Օգոստոսի 1-ից Վրաստանում գործում է արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ների և լրատվամիջոցների գրանցման ռեգիստրը, որը ստեղծվել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հիման վրա։ Օրենքը պարտավորեցնում է ՀԿ-ներին և լրատվամիջոցներին գրանցվել ռեգիստրում, եթե դրանց ֆինանսավորման 20%-ից ավելին արտերկրից է։ Այդ կազմակերպությունները համարվում են որպես «արտաքին ուժերի շահերը հետապնդող կազմակերպություններ»։ Ինչպիսի՞ ազդեցություն է արդեն ունենում օրենքը Սամցխե-Ջավախեթիի ոչ կառավարական կազմակերպությունների վրա, արդյո՞ք պատրաստվում են գրանցվել անկախ մեդիաները, խոսել ենք Ախալցիխեում գործող 9-րդ ալիքի տնօրեն Մայա Իվելաշվիլիի հետ։
– Ինչպե՞ս եք աշխատում հիմա և ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել մեկ ամսից։
– Առայժմ մենք շարունակում ենք աշխատել սովորական ռեժիմով, կարծում ենք, որ չնայած ամեն ինչին, աշխատանքը մնում է աշխատանք։ Եղել են այնպիսի իրավիճակներ, որոնց ժամանակ լրատվամիջոցները երբեք չեն փոխել իրենց աշխատանքային օրակարգը։ Մենք շարունակում ենք աշխատել սովորական ռեժիմով։ Երկրորդ խնդիրն այն է, թե ինչպես կկարողանան լրատվամիջոցները շարունակել իրենց աշխատանքն այն բանից հետո, երբ արդեն սկսվի գրանցումը։ Այլ հարց է նաև այն, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք մտադիր չեն գրանցվել, ինչպե՞ս են շարունակելու իրենց աշխատանքը։ Իրականում, մենք մինչև սեպտեմբեր աշխատելու ենք սովորական ռեժիմով։ Թե ինչ կլինի սեպտեմբերից հետո, դա արդեն առանձին հարց է, նախապես դժվար է ասել։ Մենք չենք պատրաստվում գրանցվել։ Երբ մենք խոսում ենք իրավաբանների հետ, նրանք մեր հարցերին ունեն՝ կամ կոնկրետ պատասխան, կամ պատասխաններ, բայց, ի վերջո, բոլորս համաձայն ենք այն բանի հետ, որ երբ գա կոնկրետ ժամանակը, այդ ժամանակ կարող է բացարձակապես այլ իրականություն լինել։ Կարելի է ասել, որ մոտավոր ծրագրված մեր որևէ քայլի կարիք չլինի, այդ պատճառով սպասում ենք։
– Արդյո՞ք պատրաստ եք վճարելու 25 000 լարի տուգանք։
– Ակնհայտ է, որ 25 000 լարին ոչ մի կազմակերպություն չունի իր հաշվին, հատկապես մեր նման կազմակերպությունները։ Մարզային փոքր լրատվամիջոցները, որոնք միշտ, տարիների ընթացքում իրենց գոյությունը պահպանելու համար, բնակչությանն ազատ և անկախ տեղեկատվություն փոխանցելու համար, դիմում են դոնոր կազմակերպությունների։ Մենք բողոքում ենք այս օրենքի դեմ, քանի որ մենք ուզում ենք պաշտպանել խոսքի ազատությունը և այն աշխատանքը, որ անում ենք մինչև հիմա։ Կարծում եմ, որ այս 25 000 լարին ու այս խոշոր գումարները մեծ կազմակերպությունների շքեղություն է, բայց ոչ մեր մակարդակի։ Ընդհանուր առմամբ, մինչև 55 000 լարի տուգանք է սահմանվում, ինչը կարող է լինել մեր կես տարվա կամ 7-8 ամսվա եկամուտը։ Մենք ոչ միայն առցանց լրատվամիջոց ենք, այլև հեռարձակվող, ինչը նշանակում է, որ հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակումը գործում է Կապի հանձնաժողովի կանոնակարգի ներքո։ Համապատասխանաբար ասել, որ պետք է լրացուցիչ փաստաթղթեր ուղարկել պետական մարմիններին, որպեսզի բարձրացնենք մեր թափանցիկությունը, ճիշտ չէ, քանի որ առանց այս օրենքի էլ մենք ամեն ամիս այդ բոլոր փաստաթղթերը ներկայացնում ենք կարգավորող հանձնաժողովին։ Եթե մենք խոսում ենք թափանցիկության մասին, ապա դա իրականում չի վերաբերում ռադիոյին ու հեռուստատեսությանը։
– «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո ճնշում զգում եք հասարակության կամ ինքնակառավարման մարմինների կողմից։
