Վրաստանի կառավարությունը չափազանց հեռուն է գնացել, ասել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը «Ամերիկայի Ձայն»-ի վրացական խմբագրությանը:
Ռինկեւիչի խոսքով՝ Վրաստանը որոշել է, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցության։
«Վրաստանի կառավարությունը, կարծում եմ, չափազանցել է «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ կապված՝ անտեսելով սեփական հասարակության, Եվրամիության և ՆԱՏՕ-ի բոլոր կոչերը։ Նրանք որոշել են, որ կարող են ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամակցության։
Այո, ֆորմալ առումով Վրաստանը թեկնածու երկիր է համարվում, բայց եկեք նայենք ճշմարտության աչքերին. մենք պետք է սահմանափակենք Վրաստանի թեկնածուի կարգավիճակը, եթե նա չորոշի հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք մենք բոլորս կիսում ենք: Եթե դու չես անում դա, ուրեմն դու ակումբի մաս չես կազմում: Սա քո ինքնիշխան որոշումն է»,- ասել է Ռինկեւիչը։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն քաղաքական հարց չէ: Սա հիմնված է չափանիշների վրա:
«Եթե որևէ երկիր ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ և չի համապատասխանում չափանիշներին, դա այդ երկրի ինքնիշխան ընտրությունն է։ Բայց այս գործընթացը չշարունակելն անդամ երկրների ինքնիշխան ընտրությունն է։
Հուսով եմ, որ Վրաստանը լրջորեն կվերանայի իր օրենսդրության որոշ մասեր, և եթե դա տեղի չունենա, չսպասեք, որ մենք կքննարկենք այդ գործընթացը շարունակելու հնարավորությունը Վրաստանի հետ։
Բանն այն է, որ թեկնածու երկրները պետք է համապատասխանեն այն կազմակերպությունների չափանիշներին և պայմաններին, որոնց մասն էլ ցանկանում են կազմել»,- հայտարարել է Ռինկևիչը։
Ինչպես նշել է Լատվիայի նախագահը` «մենք չենք հանդուրժի ընդհանուր արժեքներից և համաձայնեցված քաղաքականությունից շեղումներ»։
«Սա իսկապես Վրաստանի ընտրությունն է: Վրացի ժողովրդի փոխարեն մենք չէ, որ պիտի որոշենք, թե ինչպիսի երկիր են ուզում կառուցել։ Անձամբ ես լիովին հարգում եմ վրաց ժողովրդի ցանկացած ընտրություն առաջիկա ընտրություններում։ Վրաց ժողովուրդը պետք է նայի տարբեր կուսակցությունների առաջարկներին:
Ես չեմ ուզում խառնվել Վրաստանի քաղաքականությանը, բայց որտեղ Լատվիան ձայնի իրավունք ունի՝ լինի դա ՆԱՏՕ-ն, թե ԵՄ-ն, մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Եթե երկիրը չի համապատասխանում չափանիշներին և չի շարունակում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղին, ապա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամներն իրավունք ունեն սկսել վերագնահատել իրենց համագործակցությունը, ներառյալ աջակցության ծրագրերը:
Մենք լսել ենք վրացի պաշտոնյաների խոսակցություններն անվտանգության և պաշտպանության որոշակի մարտահրավերների մասին։ Եթե նրանք կարծում են, որ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումից հրաժարվելը սեփական անվտանգությունը բարելավելու միջոց է, ապա սա է իրենց պարզաբանումը հասարակության համար։ Կարող եմ միայն ասել, որ մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը և աջակցել Վրաստանի հետ, եթե Վրաստանը պատրաստ է շարունակել հարգել այն արժեքները, որոնք մենք բոլորս կիսում ենք։
Բայց ես Վրաստանի կառավարությանը կթողնեի պատասխան տալ այս կամ այն որոշման անվտանգության հետևանքների համար»,- հավելել է Ռինկևիչը։