Նինոծմինդայից Ռոզա Կուլախսզյանն այս տարի ավարտել է Իլիայի անվան պետական համալսարանի բակալավրիատը՝ նա միջազգայնագետ է։ Եվրոպական կրթական փոխանակման ծրագիրը նրան հնարավորություն է տվել 4 ամիս սովորել Փարիզում, ինչի մասին նա երազել է մանկուց։ Այս հնարավորությունը «փոխեց իրականության մասշտաբները» Ռոզայի համար:

Ռոզան ընդունվել է Իլիայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը 2019 թվականին «1+4» ծրագրով։ Նա մասնագիտացել է Եվրոպայում՝ սովորելով անգլերեն և ֆրանսերեն: Մանկուց նրա երազանքն էր սովորել Փարիզում։

«Էրազմուս+ ծրագրի մասին ես իմացա, երբ ընդունվեցի Թբիլիսիում համալսարան: Այդ ժամանակ ես երազում էի սովորել Փարիզում, իսկ նախապատրաստական ծրագրում գրեթե բոլոր դասախոսներն ասում էին, որ հիմա ուսանողների համար հեշտ է սովորել փոխանակման ծրագրով: Դա, իհարկե, շատ մոտիվացնող է, բայց անհասկանալի էր, թե ինչպես ընդունվել համալասարան արտասահմանում, ինչ չափանիշների է հարկավոր բավարարել, ինչ անել, ում դիմել… Ընդհանուր առմամբ հարցերը շատ էին»,- պատմում է Ռոզան։

Էրազմուսը Եվրամիության շահույթ չհետապնդող ծրագիր է ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ծրագրին մասնակցող մի շարք այլ երկրների համալսարանների միջև ուսանողների և դասավանդողների փոխանակման: 

roza

Համալսարանը հաճախ կազմակերպում էր իրազեկման դասընթացներ այս թեմաների շուրջ, և Ռոզան մասնակցում էր դրանց՝ սովորելու, թե ինչպես մասնակցել փոխանակման ծրագրերին:

«Ես կարդում էի ֆորումներ և ակտիվորեն շփվում էի ընկերների հետ, ովքեր արդեն ունեին նման փորձ: Պարզվեց, որ մրցույթին մասնակցելու համար պետք է ունենալ անգլերենի բարձր մակարդակ և շատ բարձր ակադեմիական միավոր: Ես այդ ամենն ունեի, և ես սկսեցի փնտրել ծրագրեր Փարիզում, ըստ մասնագիտության»,- ասում է նա։

Այն ժամանակ Փարիզում միջազգային հարաբերությունների կամ քաղաքականության ծրագրեր չկային, սակայն, չնայած դրան, Ռոզան չհրաժարվեց իր երազանքից և ընտրեց այլ ծրագիր՝ միջազգային մենեջմենթ։

«Ես շատ էի ուզում սովորել Փարիզում: Ես չէի ուզում սովորել մեկ այլ քաղաքում, ես չէի ուզում լինել միայն որպես զբոսաշրջիկ: Ես ունեի հատուկ նպատակ՝ սովորել և ապրել Փարիզում: Այդ ժամանակ ես երեք տարի ուսումնասիրում էի ֆրանսերենը, ֆրանսիական քաղաքականությունը և սոցիալական ասպեկտները, և ինձ համար աներևակայելի հետաքրքիր էր տեսնել այս ամենը ներսից: Բացի այդ, ես իսկապես ուզում էի հասկանալ, թե ինչ է եվրոպական կրթությունը»:

Ռոզան փաստաթղթերը հանձնել է 2023 թվականի փետրվարին, իսկ 2023 թվականի սեպտեմբերին սկսել է սովորել Փարիզում: Ուստի նա զգուշացնում է բոլոր ցանկացողներին, որ Erasmus+-ին դիմելու գործընթացը երկար է և աշխատատար։

2023 թվականի սեպտեմբերին Ռոզան սկսեց իր ուսումը Ֆրանսիայի Paris-Est-Créteil (UPEC) համալսարանում: Նրա ուսումը տևել է 4 ամիս։ Ռոզան նախկինում երբեք չէր եղել Եվրոպայում։ Չնայած այն հանգամանքին, որ Ռոզան երկար ժամանակ երազում էր այս ճանապարհորդության մասին և տիրապետում էր ֆրանսերենին, նոր քաղաքում առաջին շաբաթները չանցան առանց ադապտացիայի բարդ գործընթացի։

«Ուսանողներին երկու շաբաթից մինչև մեկ ամիս է անհրաժեշտ, որպեսզի հարմարվեն և հասկանան, թե որտեղ են նրանք, ինչ է ուզում իրենցից նոր համալսարանը և ինչպես պետք է իրենց պահեն օտար երկրում, բայց ադապտացվելուց հետո սկսվեց եվրոպացի ուսանողի ամենահետաքրքիր ու իրադարձություններով լի կյանքը: Ես շատ ընկերներ ձեռք բերեցի, ես արագ մտա ուսման ռիթմի մեջ և, իհարկե, շատ բախտ ունեցա նշելու իմ ծննդյան օրն ու Սուրբ Ծնունդը: Կախարդական էր:

Ի՞նչ է տալիս ուսանողին Եվրոպայում ժամանակավոր ուսումը

«Ամենակարևորը, որ ես ստացա այս կիսամյակից, կրթությունն է: Դա իմ առաջին փորձն էր սովորել անգլերենով և նոր առարկաներ, որոնք իմ մասնագիտության հետ կապված չէին, և, բնականաբար, դժվար էր: Բայց ի վերջո ես զգալիորեն բարելավեցի անգլերենի ու ֆրանսերենի իմ գիտելիքները, ավելի լավ ճանաչեցի եվրոպական մշակույթը, սովորեցի ավելի արդյունավետ աշխատել խմբային նախագծերի վրա, հանդիպեցի ուսանողների աշխարհի տարբեր ծայրերից…»:

Նրա կարծիքով, եվրոպական համալսարանում ծրագիրն ավելի ինտենսիվ ու բարդ էր, քան վրացականում։ Ռոզան կարծում է, որ եթե չլիներ այս ծրագիրը, նա ձեռք չէր բերի այն հմտությունները, որոնք այժմ ունի։

«Ես հիմա ավելի արժեքավոր եմ որպես մասնագետ աշխատաշուկայում»։

Բացի այդ, նրա խոսքով, դրսում ապրելը մարդուն հոգեբանորեն ուժեղացնում է, ստիպելով սովորել պատասխանատվություն ստանձնել քո վրա։

«Դուք դառնում եք ավելի հանգիստ, ավելի հարմարվողական, ավելի դիմացկուն սթրեսի նկատմամբ և զարգացնում եք ավելի լավ հաղորդակցման հմտություններ: Սա շատ արժեքավոր փորձ է, որն օգնում է կյանքի ցանկացած իրավիճակում»:

«Ես համարձակորեն կարող եմ ասել, որ իմ կյանքը բաժանված է «մինչ այդ» և «դրանից հետո»»

«Ամենակարևոր անձնական հատկությունները, որ տվել է ինձ այս կիսամյակը, այն գիտելիքն է, որ ես ի վիճակի եմ հասնելու որևէ բանի, չկան խոչընդոտներ, որոնք ես չեմ կարող հաղթահարել, չկան սահմաններ, որոնք ես չեմ կարող ջնջել իմ ամենախոր ցանկություններին և նպատակներին հասնելու համար»:

Նա խոստովանում է, որ ուղևորության շնորհիվ ինքնավստահության մեծ աճ է զգացել։

«Կարող եմ վստահորեն ասել, որ իմ կյանքը բաժանվել է «մինչ այդ» և « դրանից հետո»՝ ապրելով աշխարհի ամենամեծ և ամենահայտնի քաղաքներից մեկում, ես հասկացա, որ իմ իրականության մասշտաբները փոխվել են»: