Վերջին շրջանում Ախալքալաքում ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են խուճապային գրոհներից, դեպրեսիաներից և տարբեր տեսակի հոգեբանական խանգարումներից, որոնք հանգեցնում են ինքնասպանության։ Ինչպե՞ս որոշել, որ քեզ հարազատ մարդն ունի հոգեբանական խանգարում, և ինչպե՞ս օգնել դեպրեսիայով տառապող մարդկանց՝ հոգեբան Աննա Մինասյանի հետ հարցազրույցում։

Ի՞նչ է դեպրեսիան և որքանո՞վ բարդ հիվանդություն է այն:

– Դեպրեսիան հոգեբանական վիճակ է, որն առաջանում է սթրեսային իրավիճակներում՝ կյանքի լուրջ փոփոխություններից հետո, օրինակ՝ սիրելիի կորստից հետո: Մարդը չի կարող համակերպվել նոր կյանքին։ Կամ մարդը կարող է մանկուց տրավմա ունենալ, որը կարող է ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնել և հանգեցնել դեպրեսիվ վիճակի։

Կան անհատականության խանգարումներ, որոնց սրումը հետագայում հանգեցնում է հոգեկան խանգարումների։ Նման խանգարումներին է պատկանում դեպրեսիան: Դեպրեսիան ունի 2 փուլ: Մարդը պարբերաբար ունենում է մանիակային վիճակ, որը վերածվում է դեպրեսիայի։ Մանիակային վիճակի ժամանակ մարդն իրեն շատ առույգ է զգում, լավ տրամադրություն ունի, ընդհանրապես չի հոգնում, մեծ մոտիվացիա ունի, աշխատում է։ Որոշակի պահից սկսվում է մանիակային վիճակի արգելակման շրջանը, հենց այդ ժամանակ էլ սկսվում է դեպրեսիան:

Ինչպե՞ս կարող ես հասկանալ, որ մարդը տառապում է դեպրեսիայով:

– Մարդն իրեն բույս է զգում, նույնիսկ չի կարողանում անկողնուց վեր կենալ: Օրգանիզմում ամեն ինչ շարքից դուրս է գալիս, էմոցիոնալ ֆոնը, տրամադրությունը վատ է, չկա որևէ հետաքրքրություն կամ մոտիվացիա, նա ոչինչ չի ուզում անել, սրված դեպքերում մարդիկ նույնիսկ չեն ուտում, չեն գնում զուգարան, և փորկապություն է սկսվում: Քանի որ դեպրեսիան ունի նաև սոմատիկ դրսևորումներ։ Նկատվում է նաև կոնցենտրացիայի նվազում, ինքնագնահատականի և ինքնավստահության նվազում։ «Ես վատն եմ, ոչ ոքի պետք չեմ»: Մեղքի զգացում է առաջանում՝ «ինչո՞ւ եմ ես ծնվել», «ես մեղավոր եմ, եթե ես չլինեի, սա չէր լինի» և այլն: Ապագայի մասին որևէ ընկալում չկա, ապագան մռայլ է, իսկ կյանքը՝ խաբեություն։ Երբ դեպրեսիան խորանում է, մարդը սկսում է ինքն իրեն վնասել, ինքնասպանության մտքեր են առաջանում, և եթե չվերահսկվեն, այդ մտքերը կարող են հանգեցնել գործողության: Անքնություն, ախորժակի կորուստ…

Ի՞նչ պետք է անել, երբ ի հայտ են գալիս այս ախտանիշները:

– Եթե երկար ժամանակ հարազատ մարդը, հարևանը, ընկերը ցանկություն չունի ապրելու, ուրախանալու, շարժվելու, վայելելու։ Երբ ուրախ իրադարձությունները ոչ մի հույզ չեն առաջացնում, չեն ուրախացնում, երբ մոտիվացիա չկա, ոչինչ չի ուզում անել, հիմնականում նա ուզում է պառկել և քնել. սրանք բոլորն ազդանշաններ են, որ մարդ ունի դեպրեսիվ խանգարում: Կա հետծննդյան դեպրեսիա, որը նույնպես շատ խորն է։ Երբ այս ախտանիշները նկատվում են, անհրաժեշտ է դիմել հոգեբանի։ Եթե այս վիճակը նոր է, հոգեբանը թերապիայի օգնությամբ քեյս է կազմում և սկսում աշխատել դեպրեսիայի այս ախտանիշների հետ։ Եթե հոգեբանը զգում է, որ վիճակը վատացել է, նա ուղղորդում է նյարդաբանի մոտ։ Նյարդաբանն իրավունք ունի նշանակել հակադեպրեսանտներ: Հակադեպրեսանտներին զուգընթաց աշխատում է նաև հոգեբանը։ Տեղի են ունենում թերապևտիկ սեանսներ, որոնց արդյունքը եզրակացությունն է, թե ինչու է սկսվել դեպրեսիան, մենք հասկանում ենք դեպրեսիայի աղբյուրը։ Պետք է կարգավորել քունը, սնունդը, որպեսզի մարդը ֆիզիկապես ի վիճակի լինի լուծել հոգեբանական խնդիրները։ Իսկ երբ դեպրեսիան շատ խորն է լինում, դիմում ենք հոգեբույժի։ Որովհետև, եթե դեպրեսիան խորանա, այն կարող է վերածվել հոգեկան խնդրի: Այսինքն՝ հոգեբանն աշխատում է միայնակ, ինչպես նաև՝ նյարդաբանի կամ հոգեբույժի հետ։

Ինչպե՞ս կարելի է առանց հոգեբանի միջամտության օգնել խորը դեպրեսիա ունեցող մարդուն։

– Տնային պայմաններում դա անհնար է: Որովհետև տանը նրանք լրիվ հակառակ դրսևորումներ են ցույց տալիս։ Դեպրեսիվ մարդը չի ցանկանում շփվել որևէ մեկի հետ։ Չի ուզում տեսնել կամ լսել որևէ մեկին: Բայց մեր հասարակությունը կարծում է, որ պետք է այս մարդկանց համար տոներ կազմակերպել, հարևանների հետ հավաքույթներ կազմակերպել, տանից հանել, գործի դնել, և այս ամենը կանցնի։ Նրանք կարող են զբաղվել այս ամենով, բայց միևնույն ժամանակ թաքցնում են իրենց դեպրեսիան։ Հենց դեպրեսիվ մարդը մենակ է մնում, դեպրեսիվ ֆոնը գլուխ է բարձրացնում: Կամ կարող է մի պահ առաջանալ մանիակալ հոգեվիճակ, և նա դառնա լիարժեք մարդ և նույնիսկ ավելին, բայց հենց ավարտվում է այդ մանիակալ շրջանը, մարդն ընկնում է ավելի խորը դեպրեսիայի մեջ։ Թաքցնելով դեպրեսիան՝ այն վերածում են քրոնիկ դեպրեսիայի։ Եվ բնականաբար, ինչպես մյուս քրոնիկ հիվանդությունները, շատ ավելի դժվար է բուժվում կամ ընդհանրապես չի բուժվում։ Մենք պետք է խնդրին նայենք տետ-ա-տետ։ Այն պետք է ընկալել որպես սովորական հիվանդություն ու բուժել, այլ ոչ թե թաքցնել՝ մտածելով ինքն իրեն կանցնի։ Սա ճիշտ չէ, դեպրեսիան ինքն իրենով չի անցնում:

Կարո՞ղ է մարդ ինքն իրեն օգնել դեպրեսիայի ժամանակ:

– Ինքդ քեզ օգնելը նշանակում է գիտակցել, որ կա դեպրեսիա, և որոշումը պետք է կայացվի ինքնուրույն՝ դիմել բժշկի: Դեպրեսիան, ի տարբերություն այլ հոգեբանական խնդիրների, չի կարող լուծվել խնամողի կողմից: Այսինքն, եթե 20-30 տարեկան մարդու մայրը գա ինձ մոտ՝ հոգեբանիս մոտ, և ասի, որ իմ երեխան դեպրեսիա ունի, աշխատիր նրա հետ, ես չեմ աշխատի։ Որովհետև ինքը պետք է դեպրեսիան ընկալի, և որոշումը պետք է լինի իրենը։ Որովհետև թերապևտիկ սեանսի ժամանակ մարդն ինքը պետք է լուծի իր խնդիրը։ Հոգեբանը ոչինչ չի կարողանա անել, եթե մարդը չցանկանա փոխել իր կյանքի որակը։ Դեպրեսիա ունեցող մարդկանց նշանակում են հակադեպրեսանտներ, որոնք հակված են հանդարտեցնել ախտանիշները, այդպիսով մարդը չի զգում դեպրեսիան, սա վերաբերում է նաև խուճապային գրոհներին, խնդիրը չի մշակվում, մարդը չի ընդունում և չի հաղթահարում այն։

Ախալքալաքում դեպրեսիան տարածվա՞ծ է:

– Ախալքալաքում դեպրեսիան շատ տարածված է, ամենից շատ կանանց մոտ է: Սա ես դիտարկումների հիման վրա եմ ասում։ Քանի որ կանայք ճնշում են իրենց զգացմունքները: Կան բազմաթիվ տաբուներ, որ կինը պարտավոր է անել: Շատ են «չի կարելիները»: Մարդիկ իրենց գցում են այդ «չի կարելիների» մեջ: Եվ այս ամենը հանգեցնում է դեպրեսիայի: Եթե մարդը տխուր է, նա չպետք է լացի, չպետք է ցույց տա դա: Այս ամենը թույլ չի տալիս մարդուն զգալ իր էմոցիաներն ու ապրել դրանցով։ Մեր հասարակությունը մեծ ճնշում է գործադրում մարդկանց վրա, և նրանք ճնշում են իրենց էմոցիաները։ Հաճախ ընտանիքի անդամները չեն ցանկանում ընկալել և հասկանալ մարդու հոգեբանական վիճակը, չեն ընկալում այն այնպես, ինչպես կա, նույնիսկ դեպրեսիվ խանգարման դեպքում։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր ամենախոր դեպրեսիայի մեջ են, նրան ստիպողաբար քնեցնում են, 20 տարեկան աղջիկ է, նրան ստիպողաբար կերակրում են, մարմնի վրա կապտուկներ կան։ Իսկ նրա հարազատները արդարանում են՝ ասելով, որ այլ կերպ չեն կարող։ Բայց նրանք պատրաստ չեն այս խնդրին առերեսվել, լուծել այս խնդիրը, նրան տանել մասնագետի մոտ: Այս ամենը վախի պատճառով է, որ հասարակությունը կիմանա, որ իրենց երեխան «հոգեկան հիվանդ է»։ Ամեն դեպքում հոգեբանի կամ հոգեբույժի դիմելն արդեն արատ է դիտարկվում։ Եվ ասես այս «հոգեկան հիվանդը» հասարակության անդամ չէ, մերժյալ է։ Այսինքն՝ մեր հասարակությունը մարդուն մղում է ինքնասպանության։