Լաուրա Ասլանյանը ծնունդով Ախալքալաքից է, նա հետաքրքրված է բժշկությամբ և այս տարի ընդունվում է բժշկական համալսարան։ Նա 17 տարեկան է, բայց արդեն որոշակի առաջընթաց է գրանցել այս ոլորտում՝ ուսումնասիրելով Ախալքալաքից մի բույս և այն ներկայացնելով Մոսկվայի Սեչենովի անվան համալսարանի բժշկական գիտաժողովում։
Լաուրայի ընտանիքը հարյուրավոր այլ ընտանիքների հետ միասին 90-ականներին գաղթել է Մոսկվա՝ ավելի լավ կյանքի համար:
«Մանկության տարիներին ես ցանկանում էի ստեղծել դեղորայք ծերացման դեմ, որպեսզի իմ տատիկներն ու պապիկները երբեք չծերանան, և, հետևաբար, ես ուզում էի ապագայում դեղագործ դառնալ: Հետևաբար, ես բժշկության հետ կապված մտքերն ունեի դեռ այդ ժամանակից։ Սակայն, գիտակից տարիքում այդ մասին սկսեցի մտածել 8-րդ դասարանից, երբ անցա «Ինչպես դառնալ բժիշկ» թեմայով դասընթացներ։ Այդ ժամանակ արդեն կողմնորոշվեցի իմ ապագա մասնագիտության հետ կապված»,- այսպես է նկարագրում 17-ամյա Լաուրան իր ապագա մասնագիտության ընտրությունը:
Չնայած այն հանգամանքին, որ նա դեռ չի դարձել բժշկականի ուսանող, Լաուրան արդեն գրել է իր առաջին գիտական աշխատությունը, որտեղ նա ուսումնասիրել է ախալքալաքյան ծիտրոնը (այլ անվանումներ՝ կորթին, ծոթրին, ծիթրոն, ծիթորի): Իր աշխատանքի համար նա ստացել է առաջին աստիճանի դիպլոմ «Բժշկական Սեչենովի նախաբուհական» ամենամյա գիտաժողովում, որն անցկացնում է Մոսկվայի Սեչենովի համալսարանը։
Ծիտրոն (լատին.՝ Satureja), խուլեղինջածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա խոտեր, կիսաթփեր և թփեր են։ Տարածված է գլխավորապես միջերկրածովյան երկրներում և Ասիայում։
«Իմ նախագծային աշխատանքը վերաբերում էր լեռնային ծիտրոնին, որը հավաքել էի Տաշվանկայում, օգտագործելով քրոմատոգրաֆիա-զանգվածային սպեկտրոմետրիան, ես ուսումնասիրեցի քիմիական բաղադրությունը, կատարեցի միկրոսկոպիա, ուսումնասիրեցի այս բույսի անատոմիական և ախտորոշիչ հատկությունները և այլն: Այս ամենից հետո եզրակացություններ արեցի այս բույսի վերավերյալ», – պատմում է Լաուրան:
Քրոմատոգրաֆիա -զանգվածային սպեկտրոմետրիան անալիտիկ մեթոդ է, որը հիմնված է քրոմատոգրաֆի և զանգվածային սպեկտրոմետրի հնարավորությունների համակցության վրա, որն օգտագործվում է բարդ խառնուրդներում առանձին բաղադրիչների քանակական և որակական սահմանման համար:
Այս բույսի նկատմամբ Լաուրայի հետաքրքրությունը պայմանավորված էր նրանով, որ մանկության տարիներին նրա տատիկը խմում էր ծիտրոնով թեյ՝ արյան ճնշումը իջեցնելու համար: Իր աշխատանքում նա եկել է այն եզրակացության, որ ախալքալաքյան ծիտրոնը իջեցնում է արյան ճնշումը, ունի հակաբակտերիալ հատկություն, ունի խորխաբեր ազդեցություն։
Այս տարի Լաուրան ավարտել է Սեչենովի անվան նախահամալսարանը և ընդունվել Մոսկվայի պետական բժշկական համալսարան։ Սեչենովը «ընդհանուր բժշկություն» ուղղությամբ: Բացի բժշկությունից, Լաուրան հետաքրքրված է երաժշտությամբ, լողով, հաճախում է Մոսկվայում ՀՀ դեսպանությանը կից հայկական դպրոց։ Ապագայում նա նախատեսում է բացել կլինիկաների սեփական ցանցը։
«Ախալքալաքում անպայման մասնաճյուղ կլինի, ես իմ պարտքն եմ համարում օգնել իմ հայրենակիցներին, զարգացնել այնտեղ բժշկությունը»,- ասում է նա։