– Իրականում ուղիղ ճնշումներ չկա, բայց ինձ ամենաշատն անհանգստացնում է այն անուղղակի արդյունքը, որն այս օրենքը կպատճառի լրատվամիջոցներին ու ընդհանրապես լրագրողներին։ Դա այս մասնագիտության վարկաբեկումն է։ Հասարակության մեջ ձևավորվում է վերաբերմունք, որ քարոզչությամբ ենք զբաղվում, որ թափանցիկ չենք, կամ ասում են գործակալ և այլն։ Այս ամենն իր ազդեցությունն ունեցավ հասարակության որոշակի հատվածի վրա և ցավոք, այն վստահությունը, որը կար բնակչության մի ստվար զանգվածի մոտ, այլևս չկա, և մենք դա զգում ենք ամեն քայլափոխի՝ երբ գնում ենք նկարահանման։ Հեռախոսազանգերը, երբ զանգում են քո աշխատակցին, վիրավորում են և այլն։ Այն, ինչի միջով մենք արդեն անցել ենք, ակնհայտորեն կանդրադառնա աշխատակիցների վրա, որքան էլ փորձես թույլ չտալ, որ դա չազդի քեզ վրա, միևնույն է դա կազդի քո ընտանիքի անդամների վրա նույնպես և ակնհայտորեն կբարդացնի աշխատանքդ։ Կարծում եմ, որ որոշակի ճնշում կա։ Տարիներ առաջ դիմորդների երևի կեսը ցանկանում էր լրագրող դառնալ, այսօր, ցավոք, լրագրության ֆակուլտետն այլևս չի գործում ԲՈՒՀ-ում, քանի, որ երիտասարդների շրջանում պահանջարկ չկա։ Այս ամենի նպատակն այն է, որ ամեն կերպ արժեզրկվի լրագրողի մասնագիտությունը։
– Ձեր բյուջեի քանի՞ տոկոսն է կազմում Ձեր սեփական եկամուտը։
– Ակնհայտ է, որ մեր կազմակերպությունն ամբողջությամբ կախված է դոնոր կազմակերպություններից։ Մեր հիմնական գործընկերներն են՝ IREX-ը և «Դոլչե Վելի» ակադեմիան։ Մենք տարիներ շարունակ համագործակցում ենք այս կազմակերպությունների հետ, չնայած ունենք նաև դրամաշնորհներ՝ Եվրամիությունից, լեհական կազմակերպությունից և տարբեր այլ դրամաշնորհներ։ Ինչ վերաբերում է մեր ունեցած գումարին, ապա դա գովազդից ստացված գումարն է, որը երևի առավելագույնը 20% է կազմում, ինչը չի կարող պարզապես փակել մեր կոմունալ ծախսերը։ Ի դժբախտություն մեզ, Վրաստանում լրատվամիջոցները չկարողացան հասնել բիզնես կատարելու մակարդակի, և ԶԼՄ-ների հիմնական ֆինանսավորումը մինչ այժմ ստացվում է դոնոր կազմակերպություններից կամ պետական գերատեսչություններից: Հաճախ ֆինանսավորվում են նաև քաղաքապետարանի բյուջեից։
Այս օրենքը լրատվամիջոցներին կանգնեցնում է ընտրության առաջ՝ կա՛մ փակվել, կա՛մ ուղղակի կախվածություն ձեռք բերել պետությունից։ Ես կարծում եմ, առաջին հերթին, պետությունը ինքը չպետք է ցանկանա, քանի որ միագույն ապրելն ու մեկ ձայնով երգելը ժողովրդավարություն չէ։ Ոչ երկիրը, ոչ հասարակությունը չեն կարող այդպես զարգանալ։ Մենք լավ ենք հիշում, երբ բոլորը մեկ ձայնով էին երգում, ամենուր մեկ տեղեկություն էր փոխանցվում և երկրում միայն մեկ գույն կար, դա Խորհրդային Միությունն էր, որտեղ այլակարծություն չէր լսվում։ Մենք ուզում ենք ապրել ժողովրդավարական երկրում»։
9-րդ ալիքը տարածաշրջանում գործում է գրեթե 26 տարի։ Ակնհայտ է, որ այս ընթացքում հեշտ չի եղել ալիքի համար։ Տարիների ընթացքում եղել են տարբեր խնդիրներ, մարտահարվերներ։ Մեկ անգամ չէ, որ ալիքը փակման եզրին է հայտնվել, ոչ միայն ֆինանսական խնդիրների պատճառով։ Աշխատակիցների խոսքերով, կարևորն այն է, որ ալիքը գոյատևեց, և կարողանում է այնպես իրականացնել իր աշխատանքը, որ հանրությանը պարզ ցուցանիշ լիներ այն, որ նրանք չեն կատարում այս կամ այն պատվերը։
– Վստահաբար կարող ենք ասել, որ մենք լսում ենք բոլորին, բոլորի համար ժամանակ ունենք, 9-րդ ալիքն ազատ է բոլորի համար, և ես կարծում եմ, որ դա մեր առաքելությունն է։ Մենք առաջիններից էինք, որ որոշեցինք, որ հեռուստատեսային տարածքը պետք է լինի երկլեզու, որպեսզի մեր ազգաբնակչությունը, ոչ միայն Ախալցիխեում տեղեկատվություն ստանա իրեն հասանելի՝ մայրենի լեզվով, նկատի ունեմ վրացերեն և հայերեն հեռարձակումները։ Մենք կարծում ենք, որ Վրաստանի ոչ մի քաղաքացի չպետք է տեղեկություն ստանա Վրաստանի մասին այլ երկրների ալիքներից։ Բացի այն, որ մենք փորձում ենք տարածել ազատ խոսքն ու ընդհանրապես ուժեղացնել անկախ լրատվամիջոցները, մենք նաև աշխատում ենք նաև այն ուղղությամբ, որ այդ ազատ խոսքը չտարածվի միայն պետական լեզուն իմացող մարդկանց շրջանում։