վրաստանի քաղաքացիները կկարողանան ունենալ մեկ կայք, որտեղ մենք կարող ենք գնալ և իմանալ ցանկացած կազմակերպության մասին, որը ֆինանսավորվում է դրսից, ում կողմից է ֆինանսավորվում և ինչի վրա է այն ծախսվում։ Եթե օտար երկրները ցանկանում են օգնել մեզ և մեր ժողովրդին, մենք ողջունում ենք դա և շնորհակալություն ենք հայտնում բոլորին: Թող այս բարությունն անեն հրապարակայնորեն ու մարդկանց ասեն, թե ինչի վրա են ծախսվում այդ գումարները։ Ուստի բոլորին կոչ եմ անում գրանցվել»:
Մինչ այս իշխող կուսակցության գրասենյակում հատուկ ճեպազրույց էր տեղի ունեցել «Վրացական երազանք»-ի կատարած ուսումնասիրության վերաբերյալ։ Ուսումնասիրությունը բացահայտել է օտարերկրյա աղբյուրներից ստացվող ֆինանսավորման հետ կապված տեղեկատվության հրապարակման հարցում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների թափանցիկության բացերը: